Մաղաքիա արք. Օրմանյան
32-44. Եւ փարիսեցիները նրա մասին ժողովրդի մէջ եղած քրթմնջիւնները լսեցին. եւ քահանայապետներն ու փարիսեցիները սպասաւորներ ուղարկեցին, որպէսզի բռնեն նրան: Յիսուս ասաց. «Մի փոքր ժամանակ էլ ձեզ հետ եմ եւ ապա գնում եմ նրա մօտ, ով ինձ ուղարկեց: Ինձ կը փնտռէք եւ չէք գտնի, եւ ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ»: Հրեայ առաջնորդներն իրար ասում էին. «Իսկ դա ո՞ւր պիտի գնայ, որ մենք դրան չգտնենք. միթէ հեթանոսների մէջ ցրուած հրեաների՞ մօտ պիտի գնայ եւ հեթանոսների՞ն պիտի ուսուցանի: Ի՞նչ է այն խօսքը, որ նա ասաց՝ կը փնտռէք ինձ եւ չէք գտնի, եւ ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ»: Մեծ տօնի վերջին օրը Յիսուս կանգնած էր եւ աղաղակում էր՝ ասելով. «Եթէ մէկը ծարաւ է, թող ինձ մօտ գայ եւ խմի: Ով ինձ հաւատում է, - ինչպէս Գիրքն է ասում, - նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն»: Նա այս ասում էր Հոգու մասին, որին ընդունելու էին իրեն հաւատացողները. քանի որ Հոգին դեռեւս չկար, որովհետեւ Յիսուս դեռ փառաւորուած չէր: Ժողովրդից ոմանք, երբ լսում էին այս խօսքերը, ասում էին՝ սա՛ է ճշմարիտ մարգարէն. ուրիշներն ասում էին՝ սա՛ է Քրիստոսը. իսկ դեռ ուրիշներ ասում էին՝ միթէ Քրիստոս Գալիլիայի՞ց է գալու. չէ՞ որ Գիրքն ասում է, թէ Քրիստոս գալու է Դաւթի սերնդից եւ Բեթղեհէմ գիւղից, որտեղից Դաւիթն էր: Եւ ժողովրդի մէջ նրա պատճառով պառակտում եղաւ: Եւ նրանցից ոմանք ուզեցին բռնել նրան, բայց ոչ ոք նրա վրայ ձեռք չդրեց:
Տաղավարահարաց տոնի օրերին Հիսուս միայն մեկ անգամ էր երևացել տաճարում, տոնի կեսը, այսինքն՝ չորրորդ օրը անցնելուց հետո, գուցե հինգերորդ օրը։ Վեցերորդ օրը հավանաբար չերևաց և յոթներորդ ու վերջին օրը դարձյալ շատ վաղ տաճար եկավ՝ ըստ սովորության քարոզելու համար։ Փարիսեցիների ժողովի ականջին հասել էին նախընթաց քարոզության պարագաները և ժողովրդի խոսքերը և, մանավանդ, այն դիտողությունը, թե ինչու՞ Հիսուսին չեն ձերբակալում, եթե այսպիսի վճիռ են կայացրել, և թե արդյոք մեր մեծերն էլ վերջապես Հիսուսի հավատացող դարձան։
Փարիսեցիներն ու քահանայապետերը դարձյալ խորհրդակցության նստեցին և Հիսուսին ձերբակալել տալու որոշումը նորոգեցին և իրենց բարապաններին էլ հրամայեցին, որ հսկեն, փնտրեն, գտնեն և ձերբակալեն։ Բայց երևում է, թե հրամանը խիստ չէր, այլ բարապաններին հանձնարարված էր, որ երբ մի անպատեհություն ծագի կամ թե Հիսուս Իր քարոզության մեջ գայթակղության տեղիք տա, ապա նոր հարմար մի առիթով կամ պատճառով հրամանը գործադրեն։
Անշուշտ, Հիսուս էլ լուր ստացավ այդ նոր հրամանի մասին։ Այդ պատճառով, երբ վաղ առավոտյան տաճար եկան, Իր շուրջը գտնվողներին և այնտեղ հավաքվածներին սկսեց ասել․ «Այլևս երկար ժամանակ ձեր մեջ չպիտի մնամ, շատ շուտով ձեզանից պիտի բաժանվեմ և ինձ ուղարկողի մոտ պիտի գնամ։ Երբ ես գնամ, ինձ պիտի փնտրեք, բայց պիտի չգտնեք, որովհետև իմ գնացած տեղը դուք չեք կարող գնալ»։ Լսողներին Հիսուսի խոսքերը հանելուկի պես մի բան թվացին և իրենց մեջ խոսակցում էին նույն խոսքերի լուծումը գտնելու համար։ «Ի՞նչ է նշանակում, - ասում էին, - ինձ պիտի փնտրեք ու պիտի չգտնեք, որովհետև ուր ես գնամ, դուք այնտեղ չեք կարող գալ»։ Ամենքը մի-մի վայրի անուն էին տալիս, որտեղ Հիսուս պիտի կարողանար գնալ և ամենահավանական լուծումն այն էր, որ ենթադրում էին, որ կթողնի Պաղեստինը և հրեաների ձեռքից ազատվելու համար հեթանոսների երկրները կգնա և այնտեղ կսկսի հեթանոս ազգերին վարդապետել։ «Թվում է, թե, - եզրակացնում էին,- այս հեռավոր ու անծանոթ երկրներն էր ակնարկում, երբ ասում էր, թե մենք փնտրելով էլ չպիտի կարողանանք գտնել»։
Տաղավարահարաց յոթն օրերը հրեաների համար ցնծության և զվարճության օրեր էին։ Տերևազարդ տաղավարների տակ էին նակվում, ամեն օր զոհեր էին մատուցում, ժայռից բխած ջրի հիշատակն էր կատարվում, ուրախության հանդեսներ էին սարքվում և նոր ավարտած այգեկութի գինին էլ պսակում էր խնդությունը։ Վերջին օրը ավելի մեծ հանդես էր կատարվում՝ տաղավարներից տուն դառնալու օրն էր։ Թափորով գնում էին Սելովի ավազանը։ Քահանան հանդեսով ջուրը բերում և ցնծության երգերի ու նվագարանների ձայների ներքո ջուրը լցնում էր տաճարի հատակին և ողջակեզների սեղանի վրա՝ պատկերելով Մովսեսի գավազանով ժայռից բխած ջրի տեսարանը և ժողովուրդը գոչում էր Եսայի մարգարեի խոսքերով․ «Եւ առէք ուրախութեան յաղբերացն փրկութեան» և այլն Ես․12:3։
Երբ վերջին օրվա կեսօրի ընթացքում այս հանդիսավոր արարողությունն էր կատարվում, հանկարծ Հիսուս դարձյալ հայտնվում է ժողովրդի մեջ և բարձրաձայն աղաղակով, որպեսզի խուռն բազմության ձայների միջից կարողանա լսվել, այսպես է խոսում․ «Ով որ ծարավ է ճշմարիտ ջրին, կխմի իմ վարդապետության ջրից, ով ինձ լսում և հավատում է իմ վարդապետությանը, նրա ներսից կենդանության ջրի գետեր պիտի բխեն, ինչպես Մովսեսի ձեռքով վեմից ջրեր վազեցին»։ Հիսուսի խորհրդավոր խոսքերը պատգամախոսի բերնից լսված ահեղագոչ խոսքերի պես ներգործեցին և գրեթե ամենքն ինքնաբերաբար հուզման մեջ սկսեցին գոչել «Իսկապես, որ սա ճշմարիտ մարգարեն է, իսկապես, որ սա բուն Մեսիան է»։ Իսկապես էլ․ վեհ և հուզիչ էր այդ օրվա դեպքը, երբ հալածվող Հիսուս, Իր հալածողների աչքի առջև, հալածողների իշխանության կենտրոնը եղող տաճարի մեջ, խուռն բազմության խելահեղ ուրախության մեջ, երկնքից եկած մի ձայնի պես Իր աղաղակն էր բարձրացնում և Իր սեփականն էր համարում ճշմարտություն, սրբություն և կյանք պարգևելու աստվածային կարողությունը։
Բայց այդ հուզված ժողովրդի մեջ ևս կային Հիսուսին հակառակորդներ և չհավատացողներ, ովքեր ժողովրդի եռանդը մարելու դիտավորությամբ անմիջապես սկսում են խնդիր գրգռել, թե ինչպես կարելի է Նազարեթցի Հիսուսին որպես Մեսիա ընդունել, քանի որ Մեսիան մարգարեությունների համաձայն Դավթի ցեղից և Բեթղեհեմից պիտի լինի։ Մի՞թե Գալիլիայից ևս Մեսիա պիտի դուրս գա։ Այդ խոսքերը բավական եղան տարաձայնություններ առաջացնելու համար սկզբնական ոգևորության վրա։ Սակայն, այնուհանդերձ, Հիսուսին ձերբակալելու եկած մեծավորների, իշխանավորների բարապանները չհամարձակվեցին Հիսուսի վրա ձեռք բարձրացնել՝ իրենք ևս զգացված, նաև քաշվելով ժողովրդի ոգևորված հուզմունքից։
Երկու դիտողություններ՝ հոդվածս ավարտելու համար։ Հիսուսի խորհրդավոր խոսքերը կենդանի կամ կենդանության ջրի մասին, Ավետարանիչն ինքը բացատրում է, թե Հիսուս Ինքը խոսում էր հավատացյալների ապագայում ստանալիք Հոգու վերաբերյալ, որ դեռևս չէր եկել, որովհետև Հիսուսի կատարելիք փրկագործ տնօրինությունները դեռ չէին ավարտվել։
Հիսուս Իր խոսքերում, երբ ասում է․ «Որպէս եւ ասէն Գիրք, գետք յորովայնէ նորա բխեսցէն ջրոց կենդանութեան», Ս․ Գրքից մի վկայությունն ակնարկելու ձև ունի։ Արդ՝ այս նույն խոսքերով ոչ մի վկայություն չկա և Հիսուս ընդհանուր կերպով է անդրադառնում այն խոսքերին, որտեղ ջրի և հոգու համեմատություններ են լինում․ «Զի ես տաց ջուր ի ծարաւ, որոց գնան յանջրդվոջ, եդից զոգի իմ ի վերայ զաւակի քո» Ես․ 44:3, «Եւ եղիցի այսորիկ հեղից յոգւոյ իմոյ ի վերայ ամենայն մարմնոց»:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: