Դանիելի մարգարեության մեկնություն 5(4):16

Ա. Լոպուխին

16-24․ «Այն ժամանակ Դանիելը, որի անունը Բաղդասար էր, մոտավորապես մեկ ժամ ահաբեկված մնաց, և նրա մտածումները նրան խռովեցրին։ Թագավորը սկսեց խոսել և ասաց. «Ո՛վ Բաղդասասար, թող այդ երազն ու դրա նշանակությունը չխռովեցնեն քեզ»։ Բաղդասարը պատասխանեց և ասաց. «Ո՛վ տեր իմ, թող այդ երազը քեզ ատողներին լինի, իսկ դրա նշանակությունը՝ քո թշնամիներին»։ [16] «Այն ծառը, որը դու տեսար և որը մեծ ու ամուր էր ու իր բարձրությամբ հասնում էր մինչև երկինք և տեսանելի էր ամբողջ երկրի վրա»։ «Որի տերևները գեղեցիկ էին, իսկ պտուղը՝ առատ, և նրա վրա կերակուր կար ամենքի համար, որի տակ էին բնակվում դաշտի գազանները, և որի ճյուղերի վրա էին բոււյն դնում երկնքի թռչունները»։ «Դա դու ես, ո՛վ թագավոր, որ մեծացար ու հզորացար, և քո մեծությունը աճեց ու հասավ մինչև երկինք, իսկ քո իշխանությունը՝ մինչև երկրի ծայրերը»։ «Իսկ որ թագավորը մի Պահապանի և Սրբի տեսավ՝ երկնքից իջնելիս, Որն ասաց. «Կտրե՛ք ծառը և ոչնչացրե՛ք այն, բայց նրա գլխավոր արմատը թողե՛ք հողի մեջ, և թող այն երկաթե ու պղնձե կապանքների մեջ, դաշտի խոտերի մեջ լինի և երկնքի ցողով թող ոռոգվի, ու նրա բաժինը դաշտի գազանների հետ թող լինի, մինչև որ յոթ ժամանակ անցնի նրա վրայով»»։ «Ապա սա է դրա նշանակությունը, ո՛վ թագավոր, և ահա՛ Ամենաբարձրյալի վճիռը, որ հասել է իմ տեր թագավորին»։ «Քեզ արտաքսելու են մարդկանց միջից, և քո բնակությունը դաշտի գազանների հետ պիտի լինի, և արջառների պես քեզ խոտով են կերակրելու, թրջվելու ես երկնքի ցողով, և յոթ ժամանակ է անցնելու քո վրայով, մինչև որ իմանաս, որ Ամենաբարձրյալն է տիրում մարդկանց թագավորության վրա և այն տալիս է նրան, ում որ ուզում է»։ «Իսկ այն, որ հրամայվել է ծառի գլխավոր արմատը թողնել, դա նշանակում է, որ քո թագավորությունը քոնը կմնա, երբ դու ընդունես երկնքի իշխանությունը»։ «Ուստի, ո՛վ թագավոր, թող իմ խորհուրդը քեզ հաճելի լինի. քո մեղքերն արդարությա՛մբ քավիր և քո անօրենությունները՝ աղքատների հանդեպ ողորմությամբ. ահա թե ինչպես կարող է երկարացվել քո խաղաղությունը»: (Սինոդական թարգ․)
   
   Կանխատեսելով Նաբուգոդոնոսորի առաջիկա պատժի պատճառը՝ նրա հպարտությունը, Դանիելը խորհուրդ է տալիս թագավորին խոնարհվել և դա ցույց տալ ճշմարտությամբ ու ողորմածությամբ  և այդպիսով կանխել գալիք աղետը:
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Այն ժամանակ Դանիէլը, որի անունը Բաղդասար էր, ամփոփուեց մի պահ. նրա մտքերը խռովում էին նրան: Պատասխանեց նրան թագաւորը եւ ասաց. «Բաղդասա՛ր, երազն ու նրա մեկնութիւնը թող չտագնապեցնեն քեզ»: Բաղդասարը պատասխանեց եւ ասաց. «Տէ՛ր իմ, երազը թող քեզ ատողների համար լինի, եւ նրա մեկնութիւնը՝ քո թշնամիների:
(Արարատ թարգ․ 4։19) Այն ժամանակ Դանիելը, որի անունը Բաղդասասար էր, որոշ ժամանակ ահաբեկված մնաց, և նրա խորհուրդները նրան խռովեցին։ Թագավորն ասաց. «Ո՛վ Բաղդասասար, երազն ու մեկնությունը թող չխռովեն քեզ»։ Բաղդասասարը պատասխանեց և ասաց. «Ո՛վ տեր իմ, երազը քեզ ատողներին և նրա մեկնությունը քո թշնամիներին թող լինեն։
(Գրաբար) Յայնժամ Դանիէլ՝ որում անուն էր Բաղտասար՝ հիացաւ իբրև ժամ մի և խորհուրդք նորա խռովեցուցանէին զնա։ Պատասխանի ետ թագաւորն՝ և ասէ ցնա. Բա՛ղտասար, երազն և մեկնութիւն նորա մի՛ տագնապեցուցանեն զքեզ։ Ետ պատասխանի Բաղտասար՝ և ասէ. Տէ՛ր՝ երազն ատելեաց քոց, և մեկնութիւն նորա թշնամեաց քոց։