Դանիելի մարգարեության մեկնություն 6(5):5

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Նոյն ժամին երեւացին մարդու ձեռքի մատներ, որոնք գրում էին թագաւորի տաճարի ծեփած պատի վրայ՝ կանթեղի դիմաց: Թագաւորը տեսնում էր թաթն այն ձեռքի, որ գրում էր:
   
   Տե՛ս, Աստված երբեք չի սկսում, բայց գործում է դրանից (այսինքն՝ մարդու կողմից որևէ քայլ կատարելուց) հետո: Ինչո՞ւ դատավճիռը հաջորդեց անմիջապես և նույն պահին: Որպեսզի չվերանար այն, ինչն արվել էր նախորդ հրաշքի միջոցով. անոթների օգտագործմամբ Աստծուն վիրավորելով՝ թագավորը ցանկանում էր վիրավորել նաև մարդկանց: Եվ տե՛ս, թե ինչ տեղի ունեցավ: Նա ցանկացավ անոթները և նույն պահին պատժվեց: Ինչո՞ւ է Աստված մերկացնելու համար ուղարկում ոչ թե մարգարեին, այլ ձեռքի մատներ: Որպեսզի մերկացումն ավելի ցնցող լինի:

   Նկատի՛ր, որ երեկո էր: Անհրաժեշտ էր մեղմացնել հարբեցողությունից բխող ամբարտավանությունը, անհրաժեշտ էր, որ բոլոր ներկաներն իմանային, որ թագավորը պատժի է ենթարկվել: Ինչո՞ւ Աստված անմիջապես երկնքից կայծակ չուղարկեց: Որպեսզի հետո իր ծառան կրկին փառավորվի, որպեսզի նրանք լսեն, թե ինչու է թագավորը ենթարկվում դրան:
   

Ա. Լոպուխին

5-6․ «Այդ իսկ պահին մարդկային ձեռքի մատներ հայտնվեցին և գրեցին թագավորական պալատի պատի ծեփի վրա՝ աշտանակի դիմաց, և թագավորը տեսավ այն ձեռքը, որը գրում էր»։[5] «Այդ ժամանակ թագավորի դեմքն այլափոխվեց. նրա մտածումները խռովեցրին նրան, նրա մեջքի կապերը թուլացան, և նրա ծնկները մեկը մյուսին էին բախվում»։ (Սինոդական թարգ․)
   
   Թմրության մեջ ընկած Բաղդասարը խելքի եկավ պալատի պատին խորհրդավոր տառ գրած ձեռքի տեսքից: Լկտիությունը փոխարինվեց վախով: Ինչպես վկայում են Բաբելոնում կատարված պեղումները, տների ներքին պատերը ծածկվում էին մարած կրաքարից և գիպսից պատրաստված ամուր ցեմենտե սվաղով, և սա էլ  իր հերթին  էր ծածկվում սպիտակ մաստիկով, որի վրա երբեմն ամբողջական նկարներ էին պատկերվում: Պատին թեթևակիորեն գրված տառերը տեսանելի եղան խրախճանքի մասնակիցների համար, քանի որ նրանց վրա էր ընկնում խրախճանքի սրահը լուսավորող լամպի լույսը:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Նոյն ժամին երեւացին մարդու ձեռքի մատներ, որոնք գրում էին թագաւորի տաճարի ծեփած պատի վրայ՝ կանթեղի դիմաց: Թագաւորը տեսնում էր թաթն այն ձեռքի, որ գրում էր:
(Արարատ թարգ․ 5։5) Այդ պահին մարդկային ձեռքի մատներ երևացին և աշտանակի դիմաց գրեցին թագավորական պալատի պատի ծեփի վրա։ Եվ թագավորը տեսավ այն ձեռքը, որը գրում էր։
(Գրաբար) Ի նմին ժամու ելի՛ն մատունք ձեռին մարդոյ, և գրէին հանդէպ գնդին’ի վերայ բռելոյ որմոյ տաճարի թագաւորին. և թագաւորն տեսանէր զթաթ ձեռինն որ գրէր։
   
   Պատմամշակութային մեկնություն

   Ձեռքը։ Մարմնից կտրված ձեռքը խորհրդանշում էր պարտված թշնամուն: Ռազմական կորուստները սովորաբար հաշվարկվում էին մարմիններից կտրված ձեռքերով (Դագոնի ձեռքերի կտրման մասին ընթերցի՛ր Ա Թագ.  5։3–4 համարների մեկնաբանության մեջ): Բաբելոնցիների կողմից անոթների՝ խմելու համար օգտագործումը հիշեցնում էր Յահվեի պարտությունը (հնարավոր է այլ աստվածների և ժողովուրդների հետ միասին), բայց աջը մեռած աստծու անկենդան ու կտրված ձեռքը չէր: Այն կենդանի էր և կարևոր ուղերձ ուներ: Սրա տպավորությունը կարելի է համեմատել գլխատված զոհի գլխի խոսելու դեպքում ստացվելիք տպավորության հետ։

   Գրության տեղը:  Հետաքրքիր է, որ արձանագրությունը արվել է լամպի դիմացի սվաղված պատի վրա, և այս հետաքրքրական մանրուքը կարող է ցույց տալ, որ ամբողջ սենյակը սվաղված և լուսավորված է եղել բազմաթիվ լամպերով: Բաբելոնում պեղված գահասենյակը որոշակի պարզաբանումներ է տալիս: Այն 170 x 55 ոտնաչափ մեծություն ունեցող հրապարակ է, և այնտեղ հնարավոր է մուտք գործել երեք ընդարձակ բակերից, որոնց մուտքը  Իշտար աստվածուհու դարպասի ներսում  է: Պատի մի մասը զարդարված է կապույտ փայլով ծածկված աղյուսներով, իսկ մնացած մակերեսը սվաղված է: «Լամպադա» թարգմանված բառը բավականին հազվադեպ է հանդիպում և, հնարավոր է, փոխառված է պարսկերենից: Դա, հավանաբար, մատնանշում է բավականին անսովոր տեսք ունեցող և առանձին կանգնող լամպի մի տեսակ: