Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 10։35

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Զեբեդէոսի որդիները՝ Յակոբոսը եւ Յովհաննէսը, գնացին նրա մօտ եւ ասացին նրան. «Վարդապե՛տ, ինչ որ քեզնից պիտի խնդրենք, կամենում ենք, որ անես մեզ համար»:
   
    Նրանք ակնկալում էին, որ Նա կգնա թագավորության, այլ ոչ թե խաչի ու մահվան, քանզի թեև վերջիններիս մասին բազմիցս էին լսել, բայց հաստատ իմանալ չէին կարող: Հետևաբար, դեռևս Տիրոջ ուսմունքի մասին հստակ և ճշգրիտ պատկերացում չունենալով՝ նրանք ենթադրում էին, որ Նա գնում է տեսանելի−երկրային թագավորության և պատրաստվում է թագադրվելու Երուսաղեմում։ Հենց ճանապարհին  նրանք համարում են, որ իրենց խնդրանքը Տիրոջը ներկայացնելու համար հարմար պահն արդեն հասել է: Իրենց աշակերտների խմբից առանձնացնելով և ամեն ինչ իրենց վրա փոխադրելով՝ նրանք Տիրոջից գերադասություն են խնդրում, որպեսզի կարողանան մյուսների հանդեպ առաջնություն ունենալ, քանի որ հավատում են, որ Նրա գործն արդեն ավարտվել է, որ ամեն ինչ ձեռք է բերվել, և եկել է թագերի ու պարգևների ժամանակը:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

35-45. Զեբեդէոսի որդիները՝ Յակոբոսը եւ Յովհաննէսը, գնացին նրա մօտ եւ ասացին նրան. «Վարդապե՛տ, ինչ որ քեզնից պիտի խնդրենք, կամենում ենք, որ անես մեզ համար»: Եւ նա նրանց ասաց. «Ի՞նչ էք կամենում ինձնից, որ անեմ ձեզ համար»: Եւ նրանք ասացին նրան. «Շնո՛րհ արա մեզ, որ նստենք մէկս՝ քո աջում եւ միւսս՝ ձախում, քո փառքի մէջ»: Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Չէք իմանում, թէ ինչ էք խնդրում. կարո՞ղ էք խմել այն բաժակը, որ ես խմելու եմ, կամ մկրտուել այն մկրտութեամբ, որով ես մկրտուելու եմ»: Եւ նրանք ասացին նրան. «Կարող ենք»: Եւ Յիսուս նրանց ասաց. «Այն բաժակը, որ ես խմելու եմ, կը խմէք, եւ այն մկրտութիւնը, որով ես մկրտուելու եմ, նրանով կը մկրտուէք, բայց իմ աջում եւ ձախում նստեցնելը ես չէ, որ պիտի տամ, այլ տրուելու է նրանց, որոնց համար պատրաստուած է»: Այդ լսելով՝ տասը առաքեալները սկսեցին բարկանալ Յակոբոսի եւ Յովհաննէսի վրայ: Յիսուս նրանց իր մօտ կանչեց եւ ասաց. «Գիտէք, որ հեթանոսների մէջ իշխանաւորներ համարուածները տիրում են նրանց. եւ նրանց մեծամեծներն իշխում են նրանց վրայ. ձեր մէջ այդպէս չպէտք է լինի. այլ ձեզնից ով կամենայ մեծ լինել, թող լինի ձեր սպասաւորը. եւ ձեզնից ով կամենայ առաջին լինել, բոլորին ծառայ թող լինի. որովհետեւ մարդու Որդին էլ չեկաւ ծառայութիւն ընդունելու, այլ՝ ծառայելու եւ տալու իր անձը որպէս փրկանք շատերի փոխարէն»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 20:20
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Զեբեդէոսի որդիները՝ Յակոբոսը եւ Յովհաննէսը, գնացին նրա մօտ եւ ասացին նրան. «Վարդապե՛տ, ինչ որ քեզնից պիտի խնդրենք, կամենում ենք, որ անես մեզ համար»:
 
 Մեկ այլ ավետարանիչ (տե՛ս Մատթեոս 20։20) ասում է, որ նրանց (Հակոբոս և Հովհաննես) մայրը  եկավ Հիսուսի մոտ: Բայց, հավանաբար, երկու պարագաներն էլ տեղի են ունեցել։ Մյուսներից ամաչելով՝ այս երկու առաքյալները նախ իրենց մորն են ուղարկում, իսկ հետո անձամբ են առանձնաբար մոտենում։ Այս հանգամանքն ավետարանիչն արտահայտում է՝ ասելով՝ «եկան նրա մոտ», այսինքն՝ եկան առանձնաբար՝ բաժանվելով մյուսներից:

   

Ա․ Լոպուխին

Զեբեդէոսի որդիները՝ Յակոբոսը եւ Յովհաննէսը, գնացին նրա մօտ եւ ասացին նրան. «Վարդապե՛տ, ինչ որ քեզնից պիտի խնդրենք, կամենում ենք, որ անես մեզ համար»: (Սինոդական թարգմ․) [35]
   
   Մարկոսը ասում է, որ Զեբեդեոսի որդիներն իրենք են խնդրանքով դիմել Քրիստոսին: Դրանով նա բացատրում է, որ նրանց մոր խնդրանքը, որի մասին խոսում է Մատթեոսը, եղել է Հակոբոսի և Հովհաննեսի ներշնչմամբ, որոնք անձամբ ամաչում էին ուղղակիորեն դիմել Քրիստոսին:
---------------------------------------
[35] (Էջմիածին թարգմ․) Զեբեդէոսի որդիները՝ Յակոբոսը եւ Յովհաննէսը, գնացին նրա մօտ եւ ասացին նրան. «Վարդապե՛տ, ինչ որ քեզնից պիտի խնդրենք, կամենում ենք, որ անես մեզ համար»:
(Արարատ թարգմ․) Եվ Զեբեդեոսի որդիները՝ Հակոբոսն ու Հովհաննեսը, մոտեցան նրան ու ասացին. «Վարդապե՛տ, ուզում ենք, որ այն, ինչ քեզանից խնդրելու ենք, անես մեզ համար»։
(Գրաբար) Եւ երթային առ նովաւ Յա՛կովբոս եւ Յովհա՛ննէս՝ որդիքն Զեբեդեայ. եւ ասեն ցնա. Վա՛րդապետ՝ կամիմք զի զոր ինչ խնդրեսցուք ի քէն՝ արասցե՛ս մեզ: