Երեմիայի մարգարեության մեկնություն 32:26

Ա. Լոպուխին

26–44. «Եվ Տիրոջ խոսքը հասավ Երեմիային»: [26] «Ահա, Ես եմ Տերը՝ ամեն մարմնի Աստվածը. մի՞թե որևէ անհնարին բան կա Ինձ համար»։ «Սրա համար այսպես է ասում Տերը. «Ահա, Ես այս քաղաքը պիտի տամ քաղդեացիների ձեռքը և Նաբուգոդոնոսորի` Բաբելոնի թագավորի ձեռքը, ու նա պիտի գրավի այն»։ «Եվ քաղդեացիները, որոնք պաշարելու են այս քաղաքը, պիտի գան և կրակով այրեն այս քաղաքն ու վառեն այն և այն տները, որոնց կտուրների վրա խունկ էին ծխում Բահաղին և հեղվելու ենթակա նվերներ էին մատուցում օտար աստվածների, որպեսզի գրգռեն Իմ բարկությունը»։ «Որովհետև Իսրայելի որդիները և Հուդայի որդիները միայն չարություն են գործել Իմ աչքի առաջ` իրենց երիտասարդությունից ի վեր. Իսրայելի որդիները միայն գրգռում էին Իմ բարկությունն իրենց ձեռքերի գործերով, - ասում է Տերը»։ «Եվ կարծես այս քաղաքն Իմ բարկության և Իմ զայրույթի համար եղավ այն կառուցելու օրից մինչև այսօր, որպեսզի Ես այն վերացնեմ Իմ առաջից»: «Իսրայելի որդիների և Հուդայի որդիների ամբողջ չարության պատճառով, որոնք նրանք գործեցին Իմ բարկությունը գրգռելու համար, նրանք, նրանց թագավորները, նրանց իշխանավորները, նրանց քահանաներն ու նրանց մարգարեները, և Հուդայի մարդիկ ու Երուսաղեմի բնակիչները»։ «Նրանք դեպի Ինձ դարձան թիկունքով, այլ ոչ թե դեմքով. և երբ Ես սովորեցնում էի նրանց, սովորեցնում էի վաղ առավոտից, բայց նրանք չէին ուզում ընդունել Իմ խրատները»։ «Եվ այն տան մեջ, որը կրում է Իմ անունը, դրեցին իրենց պղծությունները` պղծելով այն»։ «Բահաղի համար տաճարներ կառուցեցին Ենովմի որդիների ձորում, որպեսզի իրենց որդիներին ու դուստրերին կրակի միջով անցկացնեն Մողոքի պատվին, մի բան, որը Ես չէի հրամայել նրանց, և Իմ մտքով էլ չէր անցել, որ նրանք այդ պիղծ բանն անեն՝ Հուդային մեղքի մեջ գցելու համար»։ «Եվ հիմա սա իսկ է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը, այս քաղաքի մասին, որի մասին դուք ասում եք. «Այն տրվում է Բաբելոնի թագավորի ձեռքը սրով և սովով ու ժանտախտով»»: «Ահա, Ես պիտի հավաքեմ նրանց այն բոլոր երկրներից, ուր նրանց աքսորել եմ Իմ բարկությամբ և Իմ զայրույթով ու մեծ սրտմտությամբ, և նրանց պիտի վերադարձնեմ այս վայրը և նրանց ապահով կյանք տամ»։ «Նրանք կլինեն Իմ ժողովուրդը, և Ես կլինեմ նրանց Աստվածը»։ «Եվ նրանց կտամ մեկ սիրտ և մեկ ճանապարհ, որպեսզի վախենան Ինձանից կյանքի բոլոր օրերում՝ իրենց բարօրության և իրենցից հետո՝ իրենց զավակների բարօրության համար»։ «Եվ նրանց հետ հավիտենական ուխտ եմ կնքելու, ըստ որի` Ես երես չեմ դարձնի նրանց բարիք անելուց, և Իմ երկյուղը կդնեմ նրանց սրտերում, որպեսզի նրանք չհեռանան Ինձնից»։ «Եվ պիտի հրճվեմ նրանց համար` բարություն անելով նրանց, և նրանց ամուր պիտի տնկեմ այս երկրում` Իմ ամբողջ սրտով և Իմ ամբողջ հոգով»։ «Որովհետև այսպես է ասում Տերը. «Ինչպես որ Ես այս ժողովրդի վրա այս ամբողջ մեծ չարիքը բերեցի, այնպես էլ նրանց վրա պիտի բերեմ այն ամբողջ բարիքը, որը Ես ասացի նրանց մասին»»։ «Եվ արտեր պիտի գնեն այս երկրում, որի մասին դուք ասում եք. «Սա անապատ է, առանց մարդկանց և անասունների. այն տրվել է քաղդեացիների ձեռքը»»։ ««Արտեր են գնելու արծաթով և գրելու են փաստաթղթում, ու կնքելու են դրանք և վկաներ են հրավիրելու Բենիամինի երկրում ու Երուսաղեմի շրջակայքում, և Հուդայի քաղաքներում ու լեռնային քաղաքներում, և ցածրադիր քաղաքներում ու հարավային քաղաքներում. որովհետև նրանց պիտի վերադարձնեմ գերությունից», - ասում է Տերը»։ (Սինոդական թարգմ.)
    
     Տերը պատասխանում է մարգարեին, որ քաղդեացիներն իսկապես կգրավեն Երուսաղեմը, և մատնանշում է դրա պատճառները՝  աստվածուրացությունը և կռապաշտությունը: Այնուամենայնիվ, Տերը հավերժ չի մերժում Իր ժողովրդին: Նա կրկին նրանց կհավաքի տարբեր երկրներից, ուր նրանք ցրված կլինեն, և նրա հետ հավիտենական Նոր Ուխտ կկնքի: Այդ ժամանակ Հրեաստանի հողակտորները կրկին կվերադարձվեն իրենց տերերին:

-----------------------------------

[26](Էջմիածին թարգմ.) Եւ Տէրը խօսքն ինձ ուղղեց՝ ասելով.
(Արարատ թարգմ.) Եվ Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղեւ բան Տեառն առ իս՝ եւ ասէ.