Սուրբ Հովհան Ոսկեբերան
Երբ նա խորտակուի, նրա տակ գտնուող միւս եղջիւրները՝ չորս թագաւորներ, կ՚ելնեն նրա ազգից, բայց ոչ իրենց ուժով:
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 9(8):1
Ա. Լոպուխին
«Այն կոտրվեց, և նրա փոխարեն ուրիշ չորսը դուրս եկան. դրանք չորս թագավորություններ են, որոնք ելնելու են այդ ժողովրդից, բայց ոչ նրա զորությամբ»։ (Սինոդական թարգ․) [22]
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 9(8):19
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Երբ նա խորտակուի, նրա տակ գտնուող միւս եղջիւրները՝ չորս թագաւորներ, կ՚ելնեն նրա ազգից, բայց ոչ իրենց ուժով:
(Արարատ թարգ․ 8։22) Իսկ այն կոտրվածը, որի փոխարեն չորսը դուրս եկան, նրա ազգից չորս թագավորություններ են դուրս գալու, բայց ոչ թե նրա զորությամբ։
(Գրաբար) Եւ’ի խորտակելն նորա ընդ որով էին այլ եղջեւրքն, չո՛րք թագաւորք յազգէ նորա յարիցեն, և ո՛չ իւրեանց զօրութեամբ։
Պատմամշակութային մեկնություն
Չորս թագավորությունները: Դժվար չէ նույնականացնել, թե որ թագավորին է ներկայացնում «մեծ եղջյուրը»։ Այդ թագավորը Ալեքսանդր Մեծն է, որի զորքը մ.թ.ա. 335–331 թվականներին պատմության ասպարեզից հեռացրեց Պարսկական կայսրությունը: 33 տարեկանում Ալեքսանդրի անսպասելի մահվանից հետո նրա միակ օրինական ժառանգներն են դառնում կայսրության անվանական կառավարիչները (Ալեքսանդրի խորթ եղբայր Ֆիլիպ Արրեյդին և Ալեքսանդրի ու Ռոքսանայի որդին՝ Ալեքսանդր IV–ը, որը ծնվեց հոր մահից երկու ամիս անց), սակայն իրական իշխանությունը կենտրոնացած էր երեք փորձառու քաղաքական գործիչների ձեռքում, որոնք են Անտիպատրեսը (Մակեդոնիայի տիրակալ), Պերդիկան (գերագույն հրամանատար) և Կրատերը (Արրեյդի գանձապահը և խորհրդականը): Մ․թ․ա․ 321 թվականին այս երեք կառավարիչները դարձան պարզ հակառակորդներ, իսկ չորրորդն իշխանության համար պայքարի մեջ մտավ Եգիպտոսի տիրակալ Պտղոմեոսը: Կրատերը սպանվեց մարտում, իսկ Պերդիկան սպանվեց ռազմական առաջնորդների դավադրության արդյունքում, որոնցից մեկը Սելևկոսն էր: Միևնույն ժամանակ Անտիպատրեսը այս պայքարում առաջատար դիրք զբաղեցրեց և Պերդիկայի փոխարեն նշանակեց իր ընկերոջը՝ Անտիգոնին: Մ․թ․ա․ 319 թվականին Անտիպատրեսը մահացավ ծեր հասակում, և երկու տարի անց Մակեդոնիայի ու Հունաստանի մեծ մասի իշխանությունը զավթեց նրա որդին՝ Կասանդերը, որը հրաժարվեց ճանաչել իր մահից առաջ Անտիպատրեսի կողմից նշանակված կառավարչին: Մ․թ․ա․ 317–ի ամռանը Կասանդերի հակառակորդները մահապատժի ենթարկեցին Ֆիլիպ Արրեյդին: Ալեքսանդր IV–ը և նրա մայր Ռոքսանան, ենթարկվել են տնային կալանքի և այդպիսով հեռացվել են իշխանությունից, թեև նրանք ողջ են մնացել մինչև մ.թ.ա. 310 թվականը։ Այժմ իշխանության ղեկին էին երեք անձեր՝ Կասանդերը՝ արևմուտքում, Պտղոմեոսը՝ Եգիպտոսում և Անտիգոնը՝ արևելքում: Ակնկալելով ուժեղացնել իր իշխանությունը արևելքում՝ Անտիգոնը փորձեց ճնշել Սելևկոսին (որն այդ ժամանակ դարձել էր Բաբելոնի տիրակալ), որը մ.թ.ա. 315 թ. բացահայտեց Անտիգոնի հեռահար ծրագրերը Պտղոմեոսի, Կասանդերի և Լյուսիմաքոսի (Թրակիայի նահանգապետ) առաջ: Այս հիմքերով ռազմական բախումները շարունակվեցին մինչև մ.թ.ա. 311 թվականը, երբ Անտիգոնը, մի կողմ թողնելով Բաբելոնի տիրակալ Սելևկոսին, հաշտություն կնքելու առաջարկով դիմեց Պտղոմեոսին, Կասանդերին և Լյուսիմաքոսին: Մ․թ․ա․ 309 թվականին Պտղոմեոսը որոշեց հակադրվել Անտիգոնին, բայց գերագնահատեց իր ուժը և մ․թ.ա. 306–ին պարտություն կրեց Անտիգոնից և նրա որդի Դեմետրիոսից: Անտիգոնի արշավանքը Եգիպտոս անհաջող էր, և մ.թ.ա. 305 թ. Պտղոմեոսը Կասանդերի, Սելևկոսի և Լյուսիմաքոսի հետ միասին (որոնք առավել հաճախ նույնացվում են տեսիլքի չորս «եղջյուրների» հետ) իրենց հռչակեցին Ալեքսանդրի օրինական ժառանգներ: Բայց չորս տարի անց՝ մ.թ.ա. 301 թ., Անտիգոնը սպանվեց Իպսուսի ճակատամարտում: Երեք տարի անց (մ.թ.ա. 298–ին) Կասանդերը մահացավ, իսկ Դեմետրիոսը շարունակեց ամենուրեք տարաձայնություններ սերմանել, սակայն կայսրության չորս մասերի բաժանումն անընդհատ շարունակվող այս քսանամյա պայքարի անխուսափելի արդյունքն էր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: