Դանիելի մարգարեության մեկնություն 8(7):7

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

Դրանից յետոյ դարձեալ նայում էի. եւ ահա տեսայ չորրորդ գազանին, որ ահեղ, զարմանալի եւ առաւել հզօր էր. նրա ժանիքները երկաթեայ էին, ուտում-մանրում էր եւ մնացորդները ոտքի տակ կոտրատում: Սա աւելի այլակերպ էր, քան նրանից առաջ բոլոր գազանները. տասը եղջիւր ունէր:
   
   Այնուհետև մարգարեն խոսում է այլազան և տարատեսակ հատկություններով գազանի հայտնվելու մասին, որին նա չի կարողանում պատկերել (այսինքն՝ ինչ-որ հստակ ու մարդու հասկացողությանը ծանոթ բանի նմանեցնել)։ Այդ գազանը չափազանց փոփոխական էր: Նա հաղթում է բոլոր մյուս թագավորներին: [Նրանցից երկուսի] զորությունն արագության մեջ էր, իսկ այս մեկինը՝ ատամների, քանի որ դրանք երկաթյա էին: «Մնացորդները ոտքի տակ է կոտրատում»։ Այստեղ խոսվում է բազմաթիվ պատերազմների մասին: Որո՞նք են տասը թագավորները: Ի՞նչ է նշանակում փոքրիկ եղջյուրը: Ես պնդում եմ, որ դա հակաքրիստոսն է, որը հայտնվում է մի քանի թագավորների միջից:
   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Սրանից հետո գիշերային տեսիլքներում ես տեսա ահա նաև մի չորրորդ գազանի՝ ահեղ, սարսափելի և չափազանց հզոր. նա երկաթե մեծ ատամներ ուներ, խժռում էր և փշրում, մնացածը ոտքերով տրորում․ նա տարբերվում էր բոլոր նախկին գազաններից, և նա տասը եղջյուր ուներ»։ (Սինոդական թարգ․) [7]
   
   Ըստ Դանիել մարգարեի երկնային զրուցակցի՝ չորրորդ գազանը նշանակում է մի թագավորություն, որը տարբերվում է բոլոր նախորդներից (Դան․ 7։23): Այս գազանի առանձնահատկությունը, որը խորհրդանշաբար ներկայացված է հսկայական երկաթե ժանիքներով, սարսափելի ամենակործան ուժի ու ագահությամբ ոչնչացնելու և կործանելու ակնհայտ ցանկությունն է. «նա (գազանը) ուտում–մանրում էր և մնացորդները ոտքի տակ կոտրատում»։ Այդպիսի ամենակործան, ամբողջ երկիրը կուլ տվող և աշխարհին տիրապետելու ճանապարհին խոչընդոտ հանդիսացող թագավորություններին ոչնչացնող, եղել է Հռոմեական կայսրությունը: Այս առանձնահատկությունն արդեն մատնանշվում է հնագույն պատմիչների կողմից: Այսպիսով՝ Հերոդիոնը նշում է, որ «երկնքի տակ չկա որևէ երկիր, որի վրա հռոմեացիները չէին տարածել իրենց իշխանությունը»: Հռոմեական կայսրությունը նրա նախորդների հետ համեմատելով՝ Դիոնիսիոս Հալիկառնացին ասում է. «Քաղդեացիների, Պարսկական և Հունական թագավորություններն ամենափառավորներն են բոլոր նրանցից, որոնք գոյություն են ունեցել մինչև մեր ժամանակը, բայց Հռոմը տարածում է իր իշխանությունը բոլոր երկրներում և ծովերում, որոնք հասանելի են միայն մարդուն: Իր հսկայական տիրապետությամբ նա ընդգրկում է ամբողջ Արևելքն ու ամբողջ Արևմուտքը»: Գազանի գլխին եղած տասը եղջյուրները  տասը թագավորներ են (Դան․ 7։24):
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Դրանից յետոյ դարձեալ նայում էի. եւ ահա տեսայ չորրորդ գազանին, որ ահեղ, զարմանալի եւ առաւել հզօր էր. նրա ժանիքները երկաթեայ էին, ուտում-մանրում էր եւ մնացորդները ոտքի տակ կոտրատում: Սա աւելի այլակերպ էր, քան նրանից առաջ բոլոր գազանները. տասը եղջիւր ունէր:
(Արարատ թարգ․ 7։7)Սրանից հետո գիշերվա տեսիլքներում տեսա ահա մի չորրորդ գազանի ՝ ահեղ, կալի և չափազանց հզոր. նա երկաթե մեծ ատամներ ուներ, ուտում էր և փշրում ու մնացածը ոտքերով տրորում։ Նա տարբեր էր իրեն նախորդող բոլոր գազաններից և տասը եղջյուր ուներ։
(Գրաբար) Եւ զկնի նորա հայէի. և ահա գազանն չորրորդ՝ ահե՛ղ և զարմանալի՝ և հզօր առաւել, և ժանիք նորա երկաթիք. ուտէր և մանրէր, և զմնացորդսն առ ո՛տն կոտորէր. և ինքն առաւել այլակե՛րպ քան զամենայն գազանսն որ յառաջ քան զնա. և եղջեւրք տասն’ի նմա։