Սուրբ Եփրեմ Ասորի
Պարսից թագաւորութեան մի իշխան հակառակւում էր ինձ քսանմէկ օր, եւ ահա Միքայէլը՝ աւագ իշխաններից մէկը, եկաւ օգնելու ինձ. թողեցի նրան այնտեղ պարսից թագաւորութեան իշխանի հետ։
Աստծո փառքի հանդեպ ունեցած նախանձախնդրությունից ելնելով՝ նա (Պարսից թագավորության իշխանը) ընդդիմացավ ինձ, քանի որ հրեաներն իրենք չէին ցանկանում իրենց հայրենակիցների հետ լքել Բաբելոնը, նրանք հայհոյում էին իրենց հայրենի երկիրը, պարսավում էին նրա բարությունը, ուստի նրանց հոգիները փրկության արժանի չէին: Այդ պատճառով Պարսից իշխանը թույլ չտվեց հրեշտակին, որը գնում էր հրեաներին գերությունից ազատելու, քանի որ նրանք շարունակում էին համառել։ Եվ մինչ Միքայելը օգնության չեկավ հրեաներին փրկելու ուղարկվածին, նրան հակառակվող հրեշտակը չհուսահատվեց, քսանմեկ օր կռվեց նրա հետ և թույլ չտվեց նրան ասել Դանիելին, թե ինչու է ինքն ուղարկվել:
Այսպիսով՝ հրեշտակը ավելացնում է. «Եվ ահա Միքայելը՝ ավագ իշխաններից մեկը, եկավ օգնելու ինձ. թողեցի նրան այնտեղ պարսից թագավորության իշխանի հետ և եկա քեզ հասկացնելու»։ Այս խոսքերի իմաստը հետևյալն է. «Աստծո համար հաճելի է, որ հրեշտակները ևս սիրով վիճում են մեկը մյուսի հետ»: Այսպիսով՝ հրեշտակներից մեկը հրեաների ազատությունը սիրող հրեշտակների հետ վիճաբանում էր այն հարցի շուրջ, որ հրեա ժողովուրդը պետք է մնա գերության մեջ: Իսկ մյուս երկու հրեշտակները փորձում են հրեաներին գերությունից ազատել, ինչին նրանց դրդում էր Դանիելի աղոթքը: Կամ, նույն բառերը կարող են ունենալ հետևյալ իմաստը. Բաբելոնյան աշտարակաշինության ժամանակ լեզուների խառնումից հետո յուրաքանչյուր ազգի հրեշտակ տրվեց, որը պետք է նրա առաջնորդը և իշխանը լիներ: Այսպիսով՝ հրեշտակ տրվեց նաև հրեա ժողովրդին, և նրա առաջնորդությունը վստահվեց Միքայել հրեշտակին: Երբ հրեաները գերի էին Բաբելոնում, և երբ անցավ գերության յոթանասուն տարին՝ Աստծո որոշմամբ սահմանված ժամանակը, այդ ժամանակ էլ Դանիելն իր ժողովրդի ազատության և վերադարձի համար աղոթեց Աստծուն: Մինչև յոթանասուն տարվա ավարտը Մարգարեն չէր աղոթում ժողովրդի ազատության համար: Բայց հրեաներին Բաբելոնից հեռացնելու հարցում Գաբրիելին և Միքայելին խոչընդոտեց և հակադրվեց իշխանը, այսինքն՝ Պարսից ժողովրդի հրեշտակը: Նա առաջին հերթին խոչընդոտեց, որովհետև ցավում էր անվստահելի պարսիկ ժողովրդի վիճակի համար և մխիթարվում էր Իսրայելի օրենքը պահող մարդկանց, ինչպես նաև մարգարեների և սուրբ հրեաների տեսողությամբ (այսինքն՝ աստվածատուր օրենքով ձևավորված