Դանիելի մարգարեության մեկնություն 14:65

Ա. Լոպուխին

(65)1-41. «Աստիագես թագավորը մեծարում էր իր հայրերին, և պարսից Կյուրոսը ստացավ նրա թագավորությունը»:[65]  «Եվ Դանիելն ապրում էր թագավորի հետ, ու նա ավելի փառավոր էր, քան իր բոլոր ընկերները»։ «Բաբելոնացիները Բել անունով մի կուռք ունեին, և օրական նրան բաժին էր ընկնում քսան մեծ չափի ցորենի ալյուր, քառասուն ոչխար և վեց չափ էլ գինի»։ «Թագավորը պաշտում էր նրան և ամեն օր գնում էր նրան երկրպագելու, բայց Դանիելն իր Աստծուն էր երկրպագում։ Եվ թագավորն ասաց նրան. «Դու ինչո՞ւ չես երկրպագում Բելին»»։ «Նա պատասխանեց. «Որովհետև ես չեմ երկրպագում ձեռակերտ կուռքերին, այլ երկրպագում եմ կենդանի Աստծուն, Որն արարել է երկինքն ու երկիրը և իշխում է ամեն մարմնի վրա»»։ «Թագավորն ասաց. «Իսկ Բելը քեզ կենդանի Աստված չի՞ թվում, չե՞ս տեսնում, թե նա ամեն օր որքան է ուտում և խմում»»։ «Դանիելը ժպտալով ասաց. «Մի՛ խաբվիր, արքա՛, որովհետև նա ներսից կավից է, իսկ դրսից՝ պղնձից, և երբևէ ո՛չ կերել է, ո՛չ էլ խմել»»։ «Այդ ժամանակ թագավորը բարկանալով՝ կանչեց իր քրմերին և ասաց նրանց. «Եթե ինձ չասեք, թե ով է ուտում այս ամենը, ապա կմեռնեք»»։ «Իսկ եթե ինձ ապացուցեք, որ Բելն է ուտում այդ բոլորը, ապա կմեռնի Դանիելը, քանի որ նա հայհոյեց Բելին»։ Դանիելն ասաց թագավորին. «Թող քո խոսքի համաձայն լինի»»։ «Բելի քրմերը յոթանասուն հոգի էին՝ չհաշված կանանց և երեխաներին»։ «Եվ թագավորը Դանիելի հետ եկավ Բելի տաճար, և Բելի քրմերն ասացին. «Ահավասիկ, մենք դուրս ենք գալիս, և դու, արքա՛, կերակուր դնելով ու գինի լցնելով, փակի՛ր դռներն ու կնքի՛ր քո մատանիով»»։ «Եվ եթե վաղը գաս ու չտեսնես, որ այդ բոլորը Բելն է կերել կողմից, մենք կմեռնենք, իսկ եթե ոչ՝ Դանիելը, որը սուտ խոսեց մեր մասին»»։ «Նրանք անուշադրության էին մատնել այդ հարցը, քանի որ սեղանի տակ գաղտնի մուտք էին կառուցել ու միշտ այդտեղով մտնում և ուտում էին ամենը»։ «Երբ նրանք դուրս եկան, թագավորը կերակուրը դրեց Բելի առաջ, իսկ Դանիելը հրամայեց իր սպասավորներին, և նրանք մոխիր բերեցին և ցանեցին ամբողջ տաճարում՝ միայն թագավորի ներկայությամբ, և դուրս գալով՝ փակեցին դռները և կնքեցին թագավորի մատանիով ու գնացին»։ «Իսկ քրմերը, իրենց սովորության համաձայն, գիշերը ներս մտան իրենց կանանց և երեխաների հետ, ու ամեն ինչ կերան և խմեցին»։ «Հաջորդ օրը թագավորը վաղ վեր կացավ, և Դանիելը՝ նրա հետ»։ «Եվ ասաց․ «Կնիքներն անխա՞խտ են, Դանիե՛լ»։ Նա ասաց. «Անխախտ են, արքա՛»։ «Եվ հենց որ դռները բացեցին, թագավորը, նայելով սեղանին, բարձրաձայն գոչեց և ասաց. «Մեծ ես դու, ո՛վ Բել, և ոչ մի խաբեություն չկա քո մեջ»»։ «Դանիելը, ժպտալով, բռնեց թագավորին, որպեսզի նա ներս չմտնի, և ասաց. «Նայի՛ր հատակին և տե՛ս, ո՞ւմ հետքերն են դրանք»»։ «Թագավորն ասաց. «Տեսնում եմ տղամարդկանց, կանանց և երեխաների հետքեր»»։ «Եվ, բարկանալով, թագավորը հրամայեց բռնել քրմերին, նրանց կանանց և երեխաներին, և նրանք ցույց տվեցին գաղտնի դուռը, որով ներս էին մտնում և ուտում սեղանի վրա եղածը»։ «Այդ ժամանակ թագավորը հրամայեց սպանել նրանց, իսկ Բելին էլ հանձնեց Դանիելի ձեռքը, և նա ավերեց այն ու նրա տաճարը»։ «Այդ վայրում մի մեծ վիշապ կար, և բաբելոնացիները պաշտում էին նրան»։ «Եվ թագավորն ասաց Դանիելին․ «Մի՞թե դրա մասին էլ կասես, թե այն պղնձից է. ահա, նա կենդանի է, և ուտում է ու խմում․ դու չես կարող ասել, որ այս աստվածը կենդանի չէ․ այնպես որ երկրպագի՛ր դրան»»։ «Դանիելն ասաց. «Ես իմ Տեր Աստծուն եմ երկրպագում, որովհետև Նա է կենդանի Աստվածը»»։ «Բայց դու, արքա՛, թույլտվությո՛ւն տուր ինձ, և ես առանց սրի ու գավազանի կսպանեմ այդ վիշապին»։ Թագավորն ասաց. «Թույլ եմ տալիս քեզ»»։ «Այդ ժամանակ Դանիելը վերցրեց ձյութ, ճարպ և մազ, եփեց միասին և դրանից գնդիկ շինելով՝ գցեց վիշապի բերանը, և վիշապը պայթեց։ Եվ Դանիելն ասաց. «Ահա՛ ձեր սրբությունները»»։ «Երբ բաբելացիները լսեցին այդ մասին, սաստիկ բարկացան և ապստամբեցին թագավորի դեմ ու ասացին. «Թագավորը հրեա է դարձել, կործանեց Բելին ու սպանեց վիշապին, իսկ քրմերին էլ մահվան մատնեց»»։ «Եվ, գալով թագավորի մոտ, ասացին. «Դանիելին մեր ձե՛ռքը տուր, ապա թե ոչ մենք կսպանենք քեզ և քո տունը»»։ «Եվ երբ թագավորը տեսավ, որ նրանք խիստ պնդում են, ստիպված եղավ Դանիելին մատնել նրանց ձեռքը»։ «Նրանք նրան նետեցին առյուծների գուբը, և նա այնտեղ մնաց վեց օր»։ «Գուբի մեջ յոթը առյուծներ կային, և ամեն օր նրանց երկու մարդ և երկու ոչխար էին տալիս․ այդ ժամանակ նրանց նրանց առջև ոչինչ չգցեցին, որպեսզի առյուծներն ուտեին Դանիելին»։ «Հրեաստանում կար Ամբակում անունով մի մարգարե, որը ճաշը եփելով և հացը այդ ճաշի մեջ թաթախելով, գնում էր դաշտ, որպեսզի դա տաներ քահանաներին»։ «Բայց Տիրոջ հրեշտակն ասաց Ամբակումին. «Այդ ճաշը, որ դու ունես, տա՛ր Բաբելոն՝ Դանիելին՝ առյուծների գուբը»»։ «Ամբակումն ասաց. «Տե՛ր, ես երբեք Բաբելոնը չեմ տեսել և չգիտեմ, թե ո՛ւր է գուբը»»։ «Այդ ժամանակ Տիրոջ Հրեշտակը բռնեց նրա գագաթից և ձեռքը գցելով նրա գլխի մազերին՝ իր հոգու զորությամբ նրան տարավ Բաբելոն՝ գուբի մոտ»։ «Եվ Ամբակումն աղաղակեց ու ասաց. «Դանիե՛լ, Դանիե՛լ, վերցրո՛ւ այն ճաշը, որն Աստված է ուղարկել քեզ համար»»։ «Դանիելն ասաց. «Հիշեցիր իմ մասին, Աստվա՛ծ, և չլքեցիր քեզ սիրողներին»»։ «Եվ Դանիելը վեր կացավ ու կերավ։ Աստծո հրեշտակն Ամբակումին անմիջապես տարավ իր տեղը»։ «Թագավորը յոթներորդ օրը եկավ, որպեսզի սգա Դանիելի համար, և մոտենալով գուբի եզրագծին, նայեց այնտեղ, և ահա, Դանիելը նստած էր»։ «Եվ թագավորը բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. «Մեծ ես Դու, Դանիելի Տե՛ր Աստված, և Քեզնից բացի ուրիշ ոչ ոք չկա»»։ (Սինոդական թարգ․)
   
   Այս հատվածը հայտնի է Յոթանասնից թարգմանությունից (Խիզանյան ձեռագիր) և Թեոդոտիոնի բազմաթիվ թարգմանական օրինակներից, սակայն չի հանդիպում Դանիել մարգարեի գրքի եբրայերեն տեքստում։ Բելի պատմությունը լի է բազմաթիվ տարօրինակություններով, որոնք էլ հուշում են դրա լեգենդ լինելու մասին։Պատմության այսպիսի սկիզբը, առաջին հերթին, Յոթանասնիցի ընթերցման նմանողությամբ է. «Ղևիի ցեղից սերող Հիսուսի որդի Ամբակումի մարգարեությունից. կար մի քահանա, որի անունը Դանիել էր, նա Ավալի որդին էր՝ Բաբելոնի թագավորի հետ ապրողներից մեկը»: Դատելով այս արձանագրությունից պետք է ասել, որ պատմությունը փոխառված է Ամբակում մարգարեին վերագրված մի անհայտ ապոկրիֆ գրվածքից: Այն գլխավոր գործող անձ համարում է ոչ թե Հուդայի ցեղից սերող Դանիել մարգարեին (Դան. 1։3−6), այլ ինչ−որ անհայտ Դանիել քահանայի (Ա Եզրեկ․ 8։2): Թեոդոտիոնի թարգմանության մեջ պատմությունն այլ կերպ է սկսվում. «Աստիագես թագավորը հաջորդեց իր հայրերին, և պարսից Կյուրոս թագավորը առավ նրա թագավորությունը: Եվ Դանիելը ապրում էր թագավորի հետ»: Այսպիսով՝ պատմությունը կապվում  է Դանիել մարգարեի գրքի կանոնական բովանդակության հետ, սակայն հակասում է դրա հետ Աստյագեսի մասին հիշատակմամբ (Դանիելի ժամանակակիցը ոչ թե նա է, այլ Դարեհը (Դան. 5։31)) և Կյուրոսի հետ մարգարեի ունեցած անսովոր մտերմությամբ:

Կասկածներ է հարուցում նաև այն մասին հետագա պատմությունը, որ Կյուրոսը եղել է բաբելոնական Բել կուռքի երկրպագողը ( Դան. 14։3, 4): Իսկապես, բաբելոնացիները Բել կուռք ունեին (Ես. 46։1), սակայն կուռքեր չունեցող և բոլոր պարսիկների պես արևին պաշտող Կյուրոսը դժվար թե կարողանար երկրպագել դրանց: Բելի պատմությունն ավարտվում է Կյուրոսի թույլտվությամբ Դանիելի կողմից իր կուռքի և նույնիսկ «տաճարի ոչնչացմամբ» (Դան․ 14։22): Միևնույն ժամանակ, ըստ Հերոդոտոսի, այս տաճարը գոյություն է ունեցել նաև Կյուրոսից հետո՝ Քսերքսեսի օրոք, որի կողմից էլ այն կողոպտվել է: Բացի այդ, տարօրինակ է նաև այն, որ տաճարը ոչնչացվել է միայն Դանիելի կողմից: Կաթոլիկ էկզեգետները այստեղ գավթի կամ որևէ հարկի մասնակի քանդման մասին ակնարկ են տեսնում  (Պեսոցկի, էջ 457, տող 1), սակայն տեքստը դա թույլ չի տալիս: Պատմական հավաստիության տեսանկյունից կասկածելի է նաև 14−րդ գլխի (Հայերեն թարգմանության մեջ գլխաբաժանումը մի փոքր այլ է՝ 13−րդ գլխի վերջնամաս) երկրորդ կեսում զետեղված վիշապի պատմությունը: Դրա անճշմարտացիությունն ակնհայտ է այն փաստից, որ այն Ամբակում մարգարեին Դանիելի ժամանակակիցն է համարում (Դան. 14։33): Իրականում, Ամբակումն ապրել է քաղդեացիների Հրեաստան ներխուժումից շատ առաջ, քանի որ նրանց բնութագրում է որպես իր ունկնդիրների համար բոլորովին անծանոթ ժողովրդի (Ամբակում. 1։6−12), իսկ արշավանքն ինքնին նրանց համար որպես անհավանական իրադարձություն է պատկերում (Դան․ 1։5, 6): Ամբակում մարգարեն համարվում է Եսայու, բայց ոչ Դանիելի, ավելի երիտասարդ ժամանակակիցը: Քիչ հավանական են նաև պարտված բաբելոնացիների Կյուրոսին ներկայացրած պահանջները և Դանիելի կողմից օձի սպանության համար «նրան ու նրա տունը ոչնչացնելու» սպառնալիքները (Դան. 14։29, 30)։ Սա հիշեցնում է Դարեհին ներկայացված նույնանման պահանջը։ Սակայն վերջինս ներկայացվում է ոչ թե պարտվածների, այլ պալատական ​​պաշտոնյաների կողմից և հիմնված է «մարերի ու պարսիկների օրենքների» վրա (Դան. 6։15, Յունգերով, էջ 288):

   Ինչ վերաբերում է Բելի և վիշապի պատմության բնօրինակին, ապա եբրայերեն−արամեերեն լեզվով դրա գոյության պաշտպանները մատնանշում են 1290 թվականին Ռայմունդ Մարտինիի կողմից հրատարակված Ծննդոց գրքի հրեական մեկնաբանությունից արամեական մի հատված, որը բովանդակությամբ նման է 14−րդ գլխի 27−41 համարներին:
--------------------------------
[65](Էջմիածին թարգ․) Աստիագէս թագաւորը յարդեց իր հայրերին, եւ պարսից Կիւրոս թագաւորը առաւ նրա թագաւորութիւնը։
(Արարատ թարգ․)
(Գրաբար) Եւ թագաւորն Աստիագէս յաւելաւ առ հարս իւր, և ա՛ռ Կիւրոս Պարսիկ զթագաւորութիւն նորա։