Երեմիայի մարգարեության մեկնություն 33:1

Ա. Լոպուխին

1–13. «Եվ Տիրոջ խոսքը երկրորդ անգամ հասավ Երեմիային, երբ նա տակավին արգելափակված էր պահակախմբի գավթում»:[1] «Այսպես է ասում Տերը, Որն արարել է տիեզերքը, Տերը, Որը կազմեց և հաստատեց այն. «Տեր» է Նրա անունը»։ «Կանչի՛ր Ինձ, և Ես կպատասխանեմ քեզ, ցույց կտամ քեզ մեծամեծ ու անհասանելի բաներ, որոնք դու չգիտես»։ «Որովհետև այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը, այս քաղաքի տների մասին և Հուդայի թագավորների տների մասին, որոնք քանդվում են ամրությունների և պատերազմի պատճառով»: «Նրանց կողմից, ովքեր եկել էին պատերազմելու քաղդեացիների դեմ, որպեսզի տները լցնեն մարդկանց դիակներով, որոնց Ես պիտի խոցեմ Իմ բարկությամբ և Իմ զայրույթով, և որոնց անօրինությունների պատճառով Ես ծածկել եմ Իմ դեմքն այս քաղաքից»։ «Ահա, Ես նրա վրա գիպս ու բուժիչ դեղամիջոցներ եմ դնելու և բուժելու եմ նրանց ու նրանց հայտնելու եմ խաղաղության և ճշմարտության առատությունը»։ «Եվ պիտի վերադարձնեմ Հուդայի գերությունը և Իսրայելի գերությունն ու պիտի վերակառուցեմ նրանց, ինչպես սկզբում էր»։ «Եվ պիտի մաքրեմ նրանց իրենց բոլոր ամբարշտություններից, որոնցով նրանք մեղանչեցին Իմ դեմ, և պիտի ներեմ նրանց բոլոր անօրենությունները, որոնցով նրանք մեղանչեցին Իմ դեմ և հեռացան Ինձնից»։ «Եվ Երուսաղեմն Ինձ համար ցնծության անուն պիտի լինի, գովաբանություն ու պարծանք երկրի բոլոր ազգերի առաջ, որոնք կլսեն այն բոլոր բարիքների մասին, որոնք Ես անելու եմ նրան, և պիտի սարսափեն ու դողան այն բոլոր բարի գործերի և այն ամբողջ բարօրության համար, որը Ես տալու եմ նրան»։ «Այսպես է ասում Տերը. «Այս վայրում, որի մասին դուք ասում եք՝ «այն ամայի է, առանց մարդկանց և առանց անասունների», Հուդայի քաղաքներում և Երուսաղեմի փողոցներում, որոնք ամայի են, առանց մարդկանց, առանց բնակիչների, առանց անասունների»»: ««Դարձյալ պիտի լսվի ցնծության ձայն և ուրախության ձայն, փեսայի ձայն և հարսի ձայն, նրանց ձայնը, ովքեր ասում են. §Օրհնեցե՛ք Զորությունների Տիրոջը, որովհետև բարի է Տերը, որովհետև հավիտյան է Նրա ողորմությունը¦, և Տիրոջ տանը գոհության ընծա մատուցողների ձայնը. որովհետև Ես պիտի վերադարձնեմ այս երկրի գերյալներին իրենց նախկին վիճակին», - ասում է Տերը»։ «Այսպես է ասում Զորությունների Տերը. «Այս վայրում, որն ամայի է, առանց մարդկանց, առանց անասունների, և նրա բոլոր քաղաքներում կրկին պիտի լինեն հովիվների կացարաններ, որոնք կմակաղեցնեն հոտերին: «Լեռնային քաղաքներում, ցածրադիր քաղաքներում ու հարավային քաղաքներում և Բենիամինի երկրում ու Երուսաղեմի շրջակայքում և Հուդայի քաղաքներում դարձյալ հոտեր են անցնելու համրողի ձեռքի տակով», - ասում է Տերը։ (Սինոդական թարգմ.)
    
     Ավերված Երուսաղեմի վերականգնումը և հրեաների հետագա բարեկեցությունը
    Մարգարեն պահակախմբի բակում լինելու ընթացքում երկրորդ հայտնությունն է ստանում Երուսաղեմի վերականգնման մասին, որի շենքերն այժմ ավերվում էին նույնիսկ դրա պաշտպանների կողմից: Գերությունից վերադարձած Իսրայելի և Հուդայի կյանքը նույնպիսի ուրախությամբ կընթանա, ինչպես ընթանում էր հին ժամանակներում: Ընտրյալ ժողովուրդը Աստծո առաջ մաքուր կլինի և, հետևաբար, իր երկրում անխռով բարօրություն կվայելի:

---------------------------------------

[1](Էջմիածին թարգմ.) Աստուած երկրորդ անգամ իր խօսքն ուղղեց Երեմիային, որ տակաւին փակուած էր բանտի սրահում, եւ ասաց.
(Արարատ թարգմ.) Եվ Տիրոջ խոսքը երկրորդ անգամ հասավ Երեմիային, երբ նա տակավին արգելափակված էր բանտի գավթում, և ասաց.
(Գրաբար) Եւ եղեւ բան Տեառն առ Երեմիա երկրորդ անգամ. եւ նա՝ կայր տակաւին կապեալ ի սրահի բանտին՝ եւ ասէ.