գիտակցությամբ): Երկրորդ՝ նա հույս ուներ, որ եթե հրեաները մնան Բաբելոնում և չհեռանան այնտեղից, ապա իրենց առաքինություններով գուցե կուղղեն պարսիկ ժողովրդին և կտանեն Աստվածավախության: Դանիելը և նրա երեք ընկերները բավարար էին նման հույսի համար, ինչպես հենց բաբելոնացիներն էին վկայում իրենց բացականչություններով. «Այլ Աստված չկա, բացի Սեդրակի, Միսակի և Աբդենագովի Աստծուց» (Դանիել. 3.96): Նրանք այսպես աղաղակեցին, երբ տեսան այրվող հնոցի սքանչելիքը և առյուծների որջի հրաշքը, որում Դանիելն էր:
Սուրբ Հովհան Ոսկեբերան
13-21. Պարսից թագաւորութեան մի իշխան հակառակւում էր ինձ քսանմէկ օր, եւ ահա Միքայէլը՝ աւագ իշխաններից մէկը, եկաւ օգնելու ինձ. թողեցի նրան այնտեղ պարսից թագաւորութեան իշխանի հետ։ Եվ եկայ քեզ հասկացնելու, թէ վերջին օրերին ինչ դէպքեր պիտի պատահեն քո ժողովրդին, որովհետեւ տեսիլքդ գալիք օրերի համար է»: Եւ երբ նա այսպէս խօսում էր ինձ հետ, գետին ընկայ իմ երեսի վրայ եւ քարացել էի: Եւ ահա նա, ինչպէս մարդու որդի, մօտենում էր իմ շրթունքներին. ես բացեցի բերանս, խօսեցի ու ասացի այն մարդուն, որ իմ դիմացն էր. «Տէ՛ր, երբ դու երեւացիր ինձ, աղիքներս գալարուեցին, ուժ չկար մէջս: Եվ ինչպէ՞ս կարող է քո ծառան, տէ՛ր, խօսել իմ Տիրոջ հետ: Ես այլեւս զօրութիւն չունեմ, եւ շունչ չմնաց իմ մէջ»՚ Նա էլ աւելի մօտեցաւ ինձ մարդու տեսքով, զօրացրեց ինձ եւ ասաց. «Մի վախեցիր, ա՛յր սիրելի, խաղաղութի՛ւն քեզ, զօրացի՛ր եւ քա՛ջ եղիր»։ Երբ նա խօսում էր ինձ հետ, ես զօրացայ եւ ասացի. «Թող խօսի տէրը, քանի որ դու զօրացրիր ինձ»։ Նա ասաց. «Գիտե՞ս թէ ինչու եկայ քեզ մօտ. այժմ վերադառնում եմ պատերազմելու պարսից իշխանի դէմ. ես գնում էի, իսկ յունաց իշխանը գալիս էր: Բայց ես կը յայտնեմ քեզ, թէ ինչ է գրուած ճշմարիտ գրքերում. եւ նրանց դէմ ոչ մի այլ օգնական չունեմ, բացի ձեր Միքայէլ իշխանից»:
Ինչո՞ւ էր հապաղում: Քանի որ «Պարսից թագավորության մի իշխան հակառակվում էր ինձ քսանմեկ օր»։ Դու լսել ես, որ «Երբ Բարձրյալն իրարից բաժանեց բոլոր ազգերին, ինչպես Ադամի որդիներին էր սփռել, ազգերի սահմանները նշանակեց ըստ Աստծու որդիների (կամ հրեշտակների) թվի» (Բ Օր․ 32։8)։ Յուրաքանչյուր ազգ ունի հովանավորող հրեշտակ, որը ցանկանում է ավելի ուժեղ լինել, քան մյուսները:
Եվ «կտավե զգեստով մարդը» ասելով՝ գուցե նկատի է առնվում քահանայական զգեստը: Նրա տեսիլքը «նման էր կայծակի»: Ինչպե՞ս նա կայծակի մեջ հայտնվեց նրանց: Ինչո՞ւ է այս Հրեշտակը այդպես հայտնվում: Արդյո՞ք դա ժողովրդին տպավորելու համար չէ: Բայց դրանից ի՞նչ օգուտ կա: Նա հայտնվում է, որպեսզի համոզի մարգարեին չվշտանալ այն բանի համար, որ նույն բանն իրեն բազմիցս է ասվում։ Հրեշտակը վկայում է ապագայի զորության մասին կամ էլ, որպեսզի համոզի մարգարեին: «Նրա ձայնը նման էր բազմաթիվ մարդկանց ձայնի (Հայերեն թարգմանության մեջ «կարծես զորքի ձայն լիներ» ձևով է)»․ սա նրան վախեցնելու համար է:
Դանիելը զրկվում է զգացմունքներից, իսկ հետո զրույցի ընթացքում կրկին ուժասպառ է լինում։ Հավանաբար Հրեշտակը դա միայն թույլ է տվել, այլ ոչ թե ինքն է նրան անզոր դարձրել, քանի որ նա նախկինում ասել էր՝ «Մի՛ վախեցիր», և մարգարեն վեր էր կացել: Տեսնո՞ւմ ես, թե ինչպիսին էր հրեշտակի արտաքին տեսքը: Մի՛ կարծիր, որ Դանիելը պղինձ կամ ոսկի է տեսել: Ո՞ւմ կարող էր այդքան տպավորել դրանց տեսքը: Իսկ այստեղ ամենուրեք լույս է: «Քանի որ ինձ ուղարկել են,− ասում է նա,− ուստի ես միայն զգուշացնում եմ քեզ, որ շնորհը չես կորցրել: Քո խոսքերը լսվել են, և ես եկել եմ քո խոսքերի պատճառով»: Ի՞նչ է նա խնդրել և ինչի՞ համար է աղոթել: Բայց հրեշտակը նրան չի ասում այս կամ նման բաների մասին: Գուցե նա ցանկանում էր հստակ իմանալ ժամանակը (ազատումը), ինչն էլ հաջորդում է դրան: «Պարսից թագավորության իշխանը կանգնեց իմ դեմ»: Արդյո՞ք երկրային ղեկավարի մասին չի խոսում նա: Ո՛չ, քանի որ մեկ այլ տեղում նա ասում է. «Ահա՛, Հունաստանի իշխանը կգա»: Ինձ թվում է, որ այս իշխանը ոչ թե ժողովրդի ղեկավարներից կամ տիրակալներից է, այլ երկնային զորություններից: Հետո, երբ այլ հրեշտակներ չեն կարողանում դիմադրել նրան, նա այդ մասին ասում է մարգարեին: «Հրեաները,− ասում է նա,− ազատված են: Էլ ինչի՞ համար ես խնդրում»:
«Ահա Միքայելը՝ ավագ իշխաններից մեկը, եկավ օգնելու ինձ. թողեցի նրան այնտեղ՝ Պարսից թագավորության իշխանի հետ, և եկա քեզ հասկացնելու, թե վերջին օրերին ինչեր պիտի պատահեն քո ժողովրդին, որովհետև տեսիլքդ գալիք օրերի համար է»։ Ինչո՞ւ Միքայելը քսան օրից ավելի վաղ չի գալիս: Ինձ թվում է, որ նա ցանկանում է մարգարեին ցույց տալ, որ նա անթույլատրելի, անօրինական և դժվար բան է խնդրում, և կարծես հրեշտակներին դժվարության մեջ է դնում: Այդ պատճառով էլ Միքայելը օգնության է հասնում ոչ թե հենց սկզբից, ոչ թե ամենասկզբում, այլ ավելի ուշ, որպեսզի ներշնչի, որ դրանից հետո ապրած հրեաներն էլ վերադարձի արժանի չեն: «Եվ ես մնացի այնտեղ՝ կա՛մ համոզելու, կա՛մ խոչընդոտելու համար»: Բայց ո՞ր հրեշտակը կփորձի հակադրվել, երբ լսի, որ Աստված շնորհ է տալիս: Կարծում եմ, որ այստեղ բանը ներկայացվում է զգացական կերպով, ինչպես և այլուր, որտեղ ասվում է. «Ո՞վ կհրապուրի (հայերեն թարգմանության մեջ «կխաբի» է) Իսրայելի արքայ Աքաաբին» (Բ Մնաց․ 18։19)։ «Արդ, թո՛ւյլ տուր ինձ, որ նրանց վրա թափեմ իմ զայրույթը․ կոտորեմ նրանց» (Ելք․ 32։10)։ Մարգարեն կարծես զսպում է Աստծուն, բայց Նա չի հանդուրժում խոչընդոտներ կամ հարկադրանքներ: Այստեղ էլ ճիշտ այդ նույն դեպքն է: Եվ մեկ այլ վայրում ասում է. «Թու՛յլ տուր, քանի որ լույսը բարձրացավ» (Ծննդ. 32։26): Ինչպես նաև հրեշտակի և էշի մասին. «Եթե նա ինձանից չխուսափե (Թվեր. 22։33) և կրկին. «Ես միայն նրանից կընդունեմ» (Հոբ․ 42։8): Հետևաբար, սրանով ցույց չի տրվում այն, որ հրեշտակը հակադրվում է Աստծուն, այլ միայն այն, որ հրեշտակները վիրավորվում են: Դանիելն այդպիսի զորություն ուներ:
«Թե վերջին օրերին ինչեր պիտի պատահեն քո ժողովրդին»։ Տե՛ս, թե ինչպես է նա, անհրաժեշտ գործը թողնելով, արդարանում մարգարեի առաջ: Դանիելը կրկին ուժասպառ է լինում, և կրկին հրեշտակը բարձրացնում է նրան և ասում է. «Այժմ վերադառնում եմ պատերազմելու Պարսից իշխանի դեմ. ես գնում էի, իսկ Հունաստանի իշխանը գալիս էր»։ Միգուցե նա գնում էր պատերազմելու մեկի հետ, որն իրեն ընդդիմանում էր ապագայի պատճառով, օրինակ՝ Մակեդոնիայի դեմ գործողների, սակայն նա դեռ համոզված չէ դրանում: Արդյո՞ք հրեշտակները պայքարում ու մրցակցում են մարդկանց համար: Այո՛, քանի որ նրանք շատ են հոգում մարդկանց մասին: Նա դեռ համոզված չէր, և կարծես այսպես էր ցանկանում ասել. «Ես պետք է պատերազմեմ նրա հետ»:
Ա. Լոպուխին
«Բայց պարսիկների թագավորության իշխանը քսանմեկ օր դիմադրեց ինձ, սակայն ահա Միքայելը՝ առաջին իշխանավորներից մեկը, եկավ ինձ օգնելու, և ես մնացի այնտեղ՝ պարսից թագավորների մոտ»։ (Սինոդական թարգ․)[13]
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 11(10):11
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Պարսից թագաւորութեան մի իշխան հակառակւում էր ինձ քսանմէկ օր, եւ ահա Միքայէլը՝ աւագ իշխաններից մէկը, եկաւ օգնելու ինձ. թողեցի նրան այնտեղ պարսից թագաւորութեան իշխանի հետ
(Արարատ թարգ․ 10։13) Եվ պարսիկների թագավորության իշխանը քսանմեկ օր դիմադրեց ինձ, և ահա Միքայելը՝ առաջին իշխաննավորներից մեկը, եկօգեր եկը, եկօգեն Եվ ես մնացի այնտեղ՝ պարսից թագավորների մոտ։
(Գրաբար) Եւ իշխան թագաւորութեանն Պարսից կայր հակառա՛կ ինձ զքսան և զմի օր. և ահա Միքայէլ՝ մի յառաջին իշխանացն եկն օգնել ինձ. և թողի՛ զնա անդ ընդ իշխանի թագաւորութեանն Պարսից.
Պատմամշակութային մեկնություն
Պարսից թագավորության իշխանը: Համատեքստից պարզ է դառնում, որ այս հակառակորդը գերբնական էակ է, այլ ոչ թե երկրային թագավոր: Քումրանի ձեռագրերում «իշխան» տիտղոսը ևս օգտագործվում է հրեշտակապետերի առնչությամբ: Ոչ մի ուրիշ տեղ, բացի այս գլխից, չենք կարող գտնել ավելի համոզիչ փաստարկ աստվածաշնչյան այն հայեցակարգի վերաբերյալ, որ մարդկության պատմության մեջ տեղի ունեցող բախումները համապատասխանում են երկնային ոլորտում առկա կոնֆլիկտներին: Դա արդեն ակնհայտ է աստվածային պատերազմների հայեցակարգից (այս մասին ընթերցի՛ր Ա Թագ. 5։2, 17։37, 17։45−47 համարների մեկնաբանությունները): Իսրայելացիները, որոնց աստվածային ժողովում աստվածների տեղը զբաղեցնում էին հրեշտակները, վերջնականապես հրաժարվեցին ազգային հովանավոր աստվածների գաղափարից՝ հօգուտ գերբնական էակների, որոնք ներկայացնում են ժողովրդի շահերը: Սա արտացոլում է երկինքը մրցակցող աստվածներից ազատելու առաջադեմ գործընթացը և միևնույն ժամանակ դրսևորում է այնպիսի վերաբերմունք, որը թույլ է տալիս հավատալ գերբնականին:
Միքայել։ Ինչպես վերևում նշվեց (այս մասին ընթերցի՛ր 8․16 համարի մեկնաբանությունը), վաղ գրականության մեջ հրեշտակների անունները չեն հայտնվել: Միքայելը դառնում է շատ ավելի նշանավոր դեմք Քումրանի և ապոկրիֆային գրականության մեջ, հատկապես «Ենովք»−ի գրքում: Միքայելը համարվում է Իսրայելի ժողովրդի պահապան հրեշտակը:
Աքքադական հայտնությունները։ Աքքադական գրականության մեջ եղած մի քանի ստեղծագործություններ, որոնք ստեղծվել են մ.թ.ա. XII−IV դարում, կարելի է դասել հայտնութենական ժանրին պատկանող գրվածքների շարքին («Մարդուկի մարգարեությունը», «Շուլգայի մարգարեությունը», «Ուրուկի մարգարեությունը», «Դինաստիկ մարգարեությունը» և «Տեքստ Ա»): Ապացուցված է, որ այդ ստեղծագործությունները սերտ կապ ունեն կանխատեսումների (աստղագուշակության) տեքստերի հետ, և, հետևաբար, չէին կարող չգրավել Դանիելի ուշադրությունը: Այս գրականության ուշագրավ առանձնահատկություններից մեկն այն փաստն է, որ դրանում իբր կանխատեսվում է ապագա թագավորների իրավահաջորդությունը, և ամփոփվում են նրանց որոշ գործեր: Հաճախ նրանց գործողությունները բացասական բնույթ ունեն, և գրականության խնդիրն է դատապարտել այդ թագավորներին: Բայց անխափանորեն, արդյունքում այսպիսի թագավորներին փոխարինելու է գալու մի թագավոր, որը շտկելու է գործերի վիճակը (այս առումով «Դինաստիկ մարգարեությունը» կարող է բացառություն լինել, բայց դրա վերջին մասում տեքստը այնքան աղավաղված է, որ դժվար է վերջնական եզրակացություն անել): Այս ստեղծագործությունները ժամանակակից հետազոտողները դիտում են որպես քարոզչական աշխատանքներ, որոնք ստեղծվել են դրանց մեջ թվարկված վերջին թագավորների օրոք, որոնք օգտագործել են այս գրական ժանրը, որպեսզի մեղադրեն իրենց նախորդներին և հիմնավորեն իշխանության ձգտելու սեփական պահանջների օրինականությունը: Որպես այդպիսին, դրանք կարելի է անվանել «կեղծ−մարգարեություններ», քանի որ դրանցում պարունակվող «կանխատեսումները» գրվել են կատարված փաստից հետո: Դանիել գրքի 11−րդ գլխում, որտեղ ներկայացված է անանուն թագավորների հաջորդականություն, և թվարկվում են նրանց թագավորության ընթացքում տեղի ունեցած որոշ իրադարձություններ, անկասկած, դրսևորվում են այս ժանրին բնորոշ որոշ առանձնահատկություններ: Սակայն Դանիելը, վերջին թագավորին գովաբանելով, չի ավարտում ամբարիշտ տիրակալների թվարկումը։ Ընդհակառակը, այս շարքում վերջին տեղը զբաղեցնող Անտիոքոս Եպիփանեսը նախորդ բոլոր թագավորներից ամենավատն է: Ինչպես իր գրքի մնացած բաժիններում, այնպես էլ այստեղ Դանիելը հայտնի տեխնիկա է օգտագործում, բայց իր նպատակների համար ամբողջությամբ վերամշակում է այն: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ընթերցի՛ր Զաքարիա 1−ին գլխի մեկնաբանություններում տեղադրված «Ապոկալիպտիկ գրականություն» հոդվածը:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: