Ա․ Լոպուխին
«Եվ ես ասացի. «Օ՜, Տեր Աստված, մի՞թե դու խաբեցիր միայն այս ժողովրդին ու Երուսաղեմին՝ ասելով. «Խաղաղություն կլինի ձեզ», բայց, այդուամենայնիվ, սուրը հասնում է մինչև մեր հոգին»»։ (Սինոդական թարգ․)[10]
Ո՞վ է սա ասում։ Նոր քննադատները (Կոռնիլ և այլք) ենթադրում են, որ Երեմիան այստեղ սուտ մարգարեներին է մեջբերում։ Ասում են, որ Երեմիան ոչ մի դեպքում չէր կարող մեղադրել Աստծուն այն մարգարեությունների համար, որոնք հրեաներին խաղաղություն խոստացող սուտ մարգարեներն էին արտասանում։ Սակայն ամբողջ ավանդությունը 10−րդ համարի առաջին բառերը, ըստ եբրայեեն տեքստի, կարդում է որպես «վաոմար» = «ես ասացի» (այսինքն՝ Երեմիան), այլ ոչ թե «վայոմերու» = «և նրանք կասեն» (այսինքն՝ սուտ մարգարեները), այնպես որ այստեղ ավելի ճիշտ կլինի մարգարեի կողմից արվող առարկություն տեսնել (Եր․ 1։6, 14։13)։ Ի՞նչ է Երեմիան ցանկանում ասել այս առարկությամբ և ի՞նչ հայտնություն նկատի ունի։ Որոշ մեկնաբաններ (օրինակ՝ Յակիմովը) այստեղ տեսնում են մարգարեի տարակուսանքն այն մասին, որ Աստված թույլ էր տվել սուտ մարգարեներին ժողովրդին լուսավոր հեռանկարներով խաբել (Գ Թագ․ 22։20−22)։ Սակայն առավել բնական է ենթադրել, որ մարգարեն այստեղ նկատի ունի Դ Թագ․ 22։18−20 համարներում բովանդակվող Օղդայի մարգարեությունը, ըստ որի՝ Հովսիայի գահակալության ամբողջ ընթացքը պետք է խաղաղության մեջ անցներ։ Սակայն այժմ Երուսաղեմին սպառնացող աղետը մարագարեի աչքին այնքան մոտ է թվում, որ նա ի վիճակի չի լինում հասկանալու այն հակադրությունը, որը ստացվում է Օղդայի մարգարեութան և շուտով բռնկվելիք Աստծո դատաստանի համեմատությունից։
Մարգարեի այդ ցավալի շփոթմունքը անպատասխան է մնում, սակայն դրա պատասխանը արդեն վաղուց էր տրվել․ Երեմիան, արդեն 2−րդ և 3−րդ գլուխներում ասել էր, որ միայն անկեղծ և իրական ապաշխարությունը կարող էր հրեա ժողովրդից հեռու պահել Աստծո բարկությունը, իսկ այդպիսի ապաշխարություն հրեաները չմատուցեցին Աստծուն։
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 4:5
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Ու ես ասում եմ. «Ո՛վ Տէր Աստուած, ուրեմն խաբելով խաբեցիր այդ ժողովրդին ու Երուսաղէմին, քանի որ ասացիր, թէ՝ «Խաղաղութիւն պիտի լինի ձեզ», մինչդեռ սուրը նրանց հոգուն դէմ է առել:
(Արարատ թարգ․) Եվ ես ասացի. «Ավա՜ղ, ո՛վ Տեր Աստված, դու անշուշտ խաբեցիր այս ժողովրդին ու Երուսաղեմին՝ ասելով. Ձեզ խաղաղություն կլինի. բայց սուրը մինչև մեր հոգին է հասել»։
(Գրաբար) Եւ ասեմ. Ո Տէր Տէր, խաբելով ուրեմն խաբեցեր զժողովուրդն զայն՝ եւ զԵրուսաղէմ. զի ասացեր թէ խաղաղութիւն եղիցի ձեզ, եւ հասանիցէ սուր մինչեւ յանձինս նոցա։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: