Ա․ Լոպուխին
36-37. «Ինչո՜ւ ես դու այդքան շատ թափառում՝ փոփոխելով ճանապարհդ. դու պիտի խայտառակվես նաև Եգիպտոսի կողմից, ինչպես որ խայտառակվել ես Ասորեստանի կողմից»։[36] «Եվ այդտեղից էլ դու դուրս կգաս՝ ձեռքերդ գլխիդ դրած, որովհետև Տերը մերժել է քո հույսերը, և դու նրանց հետ հաջողություն չես ունենալու»։ (Սինոդական թարգ․)
Մարգարեն այստեղ անցում է կատարում Հովակիմ թագավորի ժամանակներին, որը հուդայական գահին բարձրացավ եգիպտական Նեհաո փարավոնի շնորհիվ։ Եգիպտացիների օգնությունը հուսալի չէ։ Իսրայելական դեսպանները, ի նշան տխրության և հուսահատության (Բ Թագ․ 13։19), Եգիպտոսից կգնան՝ ձեռքները գլխներին դրած։ Ակնհայտ է, որ մարգարեն այստեղ Եգիպտոսի թուլացման մասին է կանխատեսում, որը հաջորդում է Կարքեմիշի մոտակայքում Նաբուգոդոնոսորից Նեհաո փարավոնի կրած պարտությանը։
Հատուկ նկատառումներ։ Մարգարեի առաջին խոսքերը (2−6−րդ գլուխներ) պատկանում են Հովսիա թագավորի ժամանակներին, և հավանաբար ասվել են մարգարեի ծառայության կանչվելուց հետո, երբ Երուսաղեմում արդեն ոչնչացվել էին կռապաշտության կոպիտ դրսևորումները, սակայն կրոնական բարեփոխումները դեռ ամբողջությամբ չէին իրականացվել։ Մարգարեն, դեռևս, ժողովրդին և առաջնորդներին նայում է որպես Աստծո բարկության տակ կանգնածների, որին նրանք արժանացել էին Եհովայից երկարաժամկետ հեռացմամբ։
Քննադատությունը կասկածի տակ է դնում 2−րդ գլխի 4−13−րդ համարների վավերականությունը։ Դա արվում է այս բաժնի խիստ կտրուկ հանդիմանություններով լի բովանդակության և չափազանց քարոզխոսական երանգի հիման վրա։ Սակայն այս բաժինը, ըստ իր ձևի և բովանդակության, ամբողջովին համապատասխանում է Երեմիայի գրքի այլ հատվածներին։ 2−րդ գլխի 2−12−րդ համարները կարդացվում են հոկտեմբերի 26−ին, որպես ընթերցվածք այն երկրաշարժի մասին հիշողության համար, որը տեղի է ունեցել Կոստանդնուպոլսում։
--------------------------------
[36] (Էջմիածին թարգ․) Դու արհամարհեցիր ինձ՝ միշտ կրկնելով քո ընթացքը, բայց դու Եգիպտոսի՛ց էլ պիտի ամաչես, ինչպէս Ասորեստանից ամաչեցիր:
(Արարատ թարգ․) Ինչքա՜ն ես թափառում՝ ճանապարհդ անընդհատ փոփոխելով. Եգիպտոսից էլ պիտի ամաչես, ինչպես Ասորեստանից ես ամաչել։
(Գրաբար) զի արհամարհեցեր յոյժ կրկնեալ զճանապարհս քո. եւ յԵգիպտոսէ ամաչեսցես՝ որպէս ամաչեցերն յԱսորեստանւոյն։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: