Սուրբ Եփրեմ Ասորի
Անիծյա՛լ լինի այն մարդը, որ ավետիս տվեց իմ հորը՝ ասելով. «Քեզ մի արու զավակ է ծնվել», և նրան շատ ուրախացրեց։
Մարգարեն նույնիսկ չգիտեր, թե արդյո՞ք եղել է մեկը, ով իրականում այդ մասին հայտնել է իր հորը: Բայց քանի որ նա անիծում է իր ծննդյան օրը, ուստի անիծում է նաև սուրհանդակին, ով, հնարավոր է, գոյություն էլ չի ունեցել: Հետևաբար, այս խոսքերը ոչ թե մարգարեի ուժեղ զայրույթն են ցույց տալիս (քանի որ բարկություն չի լինում այն բանի դեմ, որը գոյություն չունի), այլ արտահայտում են միայն ծանր վիշտը (ճիշտ այնպես, ինչպես ծանր վշտի ժամանակ սովորաբար դատարկ և անխոհեմ բառեր ենք ասում, որոնք էլ միայն ցույց են տալիս, որ մենք վշտի մեջ ենք): Այստեղ պետք է կրկնենք նախկինում մեր կողմից ասվածը. այն, ինչ ասում է Երեմիան այստեղ, ասել է նաև արդար Հոբը, որի մասին Սուրբ Հոգին վկայում է, որ նա մեղք չի գործել և իր բերանով Աստծուն չի հայհոյել (Հոբ 1:2): Նմանատիպ շատ արտահայտություններ կան Սաղմոսարանում, որը գրվել է Սուրբ Հոգու ներշնչմամբ, Ով էլ ուսուցանել և առաջնորդել է մարգարեին: Ուստի մարգարեական խոսքերը պետք չէ շփոթել սովորական և հիմար մարդկանց խոսքերի հետ:
Սուրբ Հովհան Ոսկեբերան
Անիծյա՛լ լինի այն մարդը, որ ավետիս տվեց իմ հորը՝ ասելով. «Քեզ մի արու զավակ է ծնվել», և նրան շատ ուրախացրեց։
«Անիծյալ լինի այն մարդը»։ Ի՞նչ ես ասում։ Ինչո՞ւ ես անիծում մարդուն: Սրանից ոչ շատ առաջ չէիր ասում. «արդյո՞ք կարելի է բարու փոխարեն չար հատուցել» (Եր. 18:20), իսկ դու դա անում ես բարի լուրի համար պարգևատրելու փոխարեն, մեղադրում ես այն բանի համար, որ նա քեզ չի սպանել: Ապա ինչո՞ւ ես բողոքում այն բանի համար, որ հրեաները ցանկանում են սպանել քեզ: Եթե այն ժամանակ մահանալը լավ էր, ապա որքան ավելի լավ կլինի փորձություններից (աղետներից) հետո մահանալը: Ինչո՞ւ չես ցանկանում: Տեսնո՞ւմ ես, որ լացը հիմք չունի: Լացը որպես պատճառ է ծառայում. Նա խոսում է վրդովված, ոչ շրջահայաց, այլ միայն բեռը հեռացնել ձգտող հոգու մասին:
(Եվ մի քանի բառից հետո). «Անիծյալ լինի այն մարդը, որն ավետիս տվեց իմ հորը և ասաց՝ «Քեզ արու մանուկ ծնվեց», և ցնծությամբ ուրախացրեց նրան: Թող այդ մարդը դառնա այն քաղաքների պես, որոնք Տերը բարկությամբ կործանեց և չզղջաց»։ Բացատրի՛ր, թե ի՞նչ ես ասում: Ի վերջո, դու խոսեցիր արական սեռի երեխայի ծննդյան մասին: Բայց արդյո՞ք նրա ասածն է պատճառ եղել քո ծնվելու: Ո՛չ, Քո ծնվելն է պատճառ եղել նրա խոսքի համար: Եթե այդպես է, ուրեմն առավել ևս անհրաժեշտ էր անիծել ծնող մորը կամ ծննդաբերության ավետիս ընդունող (σπείραντα) հորը, սակայն ավելի լավ է՝ ո՛չ առաջինին և ո՛չ էլ վերջինին: Ո՞ր հարբած տղամարդն ու անարդար թշնամին դա ասաց: Ո՞ր բարբարոսը։ Ո՞ր դաժան մարդն է սպանում արգանդում: Սակայն պետք է նշել, որ սրանք հուսահատված մարդու խոսքեր են:
Ա. Լոպուխին
«Անիծյա՛լ լինի այն մարդը, որը լուր բերեց իմ հորը և ասաց. «Քեզ մի որդի է ծնվել», և այդպիսով շատ ուրախացրեց նրան»։(Սինոդակ. թարգմ.) [15]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 20:14
---------------------------------------
[15] (Էջմիածին թարգմ.) Անիծեալ լինի այն մարդը, որն աւետիս տուեց իմ հօրը եւ ասաց, թէ՝ «Քեզ արու մանուկ ծնուեց», եւ ցնծութեամբ ուրախացրեց նրան:
(Արարատ թարգմ.) Անիծյա՛լ լինի այն մարդը, որ ավետիս տվեց իմ հորը՝ ասելով. «Քեզ մի արու զավակ է ծնվել», և նրան շատ ուրախացրեց։
(Գրաբար) Անիծեալ լիցի մարդն որ ետ աւետիս հաւր իմոյ, եւ ասէ՝ թէ. Ծնաւ քեզ արու մանուկ. եւ ուրախութեամբ ուրախ առնէր զնա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: