Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 10։27

Մաղաքիա արք. Օրմանյան

Նայելով նրանց՝ Յիսուս ասաց. «Մարդկանց համար այդ անհնար է, բայց ո՛չ Աստծու համար»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 10:17
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Նայելով նրանց՝ Յիսուս ասաց. «Մարդկանց համար այդ անհնար է, բայց ո՛չ Աստծու համար»:
   
    Տեսնում ես, թե ինչպես է ամեն ինչ հնարավոր դառնում, երբ լսում ենք Աստծո Խոսքը: «Մարդկանց համար դա անկարելի է» (Մատթ. 16։9), այսինքն՝ անհնար է այն ժամանակ, երբ մարդկայնորեն ենք դատում:
  Ոմանք զարմանում են, թե ինչպես է Քրիստոս ասում,  որ «Աստծո համար ամեն ինչ կարելի է»: Արդյո՞ք Նա կարող է նաև մեղք գործել: Սրան մենք պատասխանում ենք, որ երբ Քրիստոսն ասում է «ամեն ինչ», ապա նկատի է ունենում բոլոր էական բաները, իսկ մեղքը ինչ−որ էական բան չէ։ Մեղքը պատկանում է ոչ էական, ոչ գործուն շրջանակներին կամ, այլ կերպ ասած, մեղքը ոչ թե ուժի, այլ թուլության հատկություն է, ինչպես ասում է նաև առաքյալը. «Մինչդեռ տկար էինք, Քրիստո՛ս, ճիշտ ժամանակին, մեզ՝ մեղավորներիս համար մեռաւ» (Հռոմ. 5։6), «Նրանց նեղությունները շատացան» (Սաղ. 15։4): Սա նշանակում է, որ մեղքը, որպես թուլություն, անկարելի է Աստծո համար: Բայց, ասում են, Աստված կարո՞ղ է արդյոք նախկինը  ոչ նախկին (հնարավոր է հեղինակը նկատի ունի  նախկինը ներկա դարձնել) դարձնել: Դրան պատասխանում ենք. Աստված ճշմարտություն է, իսկ նախկինը  ոչ նախկին դարձնելը՝ խաբեություն: Ինչպե՞ս կարող է Ճշմարտությունը խաբեություն գործել: Դրա համար Նա նախ պետք է փոխի Իր Էությունը: Այս կերպ խոսելը՝ «Աստված նույնպես կարող է Աստված չլինել» ասել է նշանակում: