Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 6:5

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ չէր կարողանում այնտեղ որեւէ զօրաւոր գործ կատարել, այլ քիչ թուով հիւանդների վրայ ձեռք դնելով՝ նրանց բժշկում էր:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 6:1
   

Հովհաննես Կասիանոս

Եւ չէր կարողանում այնտեղ որեւէ զօրաւոր գործ կատարել, այլ քիչ թուով հիւանդների վրայ ձեռք դնելով՝ նրանց բժշկում էր:
   
   Որոշ դեպքերում Նա այնքան առատորեն է հեղում Իր բժշկող զորությունը, որ ավետարանիչը բացականչում է այդ մասին. «Եվ բժշկեց բոլոր հիվանդներին» (Մատթ. 8։16, Ղուկ. 4։40): Ուրիշ մարդկանց մեջ Քրիստոսի բարի գործի անսահմանափակ քանակը այնպիսի մեծ խոչընդոտների բախվեց, որ այդ մասին ասվում է. «Եվ նրանց անհավատության պատճառով այնտեղ զորավոր շատ գործեր չարեց» (Մատթ. 13։58, Մարկ. ​​6։5-6): Աստծո առատաձեռնությունը չափվում է մարդու հավատքով, այնպես որ Նա մեկին ասում է. «Ըստ ձեր հավատքի, թող  լինի ձեզ» (Մատթ. 9։29), իսկ մյուսին՝ «Գնա՛, և ինչպես հավատացիր, այնպես թող լինի քեզ» (Մատթ. 8։13), երրորդին՝ «Ո՛վ կին, մեծ է քո հաւատը, թող քեզ լինի, ինչպէս որ կամենում ես» (Մատթ. 15։28), չորրորդին՝ «Քո հավատը քեզ փրկեց» (Մատթ. 9։22, Մարկ. ​​5։34, 10․52, Ղուկ. 8։48, 17։19):

 

Որոգինես

Եւ չէր կարողանում այնտեղ որեւէ զօրաւոր գործ կատարել, այլ քիչ թուով հիւանդների վրայ ձեռք դնելով՝ նրանց բժշկում էր:

   

   Քանի որ որոշ մարմիններ մյուսների համար բնական գրավչություն ունեն, ինչպես օրինակ,  մագնիսը երկաթի, նավթը կրակի,  նույն կերպ էլ, հնարավոր է, որ աստվածային զորության համար նմանատիպ հավատը գրավիչ լինի: Հետևաբար ասվում է. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, այս լերանը կասեք՝ տեղափոխվի՛ր այստեղից այնտեղ, և կտեղափոխվի» (Մատթ. 17։20)։ Ինձ թվում է, որ և՛ Մատթեոսը, և՛ Մարկոսը, աստվածային զորության գերակայությունը ճշգրիտ արտահայտել ցանկանալով (քանզի այն կարող է գործել նույնիսկ անհավատության պայմաններում, չնայած դրա հետևանքն այնպիսին չէ, ինչպես բարերարություն ստացողի հավատք ունենալու դեպքում),  այն իմաստով չխոսեցին, որ  կարծես Նա հրաշքներ չգործեց մարդկանց անհավատության պատճառով, այլ պարզապես ասացին. «Այնտեղ շատ հրաշքներ չգործեց» (Մատթ. 13։58, Մարկ. ​​6։5): Ինչ վերաբերում է Մարկոսին, ապա նա «չէր կարողանում այնտեղ որևէ զորավոր գործ կատարել» ասելով՝ կանգ չառավ, այլ ավելացրեց «այլ քիչ թվով հիվանդների վրա ձեռք դնելով՝ նրանց բժշկում էր», քանի որ այս դեպքում ևս Նրա զորությունը հաղթանակ տարավ անհավատության նկատմամբ:
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Եւ չէր կարողանում այնտեղ որեւէ զօրաւոր գործ կատարել, այլ քիչ թուով հիւանդների վրայ ձեռք դնելով՝ նրանց բժշկում էր:

   

   Տերն այնտեղ հրաշքներ գործել չի կարողանում ոչ թե այն պատճառով, որ նա անզոր էր, այլ այն պատճառով, որ նրանք անհավատ էին: Նրանց խնայելու համար Նա հրաշքներ չի գործում, որպեսզի դա նրանց ավելի շատ դատապարտմանը չծառայի, քանի որ հրաշքներ տեսնելու դեպքում էլ այդ մարդիկ անհավատ էին մնալու: Մյուս կողմից՝ հրաշքների համար անհրաժեշտ է առաջին՝ արարչի զորությունը, և երկրորդ՝ հրաշքը ստացողների հավատը: Քանի որ այստեղ (այս պայմաններից) երկրորդը, այսինքն՝ բուժման կարիք ունեցողների հավատը, պակասում էր, ուստի Հիսուսը հրաշքներ գործելու կարիք չուներ: Մենք այսպես էլ պետք է հասկանանք, որ ավետարանչի «և չէր կարողանում» արտահայտությունը օգտագործվել է «չցանկացավ» արտահայտության փոխարեն:

 

Ա. Լոպուխին

Եւ չէր կարողանում այնտեղ որեւէ զօրաւոր գործ կատարել, այլ քիչ թուով հիւանդների վրայ ձեռք դնելով՝ նրանց բժշկում էր: (Սինոդական թարգ․)[5]
   

   Իհարկե, Քրիստոսը չդադարեց հրաշքներ գործելու զորություն ունենալուց, բայց ի վերջո  այս զորությունը, ինչպես ցույց է տալիս արյունահոսող կնոջ բժշկումը (V, 34), ի հայտ է գալիս միայն այնտեղ, որտեղ իր հանդեպ մարդու կողմից դրսևորվող հավատքի է հանդիպում (Greg. B., Theophilus.): Այնուամենայնիվ, Քրիստոսը այստեղ էլ է մի քանի հիվանդ մարդու բժշկում, որոնք, վստահաբար, հավատում են Նրան, բայց այդ հրաշքները առանձնապես զարմանալի չեն լինում:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Եւ չէր կարողանում այնտեղ որեւէ զօրաւոր գործ կատարել, այլ քիչ թուով հիւանդների վրայ ձեռք դնելով՝ նրանց բժշկում էր:
(Արարատ թարգ․) Եվ չէր կարողանում այնտեղ ոչ մի հրաշք գործել, բացի մի քանի հիվանդների վրա ձեռքերը դնելուց ու բժշկելուց։
(Գրաբար) Եւ ո՛չ կարէր անդ՝ եւ ո՛չ մի ինչ զաւրութիւն առնել, բայց սակաւ հիւանդաց ձեռն եդեալ՝ բժշկէ՛ր զնոսա: