Ա․ Լոպուխին
40-45. «Ժամանակների վախճանին նրա հետ պիտի բախվի հարավի թագավորը, և հյուսիսի թագավորը կառքերով, ձիավորներով և բազմաթիվ նավերով փոթորկի պես պիտի նրա դեմ ելնի ու պիտի հարձակվի շրջանների վրա, պիտի հեղեղի դրանք և պիտի անցնի դրանց միջով»։ [40] «Եվ պիտի մտնի երկրներից ամենասքանչելին, և շատ շրջաններ պիտի տուժեն, ու նրա ձեռքից պիտի փրկվեն միայն Եդովմը, Մովաբը և Ամմոնի որդիների մեծ մասը»։ «Եվ նա իր ձեռքը պիտի մեկնի դեպի տարբեր երկրներ. Եգիպտոսի երկիրը նույնպես չի փրկվելու»։ «Եվ նա պիտի տիրի Եգիպտոսի ոսկու և արծաթի գանձերին ու բոլոր մեծարժեք բաներին. լիբեացիներն ու եթովպացիները նրան պիտի հետևեն»։ «Բայց արևելքից և հյուսիսից եկող լուրերը պիտի տագնապեցնեն նրան, և նա մեծ կատաղությամբ պիտի ելնի, որպեսզի շատերին կործանի ու բնաջնջի»։ «Եվ նա իր թագավորական վրանները տարածելու է ծովի և փառավոր սրբարանի լեռան մեջտեղում. բայց նա պիտի հասնի իր վախճանին, և նրան ոչ ոք չի օգնելու»։ (Սինոդական թարգ․)
Իր թագավորության ավարտին Անտիոքոսը մեծ զորքով կրկին դուրս եկավ Եգիպտոսի թագավորի դեմ և անցնելով «հարավի թագավորին» պատկանող շրջանները՝ ավերեց դրանք: Հուդան նույնպես թալանվեց նրա կողմից: Միայն Եդովմացիների, Մովաբացիների և Ամմոնացիների ունեցվածքը մնաց անձեռնմխելի: Անտիոքոսը նրանց հանգիստ թողեց, քանի որ շտապում էր Եգիպտոսի թագավորի դեմ, որպեսզի նրան զորանալու համար ժամանակ չտար: Իր թագավորության՝ հեռավոր հյուսիսային և արևելյան հատվածներում գտնվող տարածքներում նրա դեմ դժգոհության հասունացման լուրերի տարածումն Անտիոքոսին շտապ հայրենիք վերադառնալ դրդեց (Բ Մակաբ. 5։11): Զայրացած թագավորը շարժվեց դեպի իր թագավորության սահմանները և ճամբար դրեց ծովի և Երուսաղեմի միջև: Դրանից կարճ ժամանակ անց՝ Պարսկաստան վերադառնալիս, Անտիոքի և Էկբատանի միջև, Աստծո կողմից սարսափելի հիվանդությամբ հարվածվելով, Անտիոքոսը մահացավ (Բ Մակաբ. 9։1, 3, 5, 9, 28):
--------------------------------
[40](Էջմիածին թարգ․) Եւ երբ ժամանակի վախճանը գայ, նա պիտի կռուի Հարաւի թագաւորի դէմ: Հիւսիսի թագաւորը կառքերով, հեծեալներով ու բազում նաւերով զօրք պիտի հաւաքի նրա դէմ, պիտի մտնի նրա երկիրը, պիտի կործանի այն,
(Արարատ թարգ․ 11։40) Վախճանի ժամանակ նրա հետ պիտի բախվի հարավի թագավորը։ Կառքերով ու ձիավորներով և բազում նավերով մրրիկի պես նրա վրա է հարձակվելու հյուսիսի թագավորը, երկրները պիտի մտնի, պիտի ողողի և անցնի։
(Գրաբար) Եւ ի ժամանակի վախճանի ոգորեսցի՛ ընդ արքային հարաւոյ. և զօրաժողով լիցի ի վերայ նորա արքայն հիւսւսոյ, կառօք և հեծելովք և նաւօք բազմօք, և մտցէ յերկիրն՝ և խորտակեսցէ. և անցցէ՛
Պատմամշակութային մեկնություն
Վերջին մարտը: Պատմական իրադարձությունները, որոնք տեղավորվում կամ ընկնում են այս հաջորդականության մեջ, անհայտ են: Անտիոքոս IV–ը սպանվել է մ.թ.ա. 164–ի դեկտեմբերին Պարսկաստանում տեղի ունեցած մի ճակատամարտում: Շատ մեկնաբաններ Դանիելի 11–րդ գլխի այս հատվածը (36–րդ համարից սկսած) մեկնաբանում են որպես հեռավոր ապագայում տեղի ունենալիք իրադարձությունների մասին քննարկում:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: