Մաղաքիա արք. Օրմանյան
14-31. Տօնակատարութեան կէսին Յիսուս տաճար ելաւ եւ ուսուցանում էր: Հրեաները զարմանում էին ու ասում. «Սա ինչպէ՞ս գիտէ Գրուածքները, քանի որ բնաւ չի սովորել»: Յիսուս նրանց պատասխան տուեց ու ասաց. «Իմ ուսուցումն իմը չէ, այլ՝ նրանը, ով ինձ ուղարկեց: Եթէ մէկը ուզում է նրա կամքը կատարել, կ՚իմանայ այս ուսուցման մասին, թէ Աստծո՞ւց է արդեօք, թէ՞ ես ինքս ինձնից եմ խօսում: Ով ինքն իրենից է խօսում, իր համար է փառք փնտռում, իսկ ով փնտռում է նրա՛ փառքը, ով իրեն ուղարկել է, նա ճշմարիտ է, եւ նրա մէջ սուտ բան չկայ: Օրէնքը ձեզ Մովսէսը չտուե՞ց, բայց ձեզնից ոչ ոք Օրէնքը չի կատարում: Ինչո՞ւ էք ուզում ինձ սպանել»: Ժողովուրդը պատասխան տուեց ու ասաց. «Քո մէջ դեւ կայ, ո՞վ է ուզում քեզ սպանել»: Յիսուս պատասխան տուեց նրանց ու ասաց. «Մի գործ արեցի, եւ ամէնքդ զարմացել էք: Մովսէսը դրա համար ձեզ տուեց թլփատութիւնը (թէեւ այդ ոչ թէ Մովսէսից էր, այլ՝ հայրերից): Եւ շաբաթ օրով մարդ էք թլփատում: Իսկ արդ, եթէ մարդը շաբաթ օրով թլփատւում է, որպէսզի Մովսէսի Օրէնքը չխախտուի, իմ վրա՞յ էք բարկացած, որ շաբաթ օրով մի ամբողջ մարդ բժշկեցի: Աչքներիդ երեւացածի պէս մի՛ դատէք, այլ ուղի՛ղ դատաստան արէք»: Երուսաղէմացիներից ոմանք ասում էին. «Սա չէ՞ նա, որին ուզում էին սպանել: Իսկ ահաւասիկ բացայայտօրէն խօսում է, եւ դրան բան չեն ասում. գուցէ արդարեւ իշխանաւորներն էլ ճանաչեցին, թէ սա՛ է Քրիստոսը: Բայց մենք սրան գիտենք, թէ որտեղից է. իսկ Քրիստոս երբ որ գայ, ոչ ոք չի գիտենայ, թէ որտեղից է»: Յիսուս աղաղակեց տաճարի մէջ, ուսուցանում էր եւ ասում. «Ե՛ւ ինձ գիտէք, ե՛ւ գիտէք որտեղից եմ. ինքս ինձ չեմ եկել, այլ ճշմարիտ է նա, ով ինձ ուղարկեց. նա, որին դուք չգիտէք: Ես գիտեմ նրան, որովհետեւ նրանից իսկ եմ, եւ նա՛ ուղարկեց ինձ»: Ուզում էին նրան բռնել, բայց ոչ ոք նրա վրայ ձեռք չդրեց, որովհետեւ նրա ժամանակը դեռ չէր հասել: Սակայն բազմութեան միջից շատերը հաւատացին նրան եւ ասում էին. «Երբ Քրիստոսը գայ, միթէ աւելի՞ նշաններ պիտի անի, քան սա է անում»:
Մինչ այս, մինչ այն, երբ ժողովրդի մեջ տաք վիճաբանություններ էին լինում Հիսուսի վերաբերյալ և տաղավարահարաց տոնի կեսը, այսինքն՝ չորրորդ օրն էլ հասել էր, ահա հանկարծ Հիսուս երևում է Երուսաղեմի տաճարում և ժողովրդի մշտական հավաքատեղի Սողոմոնյան Սրահում արձակ-համարձակ կրկնում է Իր վարդապետությունները։ Ժողովուրդը հավաքվում է չորս կողմում, հանդարտությամբ լսում, երկար ժամեր համբերությամբ ունկնդրում, հիանում և զարմանում։ Ի՞նչ էին Հիսուսի խոսածները, ի՞նչ կետեր էր պարզաբանում, ի՞նչ մարգարեություններ էր մեկնում և ի՞նչ խրատներ ավանդում։ Հովհաննես Ավետարանիչը, որ Երուսաղեմի իրադարձությունների միակ պատմողն է, մեզ չի բացատրում այս ամենը։ Անշուշտ Հիսուսի քարոզությունների թեման Սուրբ Գրքի մարգարեական պատգամներն էին, որովհետև ժողովուրդը զարմանքով մտածում էր․ «Այդ մարդը, որ օրենքի ուսմանը չի հետևել, ինչպե՞ս կարող է ամբողջ Սուրբ Գիրքն իմանալ»։ Այդ խորհրդածությունն ավելի վայելում է երուսաղեմցիներին, քան գալիլիացիներին։ Գալիլիացիները տարիներով լսել էին Հիսուսի քարոզները և առանց հակառակվելու Ռաբբի կամ Վարդապետ անունն էին տվել Նրան։ Երուսաղեմցիները, դպիրների, օրինականների և քահանաների կենտրոնը և իրենց դպրոցներից դուրս եկողներին էին միայն օրենսգետ և ուսյալ ճանաչում, և իրավամբ զարմանում էին, երբ տեսնում էին հյուսն Հովսեփի որդուն, հյուսնի աշակերտ գալիլիացի Հիսուսին, որ Սուրբ Գրքի մասին խոսում ու ճառում էր իրենց բոլոր դպիրներից ու օրինականներից ավելի բարձր և ավելի լայն հմտությամբ։
Հիսուս լսում է այս դիտողությունները և քարոզություններին զուգահեռ ուզում է նաև նրանց մտքի կասկածը փարատել և Իր ինքնության վերաբերյալ լուսավորել նրանց միտքը։ Ասում է․ «Իմ վարդապետութիւնս չէ իմ» , այսինքն՝ «Իմ իմացածն ու քարոզածը իմ աշխատանքով ստեղծված վարդապետություն չէ, արհեստական և մարդկային չէ իմ գիտությունը, այլ ճշմարիտ և աստվածային։ Վարդապետածս էլ իմ անձնականը չէ, այլ ինձ առաքող Հայր Աստծո վարդապետությունն է։ Ով որ ուզում է Աստծո կամքի համաձայն գործել, նախ պետք է նկատի ունենա և իմանա, թե իմ խոսքերը Աստծո կողմից են և ոչ իմ անձնականը։ Սրա նշանը, քննությունն ու իմանալը շատ դյուրին է։ Ով իր անձնական կամքով է մի խոսք խոսում կամ մի գործ կատարում, նա իր հաճույքին է հետևում և իր փառքն է փնտրում։ Իսկ ով Աստծո կամքին է հետևում և Նրա փառքը փնտրում, նա Աստծո խոսքն է խոսում կամ գործը կատարում։ Եվ ով Աստծո կամքն ու խոսքն է քարոզում, նա ուղղամիտ, ճշմարիտ ու արդար է ու սուտ, խաբեություն և անիրավություն նրա վրա չի կարող գտնվել»։ Հիսուս այդ ոճով շարունակում է Իր քարոզությունը և միևնույն ժամանակ խոսում Իր անձի պաշտպանողականը, ակնարկում է Իր դեմ ունեցած հրեաների հակառակությունը և հերքում Իր վրա դրված Շաբաթ օրվա սրբությունը չպահելու ամբաստանությունը։
Երկրորդ Զատկից ի վեր Հիսուս Երուսաղեմnւմ չէր եկել․ 781 թվականի ապրիլից մինչև 782 թվականի հոկտեմբերը տասնութ ամիսներ էին անցել։ Երուսաղեմում Հիսուսի վերջին գործը շաբաթ օրով Պրոբատիկեի անդամալույծի բժշկելն էր եղել (Հովհ. 5:2-18) և այդ առիթով հարուցած գլխավորների հակառակությունն ու հալածանքը մնացել էր մտքներում, նաև չէր մոռացվել, որ այս պատճառով էր տրվել Հիսուսին սպանելու որոշումը Հովհ․ 5:18։ Հիսուսն էլ Իր քարոզությունը կամաց-կամաց այդ խնդրին էր մոտեցնում, օրինապահության վերաբերյալ է խոսում և, համեմատություն կատարելով, ասում է․«Մովսեսի օրենքը բոլորիդ էլ տրվել է, բայց բոլորդ էլ դեմ եք գործում Մովսեսի օրենքին։ Ուրեմն, ի՞նչ իրավունքով եք ինձ մեղադրում, թե Մովսեսի օրենքը չեմ պահում և որպես մի օրինազանցի ուզում եք ինձ սպանել»։
Հիսուս բացակա դպիրներին ու քահանայապետերին է ակնարկում։ Բայց ունկնդիր ժողովուրդը կարծեց, թե Իրեն է մատնանշում, որ ամենևին էլ Հիսուսին սպանելու երևույթը կամ կամքը չուներ։ Ասում են․ «Խե՞նթ ես, ի՞նչ է։ Ի՞նչ ես ուզում ասել։ Լա՛վ նայիր, քեզ այստեղ սպանել ցանկացող չկա»։
Հիսուս այդ ժողովրդային ընդմիջմանը նույնիսկ չի անդրադառնում, որն հետևանք էր պարզապես Իր խոսքերի ներքին իմաստը չհասկանալուն և, հետևաբար, շարունակում է շաբաթ օրով բժշկություն կատարած լինելու պաշտպանությունը․ «Ես մի բարի գործ կատարեցի, — ասում է, — և դուք ձեր ամբողջ զարմանքն այդ բանի վրա եք կենտրոնացնում և կարծում, թե այդ գործը օրինազանցություն է։ Մինչդեռ որևէ բարեգործություն օրինականություն է և ոչ օրինազանցություն։ Մովսեսի օրենքով հրամայված է ութերորդ օրը թլպատել նորածնին, թեպետև թլպատության այդ օրենքը Մովսեսով չի սկսել, այլ սկիզբ էր առել Մովսեսից առաջ եղած նահապետներից։ Արդ՝ արդյո՞ք ութերորդ օրը Շաբաթ օրվան զուգադիպելու ժամանակ, Շաբաթ օրով թլպատություն չեք կատարում։ Ուրեմն, եթե Մովսեսի մեկ օրենքը իրագործելու համար Շաբաթ օրով թլպատության բարի գործն եք կատարում և այն Շաբաթվա օրենքի դեմ զանցառություն չեք համարում, ինչու՞ եք ուրեմն ինձ մեղադրում, որ Շաբաթ օրով կատարյալ մարդ բժշկելու բարի գործը կատարեցի։ Ապա, ուրեմն, այդպես կուրորեն սոսկ արտաքին երևույթի վրա հիմնվելով մի՛ դատեք, այլ բոլոր կողմերից լավ կշռեցեք, որ ձեր կատարած դատաստանը ուղիղ և արդար լինի»։
Դարձյալ ունկնդիր ժողովրդի մեջ զարմանքն ու համակրանքը մեծանում է և ուխտավոր գավառացիներից բացի, այս անգամ հիշվում են նաև բնիկ երուսաղեմցիները։ Այդ վերջիններն ասում են․ «Ու՞ր մնաց մեր սինեդրիոնի հակառակությունն ու վճիռը, ու՞ր մնացին Հիսուսին գտնելու և սպանելու նրանց ջանքերը։ Ահա սա համարձակ հրապարակ է դուրս եկել, տաճարի սրահում Իր նախկին խոսքերն է կրկնում և ամենևին դիտողություն անող կամ բռնել ցանկացող չկա։ Միգուցե մեր մեծերն էլ համոզված լինեն, թե սա
ճշմարիտ Օծյալ Մեսիան և սպասված Փրկիչն է»։
Երբ ժողովուրդը մի կողմից այդ դիտողությունն է անում, մյուս կողմից հիշում է հնավանդ, նախապաշարյալ կարծիքը, թե Մեսիայի ով և որտեղից լինելը պիտի հայտնի չլինի, նրա նախընթաց կյանքը ևս չպիտի հայտնի լինի։ Հանկարծակի պիտի հայտնվի ինչպես Մովսես, ում սկզբնական տարիներն անցան խորհրդավոր կերպով և գործի անցնելու ժամանակ, հանկարծակի եկավ Մադիանից և ոչ ոք չգիտեր, թե որտեղից եկավ։ Նույնպես պիտի լինի նաև Մեսիան։ «Իսկ այս Հիսուսի , — ասում էր ժողովուրդը , — որտեղից լինելը գիտենք, Նազարեթում ապրել, Գալիլիայում քարոզել և երբեմն էլ Երուսաղեմ է եկել, մինչդեռ իրականում Օծյալ Մեսիան լիներ, այս ամենը պիտի չիմանայինք»։
Հիսուս այս դիտողություններն էլ լսեց և ուզեց նրանց ևս պատասխանել․ «Ասում եք, թե գիտեք, թե ես ով եմ և որտեղից եմ և այդ պատճառով եք եզրակացնում, թե Մեսիան չեմ։ Ես ինքս, իմ գործերը Գալիլիայից սկսած և ասպարեզ նետած մեկը չեմ, այլ Ինձ ճշմարտապես ուղարկել է իմ Երկնավոր Հայրը, Ում դուք չեք ճանաչում, բայց ես ճանաչում եմ, որովհետև Նա՛ է ինձ ուղարկել, և ես Նրանից եմ ուղարկված»։
Իրավացի է, ասում է Ավետարանը, իրավացի է որ որոշել էին ձերբակալել և սպանել Հիսուսին, բայց Նա ազատ մնաց որևէ վտանգինց, որովհետև Հիսուսի ներգործած ազդեցությունն այնքան մեծ էր, որ ոչ ոք չհամարձակցվեց ձեռք բարձրացնել, մանավանդ, որ Նրա մահվան սահմանված ժամանակն էլ դեռ չէր լրացել։ Դեռևս պետք էր որ Հիսուսի վարդապետությունը տարածվեր և Նրա հետևողները բազմանային և այս առիթով շատեր ու շատեր նոր-նոր էին հավատում Հիսուսին։ «Մի՞թե, —ասում էին, ա—Քրիստոսը կամ Մեսիան սրանից ավելի հրաշքներ պիտի գործի կամ Մեսիայից սրանից ավելի հրաշքներ ու նշաննե՞ր են սպասվում, որ սրան թողնենք և ուրիշին սպասենք։ Այս Հիսուս բոլոր պարագաներով մեր սպասված Մեսիան է»։
Հիսուսի այդ օրվա քարոզությունը, փոխանակ Հիսուսի հանդեպ վտանգավոր լինելու, ավելի Նրա փառավորության առիթը եղավ։ Նոր հավատացողներ էլ եղան, և Հիսուս ամենայն գիտությամբ տաճարից դուրս ելավ ու քաշվեց կամ Ձիթենյաց լեռը, կամ Բեթանիա գյուղը՝ Իր սովորական օթևաններից մեկը, թեպետ Ավետարանը հայտնապես չի հիշում։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: