Ա․ Լոպուխին
«Եվ նա պիտի մտադրվի իր թագավորության ամբողջ ուժով մուտք գործել, և նրա հետ՝ արդարները, ու կանի դա. և իր կնոջ դստերը պիտի տա նրան՝ կորստյան մատնելու համար, բայց այդ մտածումը իրականություն չի դառնա, և դրանից նրան օգուտ չի լինի»։ (Սինոդական թարգ․)[17]
Հնարավորության դեպքում «հարավային թագավորին» պատկանող եգիպտական տիրույթները գրավել ցանկանալով՝ Անտիոքոսը սկսեց խորամանկությամբ գործել: Պաղեստինում ջախջախվելուց հետո նա հաշտություն կնքեց Պտղոմեոսի հետ և իր դուստր Կլեոպատրային նշանեց նրա յոթ տարեկան որդու հետ՝ հույս ունենալով, որ նրա օգնությամբ կկործանի երիտասարդ թագավորին և կգրավի Եգիպտոսը: Սակայն Պտղոմեոսը և նրա ազնվականները, բացահայտելով Անտիոքոսի ծրագրերը, շատ զգուշությամբ էին գործում: Միևնույն ժամանակ Կլեոպատրան ակնհայտորեն իր ամուսնու կողմն էր և ոչ թե հոր: Այս ամենի շնորհիվ Անտիոքոսի ստոր ծրագրերը «չիրականացան» և նրան ոչ մի օգուտ չբերեցին:
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Նա պիտի մտադրուի իր ուժով մտնելու նրա ամբողջ թագաւորութեան մէջ եւ իբր թէ ուղիղ մտքով պիտի անի ամէն ինչ նրա հետ: Երկիրն աւերելու դիտաւորութեամբ իր կանանց դուստրը պիտի տայ նրան, բայց այդ խարդաւանքը չի յաջողուելու նրան.
(Արարատ թարգ․ 11։17) Եվ իր դեմքը հարավ պիտի ուղղի, իր թագավորության ամբողջ ուժով պիտի գա, համաձայնության գա հարավի թագավորի հետ և այդպես անի. դուստր կնության պիտի տա նրան, որպեսզի կործանի թագավորությունը, բայց չպիտի հաջողվի ու չպիտի լինի։
(Գրաբար) Եւ դիցէ զերեսս իւր մտանել զօրութեամբ իւրով յամենայն թագաւորութիւնս նորա, և զամենայն ուղղութիւնս առնիցէ ընդ նմա. և զդուստր կանանց տացէ նմա յապականութիւն. և մի՛ յամրասցի, և մի՛ եղիցի նա նորա։
Պատմամշակութային մեկնություն
Անտիոքոս III–ը պարտություն կրեց հռոմեացի գեներալ Սցիպիոնից (մ.թ.ա. 191–190): Հունաստանի վրա Հռոմի գերիշխանությունը հաստատվեց մ.թ.ա. 196 թվականին կնքված խաղաղ համաձայնագրով։ Հույները, որոնք գոհ չէին այս իրավիճակից, բանակցություններ սկսեցին Անտիոքոսի հետ և նրան իրենց օգնության հասնելու կանչեցին: Այդ ժամանակ Անտիոքոսը, հասկանալով, որ անհրաժեշտ է չեզոքացնել Եգիպտոսին, քայլ կատարեց նրա հետ դաշինք կնքելու ուղղությամբ և իր դուստր Կլեոպատրային որպես հարսնացու ուղարկեց Պտղոմեոս 5–րդին: Նա հույս ուներ, որ դուստրն իրեն արժեքավոր տեղեկություններ կհաղորդի, սակայն տհաճ կերպով հիասթափվեց, երբ հասկացավ, որ նա անցել է իր ամուսնու կողմը: Այնուամենայնիվ, մ.թ.ա. 192–ին նա դուրս եկավ Հունաստանի դեմ: Դաշնակիցների անընդհատ փոփոխությունը, ի վերջո, աշխատեց նրա դեմ, և մ.թ.ա. 191–ին Թերմոպիլում նա կորցրեց իր տասը հազարանոց բանակի զգալի մասը: Դրանից հետո Անտիոքոսը փորձեց ճակատամարտ տալ ծովում, որպեսզի հռոմեացիներին հետ մղի Փոքր Ասիայի ափերից: Մ.թ.ա. 190 թվականին Անտիոքոսին օգնության հասավ Սելևկյանների 70−հազարանոց բանակը: Սցիպիոնի հրամանատարության տակ գտնվող հռոմեական զորքերը երկու անգամ պակաս էին, երբ նրանք հանդիպեցին Մագնեզիայում (Եփեսոսից 50 մղոն հյուսիս է): Բայց վատ մարզված ու մարտավարական սխալներ թույլ տվող Անտիոքոսի զորքերը պարտվեցին։ Նրա բանակը զգալի կորուստներ կրեց: Հանձնվելու նվաստացուցիչ ու թալանող պայմաններն ընդունվեցին անվերապահորեն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: