Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 22:43

Մաղաքիա արք. Օրմանյան

43-44․ Եւ նրան երկնքից երեւաց մի հրեշտակ եւ ուժ էր տալիս նրան. նա տագնապի մէջ էր եւ ամբողջ հոգով էր աղօթում: «Եւ նրանից քրտինքը հոսում էր արեան կաթիլների նման՝ շիթ-շիթ գետին թափուելով:
   
    Ղուկասը նոր հանգամանք է ավելացնում Հիսուսի երրորդ ու վերջին անգամ աղոթելուն, որի մասին լռում են մյուս ավետարանիչները։ Անշուշտ մյուսների լռությունը չի կարող պատճառ դառնալ մեկի պատմածին տարակուսանքով նայելուն, եթե խնդիր չլիներ այդ երկու համարների բնագրային վավերականությունը։ Շատ հին օրինակներն այդ համարները չունեն, պակասում են նաև մեր ընտրագույն գրչագիրների մոտ և այստեղից էլ ծագում է նրանց վավերականությանը վերաբերող կասկածը։ Ոմանք պնդում են, թե բնագրում կային, բայց հետո դուրս թողնվեցին նրանց ձեռքով, ովքեր Հիսուսի աստվածային անձնավորությանն անպատշաճ համարեցին արյուն-քրտինք թափելու չափ հուզվելը և հրեշտակային օգնության կարոտ մնալը։ Ուրիշները ասում են, թե բնագրում չկային, բայց հետո ավելացվել են նրանց ձեռքով, ովքեր Հիսուսի անձին աստվածային կերպարանք չտալու հենարաններ էին որոնում։ Քննադատական հետազոտությունները որոշակի եզրակացության չեն հանգում և խնդիրը թողնում են անորոշ։ Բայց շատ ընտիր օրինակներում բացակայելը և շատերում էլ՝ տարբեր ու կատարյալ ձևերով լինելը, բավականին զորավոր փաստեր են, որպեսզի կասկածի ենթարկվի այդ երկու համարների վավերականությունը։ Մենք շարունակում ենք այն մեր «Համապատում»-ի կարգում լուսաբանել, քանի որ սովորական օրինակներում և եկեղեցական ընթերցվածներում այժմ ընդունված են։
    Այդ հատվածում ասվում է, թե Հիսուս «Էր ի տագնապի, եւ մտադիւրութեամբ եւս կայր յաղթօս, եւ հոսէին ի նմանէ քրտունք իբրեւ զկայլակս արեան, ոլոռն ոլոռն հեղեալ ի յերկիր» ։ Արդեն բացատրեցինք Հիսուսի կրած տագնապը և աղոթքի մեջ ունեցած զգացումը, թե որքան ու ինչպես էին նրա վրա ճնշում գործադրում պարագաների ծանրությունն ու սաստկությունը, ուժ տալիս Երկնավոր Հորն ուղղած աղաչանքներին։ Քանի մտքերը կրկնվում էին, քանի մոտենում էր ահեղ տագնապի ժամը, այդ ամենը հետզհետե սաստկանում էր։ Այդ սաստկությունն էր, որ ճմլում էր մարմնի զգայությունները, այլայլում ողջ մարմինը, բորբոքում ներքին ջերմությունը և տագնապի ու նեղության հետևանքով երեսից ու մարմնից սկսում էր արտասովոր քրտինք հոսել, կամ մի ուրիշ բացատրությամբ, արյուն-քրտինք էր թափում. «Իբրեւ զկայակս արեան ոլոռն ոլոռն հեղեալ ի յերկիր»։ Լատինական բնագիրը պարզապես ունի. «Եվ եղեալ ի տագնապի, երկարագոյն եւս աղօթէր. եւ եղեն քրտունք նորա իբրեւ զկայլակ արեան հեղելոյ յերկիր», ուր պակասում են մեր և հույն բնագրերում գտնվող «ոլոռն ոլոռն» բառերը։ Այդ տողերը բացատրող մեկնիչներից շատերը, գլխավորապես լատինները, այսպես են հասկանում, թե այնքան սաստիկ էր Հիսուսի տագնապը և այնքան սաստկացավ նեղությունից առաջացած քրտինքը, որ ջրային նյութը սպառվեց, սկսեցին ճնշվել երակները, արյուն դուրս եկավ, որ, մարմնի ծակոտկեններից դուրս գալով, իբրև քրտինք, սկսեց թափվել երեսից ու ողջ մարմնից։ Այս բացատրությունն ընդունողները պարտավոր կլինեն մի ուրիշ խնդիր էլ լուծել. բնակա՞ն երևույթ է արդյոք արյան կամ արյունախառն քրտինքի երևան գալը, թե՞ պարզապես մի հրաշալի պատահար, մի՞թե բնությունն իր սովորական ընթացքով կարող է արյունը մարմնից դուրս հոսեցնել, եթե ոչ հրա՞շք պետք է ընդունել այսպիսի եղելության մեջ։ Մենք ավելորդ ենք համարում մտնել այս տեսակ խնդրի մեջ։ Ոչ միայն արյուն-քրտինքն է սովորական խոսակցության մեջ գործածվող ձև, այլև սաստիկ քրտինք իմաստից ավելի բան չի նշանակում։ Նաև ավետարանի իբրև բառը մեզ չի ստիպում, նմանությունն իրականության հետ խառնելով, արեան կաթիլների պես բացատրությունը հասկանալ որպես արեան կաթիլներ։ Քրտինքը սովորաբար թույլ է և վազող, սահում ու հոսում է, քան կաթում։ Երբ առատանում է, ավելի է թանձրանում, հասնում է մինչև կաթիլ-կաթիլ ընկնելուն ու նմանվում է արյան, որ ինքնըստինքյան թանձր է ու հատիկ- հատիկ է վայր ընկնում. «Ոլոռն - ոլոռն հեղեալ յերկիր»։ Մենք այս բացատրությունն ավելի բնական և Ավետարանի խոսքերին ավելի հարմար ենք գտնում։
    Երբ Հիսուսի կրած տագնապը հասնում է ծայր աստիճանի, կարծես պակասում է մարդկային զորության տոկալու ուժը, երկնային պաշտպանությունը, որ թվում է, թե մինչ այդ անտարբեր դիտում էր Հիսուսի անտանելի տառապանքը, քաջալերանքի այցելություն է հասցնում Նրան. «Երեւեցաւ նմա հրեծտակ յերկնից եւ զօրացուցանէր զնա»։ Տարբեր պարագաներում հրեշտակների երևալը տարբեր իմաստներ է հաղորդում։ Երբեմն հրեշտակները մարմնավոր տեսիլքով ու կերպարանքով են երևում, երբեմն՝ լոկ մտավոր տեսիլքում, երբեմն որպես աստվածային ներկայության նշան, երբեմն որպես աստվածային բացառիկ ներգործության հայտարար, երբեմն էլ ներքին անակնկալ ազդեցության համանշանակ բացատրություն։ Այստեղ շեշտվում է Հիսուսի ունեցած հիմնական փոփոխության պահը։ Գեթսեմանիի պարտեզում հանկարծակիի անտանելի ու անելանելի կացության մեջ ընկած Հիսուսին սրանից հետո բոլոր իրավիճակներում տեսնելու ենք արի ու հզոր, ոչ մի նեղությունից չընկճվող ու հակառակությունից շփոթվող, այլ դատարանների առջև, և տանջանքների պահին, և խաչի վրա անվրդով ու անսասանորեն տոկացող։
    Այս փոփոխությունն է, որ հրեշտակի երևմամբ է բացատրվում, աստվածային կամքի վերջնական որոշումը հայտնելով, փրկագործության խորհրդի պահանջը կրկնելով և մարդկության մեծ օգուտի ընդարձակությունը հիշեցնելով, հաջողեցնում է Հիսուսի մտքից վանել բոլոր վարանումները և անդառնալի որոշման առջև որևէ ակնկալության տեղ չթողնելով, վերջնական հանձնառության ու պատրաստակամության զորությամբ՝ անհրաժեշտ արիությունն ու հանդարտությունն է տալիս։ Մենք գիտենք, թե որքան վարանում, փորձանք ու վտանգ խափանելու հույս կա, ազատվելու ճիգերի հետ տիրում է նաև ներքին տագնապը։ Իսկ երբ դադարում է ներքին տագնապը, պակասում է ազատվելու հույսը, ապա կամա թե ակամա տիրում է հանձնառության ստիպողականությունը։ Հիսուսի վիճակն էլ հենց այս ձևով է շատ լավ մեկնաբանվում։ Իսկ վերջնական հանձնառության միջնորդը Երկնավոր Հոր կողմից ուղարկված մի հրեշտակ է լինում, թեպետ հիսուսի համար հրեշտակի միջնորդության անհրաժեշտությունը չկար։ Գեթսեմնիի ողջ եղելությունը լոկ մարդկային կերպարանքով ու մարդկային պահանջների համաձայն կատարված միջադեպեր էին, որոնք պիտի կազմեին Հիսուսի իսկական ու ճշմարիտ մարդկայնության փաստը, ի սկզբանե հերքեին երևութական, երևակայական կամ գերբնական մարդկայնության դրույթները։