Ստեփանոս Սյունեցի
13-14․ Հրեաների զատիկը մօտ էր, եւ Յիսուս Երուսաղէմ ելաւ: Եւ տաճարի մէջ գտաւ նրանց, որ վաճառում էին արջառներ, ոչխարներ եւ աղաւնիներ, ինչպէս նաեւ՝ լումայափոխներ, որ նստած էին:
«Հրեաների Զատիկը մոտ էր, և Հիսուս Երուսաղեմ ելավ: Եվ տաճարի մեջ գտավ նրանց, որ վաճառում էին արջառներ, ոչխարներ և աղավնիներ»:
Հովհաննես ավետարանիչը [իբրև] Հիսուսի երկրորդ գործ՝ այս է պատմում, իսկ մյուս ավետարանիչները այս պատմեցին վերջում: Եվ թվում է, թե [Հիսուս] այս արեց երկու անգամ. առաջինը, որ պատմում է Հովհաննեսը, և երկրորդը՝ երեք ավետարանիչները:
«Արջառը» խորհրդանշում է երկրայիններին, և նրանց, որ միայն երկրայինի մասին են խորհում ու խոկում: «Ոչխարը» խորհրդանշում է անմիտ հոգիներին, ովքեր կեղծավոր են և թվացյալ հեզություն են [ցույց տալիս], սակայն [այդպիսին] չեն: «Աղավնին» նա է, ով թեթևամտորեն ու դյուրությամբ շրջվում է [ճշմարիտ] վարդապետությունից դեպի այլ վարդապետություններ: Լումայավաճառները և պղնձավաճառները նրանք են, ովքեր սրտով սուրբ չեն:
Մաղաքիա արք. Օրմանյան
13-25․ Հրեաների զատիկը մօտ էր, եւ Յիսուս Երուսաղէմ ելաւ: Եւ տաճարի մէջ գտաւ նրանց, որ վաճառում էին արջառներ, ոչխարներ եւ աղաւնիներ, ինչպէս նաեւ՝ լումայափոխներ, որ նստած էին: Եւ չուանից խարազան շինեց ու բոլորին տաճարից դուրս հանեց. նաեւ՝ ոչխարներն ու արջառները. իսկ լումայափոխների պղնձադրամները ցիր ու ցան արեց եւ նրանց սեղանները շուռ տուեց: Իսկ աղաւնի վաճառողներին ասաց. «Դրանք այստեղից վերցրէ՛ք եւ իմ Հօր Տունը վաճառատան մի՛ վերածէք»: Նրա աշակերտները յետոյ յիշեցին, որ գրուած է. «Քո Տան նկատմամբ իմ նախանձախնդրութիւնը ինձ պիտի ուտի»: Հրեաները նրան ասացին. «Ի՞նչ նշան ցոյց կը տաս մեզ, թէ իրաւունք ունես այդ բանն անելու»: Պատասխանեց նրանց Յիսուս եւ ասաց. «Քանդեցէ՛ք այդ տաճարը, եւ երեք օրուայ ընթացքում այն կը վերականգնեմ»: Հրեաները նրան ասացին. «Քառասունվեց տարում շինուեց այս տաճարը, իսկ դու երե՞ք օրում այն վերականգնում ես»: Բայց նա իր մարմնի տաճարի մասին էր խօսում: Իսկ երբ մեռելներից յարութիւն առաւ, նրա աշակերտները յիշեցին, թէ այդ է, որ ասել էր. եւ հաւատացին Գրքին ու այն խօսքին, որ Յիսուս ասել էր: Եւ երբ Յիսուս զատկի տօնին Երուսաղէմում էր գտնւում, շատեր հաւատացին նրան, քանի որ տեսնում էին այն նշանները, որ կատարում էր: Բայց Յիսուս անձամբ վստահութիւն չունէր նրանց նկատմամբ, որովհետեւ ինքն ամենքին ճանաչում էր եւ կարիք չկար, որ որեւէ մէկը վկայէր մարդու մասին, քանի որ ինքն արդէն գիտէր, թէ ինչ կար մարդու հոգու մէջ:
Հիսուս Կափառնայումից Երուսաղեմ եկավ մարտի վերջերին, որովհետև զատկի համար եկողները պետք է մի օր առաջ գտնվեին Երուսաղեմում՝ օրինական և տօնական պատրաստությունները կատարելու։ Ավետարամիչը պարզապես գրում է. Եվ ել Հիսուս Երուսաղեմ. ոչ մոր, ոչ եղբայրների և ոչ էլ հետևողների միատեղ եկած լինելու մասին չի ակնտրկվում, և, թեպետ հետո մի անգամ հիշատակվում է աշակերտների մասին, սակայն ուրիշների ներկայության մասին չի հայտնում, և այս հարցը որոշակի լուծում չի ստանում։ Մյուս կողմից, որքան էլ Հիսուսի աշակերտները դեռ հաստատուն կերպով իր հետ չէին շրջագայում, բայց կարևոր առիթներով նրա մոտ էին գալիս, իսկ զատկի առթիվ, անկասկած, իրենք էլ, իբրև բարեպաշտ անձիր, եկել էին Երուսաղեմ իրենց ուխտը կատարելու համար: Հիսուսի զատկական օրինակատարության պարագաների մասին չի պատմվում, այլ միայն հիշատակվում է սաստիկ նախանձահույզ մի միջադեպ:
Զատկական օրինակատարության պարտադիր պայմանների մեջ էին մտնում նախընթաց երեկոյի գաոնազենությունը, տոն օրվա առավոտյան կատարվելիք զոհը և տաճարին տրվելիք դրամական նվերը: Ընթրիքի համար նախատեսված տարեկան գառները, զոհի համար ընտիր ոչխարներ, արջառներ և աղավնիներ, իսկ նվերի համար զուտ հրեական դրամներ էին հարկավոր, որպեսզի խորշեին հեթանոսականներից, և այդ նպատակով Երուսաղեմում մեծ առևտուր էր կազմակերպվում, որը ավելի դյուրին դարձնելու համար կատարվում էր տաճարի մոտակայքում: Տաճարի վերակացուները, տաճարի ներքին բակերն ու գավիթները շուկայի վերածելով, իսկ իրենք էլ առևտրի գլուխ անցնելով կամ առևտրականներ վարձելով, այդ առիթը իրենց շահի աղբյուրն էին դարձրել: Երբ Հիսուս Երուսաղեմ հասավ, նրա աչքերի առջև բացվեց այդ տգեղ տեսարանը, Աստծո տան այդ անարգանքը շարժեց նրա նախանձահուզությունը: Սկզբում, իհարկե, նա դիտողություններ արեց, ազդարարեց ու հանդիմանեց, և երբ որ տեսավ, որ իրեն լսող չկա, մի չվան իր ձեռքը վերցրեց, ոլորեց այն խարազանի նման և ոչխարներին ու արջառներին քշելով տաճարի բակից դուրս հանեց. Ավետարանը չի ասում թե վաճառողներին էլ գանակոծեց: Շուռ տվեց լումայափոխների սեղանները, իսկ պղնձե դրամները ցիր ու ցան արեց, աղավնի վաճառողներին ստիպեց, որ ապրանքները դուրս տանեն, և աղավնիներին արձակել տալով՝ նրանց տերերին ցանկացավ զրկել իրենց վաստակածից։ Այդ գործողությունների ընթացքում Հիսուս շարունակ կրկնում էր․ «Այս տաճարը Աստծո տունն է, իմ Հոր տունն է, աղոթքի տեղ է, և առևտրի տեղ չէ, իսկ դուք այն շուկայի և վաճառատան եք վերածել․ ելեք, վերցրեք ձեր ապրանքները, և գնացեք ուրիշ տեղ վաճառեցեք»։ Հրեաները Հիսուսի համարձակությունը տեսնելով, սկսեցին դիմադրել Նրան, պատճառաբանելով, որ Նա դրա իրավունրք չունի և չպետք է խառնվի այդ գործին, քանի որ տաճարն իր վերակացուներն ունի: Պատասխանելով նրանց, Հիսուս հիշեցրեց Իր գերագույն իշխանության մասին, որպես Աստուծո կողմից առաքված ուղղություն ցույց տալու և հաստատելու համար: Նրա վրա տեսնված հոգու և զորության առջև պատկառանք զգալով, հրեաները չկարողացան ժխտել Հիսուսի խոսրք, այլ միայն պահանջեցին, որ հրաշքով կամ երկնային նշանով հաստատի, որ Ինքն իսկապես Աստուծո կողմից է առաքված: Հիսուս փոխադարձաբար չանարգեց նրանց առաջարկը, այլ համակերպելով՝ ասաց. «Եթե քանդեք այս տաճարը, Ես կվերականգնեմ այն երեք օրվա ընթացրում»։ Հրեաները կարծեցին, որ Հիսուս նկատի ունի Երուսաղեմի տաճարը, որի բակում էին գտնվում և ծաղրելով Հիսուսի խոսքը՝ ասացին. «քառասունվեց տարում շիՆվեց այս տաճարը, Դու ինչպե՞ս պետր է երեք օրում կարողանաս կառուցել»: Այստեղ ավարտվում է Ավետարանի պատմությունը, և գրված չէ, թե Հիսուս ինչ է պատասխանում հրեաներին։
Նախ տաճարի շինության քառասունվեց տարիները չպետք է շփոթել Բաբելոնի գերությունից հետո Զորաբաբելի շինած երկրորդ տաճարի կառուցման տարիների հետ: Իր իշխանությունը փառավորելու և հրեաների համակրանքը շահելու համար Հերովդեսն իր թագավորության 16-րգ տարում, այն է մ.թ.ա. 19 թ․, որպես փոքրիկ և անշուք շինվածք, քանդել տվեց Զորաբաբելի տաճարը և հիմքից սկսած Սողոմոնի տաճարի նման ընդարձակ և փառավոր շինություն կանգնեցրեց: Թեպետ տաճարի գլխավոր մասերը շուտով ավարտվեցին, և տաճարը սկսվեց գործածվել, սակայն հարդարանք ու զարդարանքները շատ երկար տևեցին և մինչև Հիսուսի օրերը, և դրանից հետո էլ բավական երկար տարիներ շարունակվեցին: Տաճարում այդ միջադեպը տեղի ունեցավ մ.թ. 27 թվականին, սրան գումարելով Քրիստոսից 19 տարի առաջ սկսած շինարարակասն աշխատանքները, ստանում ենք 46 տարի: Ահա այս պարագայի վրա էին հրեաները Հիսուսին ասում թե՝ «Այս, որ տեսնում ես, 46 տարիների ընթացքում կառուցվեց և նորից հնարավոր չէ կառուցել երեք օրվա ընթացքում»:
Տաճարի բակից վաճառողներին արտաքսելու գործողությունը Հովհաննես ավետարանիչը առաջին զատկի մեջ է ներկայացնում, մինչ մյուս ավետարանիչները նույն պատմությունը ներկայացնում են չորրորդ զատկի առիթով Մատթ. 21։12, Մարկ. 11։15 , Ղոլկ. 19։45, այստեղից էլ ոմանք ցանկացան այդ դեպքի վրա անստուգության կամ շփոթության կասկածներ հարոլցել: Սակայն մեզ ոչինչ չի խանգարում ասելու, թե այս գործողությունները կատարելուց հետո, Հեսուս կրկին նմանօրինակ նախանձահուզություն դրսևորեց և ոչ միայն առաջին և չորրորդ զատիկների ժամանակ, այլ գուցե ուրիշ պարագաների մեջ էլ Նա գործնականորեն պաշտպանեց տաճարի նվիրականությունը: Կայիափայի ատյանի առջև Հիսուսի այդ խոսքերը իբրև հայհոյություն և մահապարտության փաստ հիշվելու ժամանակ Մատթ. 26։61, Մարկ. 14։58, չնշվեց տարին և թե որերոդ անգամն էր, ինչը և հաստատում է, թե Հիսուս այդ խոսքը ոչ թե մեկ անգամ անցողիկ կերպով է ասել, այլ հաճախ է կրկնել և ծանոթ եղելություն դարձել: Իսկապես, այս առիթով մյուս ավետարանիչները չեն հիշատակում տաճարի շինության ակնարկի մասին, բայց հիշատակում են ամբաստանության առթիվ այն, ինչ որ Հովհաննես ավետարանիչը դեպքերի կատարման ընթացքում է հիշատակում, և այդպիսով նույն իրողության և նույն խոսակցության վերաբերյալ բոլոր ավետարանիչները համաձայնվում են:
Սակայն Հիսուսի խոսքը Երուսաղեմի տաճարը վերականգնելու մասին չէր, այլ Իր մարմնի խորհրդական տաճարը մահվանից երեք օր հետո հարությամբ վերականգնելու մասին էր և ինչպես Հովհաննես ավետարանիչն էլ խոստովանում է, իրենք էլ Քրիստոսի հարությունից հետո հասկացան խոսքի իմաստն ու տեսան խոսքի հաստատումը, և մի անգամ ևս ամրացրին իրենց հավատքը Քրիստոսի վրա: Նույն կերպով Հիսուսի ցուցաբերած նախանձահուզության մասին էլ հիշեցին և համոզվեցին, թե այն կանխապես եղած մեսիական մարգարեության կատարումն էր. «Քո տան նախանձախնդրությունը պիտի ուտի ինձ», որ է Սողոմոնի խոսքը. «Քո տան նախանձը կերավ ինձ» Սաղ. 68։16:
Զատիկի պատմությունը լրացնելու համար ավետարանիչը ավելացնում է, որ այդ ընթացքում Երուսաղեմում Հիսուս շատ հրաշքներ գործեց, որ հրաշքներ տեսնողները զարմացան և սկսեցին հավատալ Հիսուսին, թե նա ինքն է խոստացյալ Մեսիան և Հիսուսին հետևելու ցանկություն հայտնեցին։ Բայց ամեն մեկին Հիսուս չէր վստահում և հավատ չէր ընծայում նրանց խոսքերին, քանզի յուրաքանչյուրի զգացումներն ու միտքը իմանալու համար նրան պետք չէր խոսքեր լսել, նա թափանցում էր մարդու ներսը և սիրտը քննելով իմանում, թե ինչ կա ամեն մեկի ներսում և թե ինչ է անցնում յուրաքանչյուրի մտքով: Այս բացատրություններով ավետարանիչը մեկ կսղմից բարձրացնում է Հիսուսի անձը և ակնարկում նրա աստվածային կատարելությունը, իսկ մյուս կողմից ցանկանում է հասկացնել, որ հրեաները Հիսուսի մասին անհաստատ կարծիք ունեին․ երբ հրաշքներ էին տեսնում, հիանում և բարձրացնում էին, և իբրև Մեսիա էին ընդունում նրան, բայց քիչ հետո ամեն բան մոռանալով հակառակվում էին ու դավաճանում:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: