Մաղաքիա արք. Օրմանյան
7-11. Հրաւիրուածներին էլ մի առակ ասաց՝ տեսնելով, թէ ինչպէս նրանք պատուոյ տեղերն էին ընտրում: Նրանց ասաց. «Երբ մէկը քեզ հարսանիքի կամ հրաւէրքի կանչի, առաջին տեղը մի՛ նստիր, գուցէ քեզնից աւելի պատուական մէկը նրա կողմից կանչուած լինի: Եւ քեզ ու նրան կանչողը գայ ու քեզ ասի՝ «Սրան տե՛ղ տուր»: Եւ ապա սկսես ամօթով վերջին տեղը գրաւել: Այլ, երբ հրաւիրուես, գնա բազմի՛ր վերջին տեղը, որպէսզի, երբ քեզ կանչողը գայ եւ քեզ ասի՝ «Բարեկա՛մ, աւելի վե՛ր մօտեցիր», այն ժամանակ քո սեղանակիցների առաջ դու փառաւորուես. որովհետեւ նա, ով ինքն իրեն բարձրացնում է, պիտի խոնարհուի, եւ նա, ով ինքն իրեն խոնարհեցնում է, պիտի բարձրանայ»:
 
 Ղուկաս ավետարանիչն այստեղ մեջբերում է երեք առակներ, որոնք հավասարապես վերցված են հրավերքի օրինակից։ Առաջին հայացքից երեքի իմաստն էլ բարոյական է թվում՝ խոսված բարեգործության և կենցաղավարության ձևերը սովորեցնելու համար։ Սակայն Հիսուսի նպատակն ու խոսքի ընթացքը ավելին են ուզում հասկացնել, մանավանդ, երբ այս մասը ընտրյալների մասին վերը բերված (Ղուկ. 13:23-30) հատվածի շարունակություն համարենք, իսկ Հերովդեսի մասին պատմածները՝ որպես միջանկյալ, և բժշկությունը դիտենք որպես սեղանի առիթով եղած։
 Հիսուս խոսում էր Ավետարանին հետևելու համար կանչվածների մասին և ցույց էր տալիս Երկնքի Արքայությունը մտնելու համար սահմանվածներին և հասկացնում էր հրեաներին, թե միայն իրենք չեն կանչված, այլ նաև հեթանոսները։ Մանավանդ շեշտում էր, որ իրենց սխալ ընթացքով և մոլոր գաղափարներով պիտի ետ մնան, իսկ իրենցից անարգված հեթանոսները պիտի ավելի առաջ անցնեն։ Երեք առակներն էլ այդ միտքն են շոշափում։ Առաջին առակը կոչնականներին, այսինքն՝ խնջույքի հրավիրվածներին է ուղղված։ Հիսուս պատմել է․ օրինակը վերցնելով այն իրական խնջույքից, ուր գտնվում էր և տեսնում էր, թե ինչպես հրավիրվածները միմյանցից վեր տեղ ու դիրք գրավելու համար ջանք ու հնարք էին գործածում, որ բարձընտիր լինէին։ Հիսուս ասում է․ «Երբ խնջույքի կամ հարսանիքի հրավիրվես, ներս մտնելուդ պես ամենից վերը նստելու ձգտում մի՛ ունեցիր։ Կարող է քեզանից պատվավոր մեկը գա և կոչնատերը պարտավորվի նրան պատշաճ պատվի արժանացնել։ Այդ ժամանակ կգա՝ քեզնից խնդրելու, որ տեղիցդ վեր կենաս և տեղդ զիջես պատվագույն հյուրին։ Դու էլ պարտավոր կլինես ամաչելով վեր կենալ և ավելի ներքևում նստել։ Եվ հակառակը, եթե հրավիրյալների մեջ քեզանից պատվավոր հյուր չգտնվի, կոչնատերը կգա և ամենայն անկեղծությամբ կազդարարի, թե նստածդ տեղը հարմար չէ, քո տեղն ավելի վերևում է։ Քեզ ուրիշներից վեր կտանի, և դու բոլոր ներկա հրավիրյալների մոտ կփառավորվես»։
 Առակի զուտ բարոյական իմաստն այն է, թե ով ինքն իրեն բարձրացնելու հետևից ընկնի, դժբախտաբար իրեն ստորացած կգտնի, իսկ ով խոնարհությամբ իրեն չափավորության մեջ պահի, ընդհակառակը, իրեն պատված կլինի և ավելի ևս կբարձրանա։
 Ավետարանական իմաստով այս մի խրատ է՝ ուղղված հրեական մեծամտությանը, որոնք իրենց Երկնքի Արքայությունում արժանի էին համարում առաջին տեղին, սակայն պարտավորված պիտի լինեին ցած իջնել, քանի որ ուրիշներն իրենցից արժանավորագույն պիտի գտնվեին։ Իսկ եթե իրենց չափն իմանային և ուղղության մեջ մնային, կարող էին իրոք առաջին տեղին արժանի համարվել։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: