Մաղաքիա արք. Օրմանյան
Դրանից յետոյ հրեաների տօնն էր, եւ Յիսուս Երուսաղէմ ելաւ:
Հիսուսի կյանքին ու գործերին առնչվող հարցերից գլխավորը, Նրա հրապարակային գործունեության տևողությունը ճշտելու խնդիրն է՝ թե որքա՞ն ժամանակ անցավ Հիսուսի մկրտությունից մինչև մահը։ Ավետարանիչներից առաջին երեքը՝ Մատթեոսը, Մարկոսն ու Ղուկասը, հրաշքներն ու քարոզությունը իրար միախառնված են պատմում առանց ժամանակագրական ակնարկների և առանց տոների հիշատակության՝ վերջում միայն մեկ զատիկ հիշելով Մատթ. 26։17, Մարկ. 14։1, Ղուկ. 22։1։ Եվ այսպիսով, թվում է, թե Հիսուս միայն մեկ տարվա ժամանակահատվածում ավարտեց Իր հրապարակային գործունեությունը։ Եվ իրոք, այս ենթադրությունը ընդունողներ ու պաշտպանողներ էլ եղան, որը սակայն չի ընդունվում, երբ ի նկատի ենք առնում նաև Հովհաննեսի Ավետարանը։
Հովհաննես Ավետարանիչը իր պատմության հերթագայության մեջ զանազան տոներ է հիշատակում։ Նախ՝ մեկ Զատիկ մկրտությունից անմիջապես հետո 2։13, որի մասին արդեն խոսեցինք (Հովհ․ 2։1-11), հետո մեկ տոն 5։1, որի վերաբերյալ պիտի խոսենք այստեղ, այնուհետև մեկ այլ Զատիկ ևս 6։4, հետո Տաղավարահարաց տոնը 7։2, Նավակատյաց տոնը 10։22 և այս ամենից հետո վերջին Զատիկը 14։1։ Այս հիշատակությունները ճշգրիտ կերպով կարտահայտեին Հիսուսի հրապարակային գործունեության տևողությունը, եթե «յետ այսորիկ տօն էր հրէից» խոսքի մեջ Ավետարանիչը մեկ բառ ավելի դրած և տոնի անունը տված լիներ, որով մեկնիչները դժվարին և անել խնդիրների պիտի չմատնվեին։ Բայց այժմ ավելի ողջախոհ և ընդունելի մեկնիչների մեջ ևս կարծիքների տարաձայնություն կա, և գրեթե բոլոր տոների վերաբերյալ մեկնողական ենթադրություններ կան, որոնց մեջ հետամուտ լինելու անհրաժեշտություն չենք զգում։
Գլխավոր մեկնությունները երկուսն են՝ մեկը տոն ասելով Զատիկն է հասկանում, մյուսը նախընտրում է այն համարել Փուրիմի կամ Վիճակաց տոնը։ Երկու մեկնությունների պատճառն այն է, որ Հիսուսի հրապարակային գործունեության տևողությունը մեկ տարվա տարբերություն ունի։ Առաջին կարծիքով այն տևել է երեք տարի և երեք ամիս, իսկ վերջին ենթադրությամբ՝ երկու տարի և երեք ամիս։ Մեր կարծիքով նախադասելի է առաջին ենթադրությունը և սույնը հիմք ընդունելով էլ կազմել ենք մեր ՀԱՄԱՊԱՏՈՒՄԸ։
Մեր կարծիքի գլխավոր փաստը ավանդական, հաստատուն և ընդհանրացած տեսություն է, ըստ որի Հիսուսի քարոզությունը տևեց երեք տարի և երեք ամիս։ Այս տեսությունը ծագում է առաջին դարերի Սուրբ Հայրերի գրքերից և ավանդություններից, որին որպես նախահայր ճանաչվում է Սուրբ Երանոս (Իրենեոս) հայրապետը, որ ապրեց երկրորդ դարում և կոչվեց ու եղավ հետևող առաքյալներին։
Մեր կարծիքին նպաստում է նաև տոն անվանումը, որ պարզապես հիշատակված ժամանակ գլխավոր և գերագույն տոնը միայն կարող է նշանակել, որը Զատիկն է։ Եվ նույն Հովհաննես Ավետարանիչը ճիշտ այդ իմաստով էլ օգտագործել է այն. «Զի տեսեալ ևս էր զամենայն նշանսնն, զոր արար յԵրուսաղէմ ի տօնին, քանզի եւ նոքա եկեալ էին ի տօնն» Հովհ. 4։45, որտեղ հայտնապես ուզում է ակնարկել նախընթացաբար հիշված Զատիկը և այդ առիթով եղած հրաշքները Հովհ. 2։23։
Մեր կարծիքին նպաստում է նաև այն հանգամանքը, որ Ավետարանիչը այնպիսի մի տոնի մասին է ուզում ակնարկել, որը ստիպեց Հիսուսին Երուսաղեմ գնալ. «Յետ այսորիկ տօն էր հրէից, եւ ել Յիսուս յԵրուսաղէմ» Հովհ. 5։1։ Արդ՝ միայն զատիկի տոնն էր, որ հրեաներին պարտավորեցնում էր Երուսաղեմ գնալ, որպեսզի օրենքի հրամայած զոհն էլ մատուցեն։
Ընդհակառակը, Փուրիմ կամ Վիճակաց տոն կոչվածը ո՛չ զոհագործության պարտադրանք ուներ, ո՛չ Երուսաղեմ գնալու անհրաժեշտություն էր սահմանում և ո՛չ իսկ տոն կոչվելու աստիճանի նշանավոր մի երևույթ էր։ Փուրիմը մովսիսական օրենքով չէր հաստատվել, այլ Եսթերի օրոք, Համանի թշնամությունից ազատվելու տարեդարձն էր։ Համանը վիճակ նետելով ուզում էր իր թշնամության օրը որոշել. «Անկաւ վիճակն ի չորեքտասան ամսոյն Արդար» Եսթ. 3։9։ Այս պատճառով հրեաները սկսեցին Ադար ամսի 13-ին ծոմ պահել և Ադարի 14-ին ուրախություններ կատարել. «Հրէայքն ընդ ամենայն երկիր եւ ընդ գաւառս առնէին տօնս ուրախութեան զօրն չորեքտասներրորդ Ադար ամսոյն» Եսթ. 9։19։ Այդ ուրախությունները չափազանցվում և սատուրնական ու բագոսական ծայրահեղությունների էին հասնում, հարգանքի արժանի նկարներ էին կախում և այրում՝ իբրև Համանի պատկերը և կրոնական վայելչություններն էլ ամբողջությամբ անարգվում էին։ Անշուշտ, այսպիսի մի տոնը չէր կարող Հիսուսին առիթ լինել, որպեսզի հատկապես այն կատարելու համար անհրաժեշտություն զգար Երուսաղեմ գնալ։
Հակառակ կարծիքի պաշտպանները նկատել են տալիս, որ Հովհաննես Ավետարանիչը, երբ Զատիկի մասին խոսք է լինում, այն հայտնապես նշում է 2։13, 2։23 6։4, 11։55, 12։1,13։1, նույն կերպով հիշատակած կլիներ, եթե ցանկանար Զատիկի մասին խոսել։ Սակայն մեկ այլ տոն հիշած ժամանակ, Հովհաննեսը նշում է այդ տոնի անունը, ինչպես Տաղավարահարաց 7։2 և Նավակատյաց 9։22 տոները։ Ուստի, եթե ցանկանար Վիճակաց տոնը հասկացնել, այն անպայման պետք է հիշատակեր։ Մինչ ընդհակառակն, արդեն տեսանք, որ լոկ տոն ասված ժամանակ, հատկապես Զատիկն է հասկացել 4։45, 12։12, 12։20։ Նույն կերպ են վարվել նաև մյուս ավետարանիչները Մատթ. 27։15, Մարկ․ 15։6, Ղուկ. 23։10։
Հակառակ տեսակետը պաշտպանողները ևս նկատել են տալիս, որ Հովհաննեսը անմիջապես մյուս գլխի սկզբում Զատիկի հիշատակությունն է անում 6։4 և եթե այստեղ հիշված տոնը 5։1 ևս Զատիկն ընդունենք, ապա իրար հետևից երկու Զատիկներ հիշված կլինեն, առանց միջանկյալ տարվա պատմությունը ներկայացնելու։ Սակայն Հովհաննեսն էլ պատմությունը ժամանակագրական եղանակով չի գրել, այլ միայն մտադրություն է ունեցել մյուս ավետարանիչների կողմից չպատմված կետերը լրացնել։ Եվ եթե ուշադիր զննենք, ապա կտեսնենք, որ Գալիլիայում կատարված գործերից շատ քիչ բան է հիշում և գլխավորապես տոնական առիթներով գործերն է պատմում՝ ավելի նույն առիթներով մեկնաբանված վարդապետությունները ներկայացնելու մտադրությամբ։ Եվ, եթե երկրորդ Զատիկից երրորդ Զատիկ միջանկյալ տարվա մասին Հովհաննեսը ոչինչ չի պատմում, մենք մյուս ավետարանիչներից շատ բան ունենք պատմված, որոնք իրենց հերթին պիտի ներկայացնենք։
Մեր պաշտպանած տեսակետին ի նպաստ առաջադրված պատմական տեսությունների վրա, եթե ներվի մի մարգարեական վկայություն էլ ավելացնել, ուզում ենք հիշեցնել, թե Դանիելի «կէս եօթներորդին» Դան. 9։6 մեկ խոսքը բոլոր մեկնիչների կողմից Հիսուսի փրկագործ հրաշքների և քարոզության ժամանակի համար է մեկնվում։ Եվ մեկ «կէս եօթներորդին» երեքուկես տարի է, որը պատշաճում և համապատասխանում է Հիսուսի հրապարակային գործունեությանը տրված երեք տարի և երեք ամիս տևողությանը։
Ըստ այսմ երկրորդ Զատիկին, Հիսուսի հրապարակային գործունեությունից մեկ տարի և երեք ամիս անցած կունենանք, որը Հռոմի 781, քրիստոսյան թվականի 28 և Հիսուսի կյանքի 32-րդ տարվա ապրիլ ամսի սկիզբն է լինում։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: