Դանիելի մարգարեության մեկնություն 12(11):20

Ա․ Լոպուխին

«Նրա փոխարեն պիտի բարձրանա մեկը, որը հարկապահանջին պիտի ուղարկի փառքի թագավորության միջով անցնելու համար, բայց նա նույնպես մի քանի օրից հետո կկործանվի, և դա չի լինի ո՛չ վրդովմունքից ու ո՛չ էլ կռվի մեջ»։ (Սինոդական թարգ․)[20]
   
   Անտիոքոսին հաջորդեց նրա որդին՝ Սելևկոս 4–րդ Փիլոպատորը, որը թագավորեց 12 տարի և ոչ մի ակնառու բան չկատարեց: Նա միայն կարողացավ իրեն խայտառակել՝ փորձելով թալանել Երուսաղեմի տաճարի գանձերը։ Նա այդ բանի համար, պատշաճ առիթով, իր մեծապետ Իլիոդորին ուղարկեց Պաղեստին: Սակայն Տերը հրաշքով ամբարիշտների ձեռքից փրկեց Իր սրբարանը (այս մասին ընթերցի՛ր Բ Մակաբ. 3։7–29 համարները):
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Նրա արմատից թագաւորութեան տունկ պիտի բարձրանայ եւ բռնութեամբ պիտի վերցնի թագաւորական փառքը, բայց այդ օրերին նա պիտի խորտակուի.
(Արարատ թարգ․ 11։20) Եվ նրա փոխարեն մեկը պիտի ելնի, որը հարկապահանջին կուղարկի թագավորության փառքի համար, բայց նա մի քանի օրից հետո կկործանվի, ո՛չ բարկությամբ և ո՛չ պատերազմով։
(Գրաբար) Եւ յարիցէ յարմատոյ նորա տունկ թագաւորութեան ի վերայ պատրաստութեան նորա, և բռնադատիցէ առնել շուք թագաւորութեան. և յաւուրսն յայնոսիկ խորտակեսցի. և ո՛չ երեսօք և պատերազմաւ
   
   Պատմամշակութային մեկնություն

   Սելևկոս IV Փիլոպատոր (մ.թ.ա. 187–175): Անտիոքոս III–ի այս որդին բավականին խաղաղասեր թագավոր է եղել և կարծես Երուսաղեմի հետ լավ հարաբերություններ է պահպանել: Տեքստում նկարագրված դրվագը, հավանաբար, բացառություն է և բնութագրում է նրա պաշտոնյաներից մեկին (Իլիոդորին), որն ուղարկվել էր հարկեր հավաքելու: Նա, հավանաբար, վերցրել է ավելին, քան պահանջվում էր, կամ ոտնձգություն է կատարել Սելևկյանների հակառակորդների թաքցրած միջոցների վրա: Մինչ Օնիա III քահանայապետի՝ Անտիոք հասնելը և թագավորի համար իրավիճակը բացահայտելը Սելևկոսը սպանվում է Իլիոդորոսի գլխավորած դավադրության արդյունքում, իսկ պատմաբանները կասկածում են, որ Անտիոքոս IV–ը ևս մասնակից է եղել այդ գործին: