Ա. Լոպուխին
1-8. «Հովակիմի՝ Հուդայի թագավոր Հովսիայի որդու չորրորդ տարում այս խոսքը հասավ Երեմիային Տիրոջ կողմից»: [1] «Քեզ համար գրելիք մագաղա՛թ վերցրու և նրա վրա գրի՛ր այն բոլոր խոսքերը, որոնք Ես ասել եմ քեզ Իսրայելի մասին և Հուդայի մասին ու բոլոր ժողովուրդների մասին՝ այն օրից, երբ Ես սկսեցի խոսել քեզ հետ՝ Հովսիայի օրերից մինչև այսօր»։ «Գուցե Հուդայի տունը լսի այն բոլոր չարիքների մասին, որոնք Ես մտադիր եմ անել նրանց, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը հետ դառնա իր չար ճանապարհից, որպեսզի Ես ներեմ նրանց անիրավությունն ու նրանց մեղքը»։ «Եվ Երեմիան կանչեց Բարուքին՝ Ներիայի որդուն, և Բարուքը գրելիք մագաղաթի վրա Երեմիայի բերանից գրեց Տիրոջ բոլոր խոսքերը, որոնք Նա խոսել էր նրան»։ «Եվ Երեմիան հրամայեց Բարուքին ու ասաց. «Ես բանտարկված եմ ու չեմ կարող գնալ Տիրոջ տունը»»։ «Ուրեմն դու գնա՛ և այն մագաղաթից, որի վրա դու իմ բերանից գրեցիր Տիրոջ խոսքերը, ժողովրդի համար բարձրաձայն կարդա՛ Տիրոջ տանը՝ ծոմապահության օրը, կկարդաս նաև բոլոր հրեաների ականջին, որոնք գալիս են իրենց քաղաքներից»։ «Գուցե նրանք խոնարհ աղոթք անեն Տիրոջ առաջ, և յուրաքանչյուրը հետ դառնա իր չար ճանապարհից. որովհետև մեծ է այն բարկությունն ու զայրույթը, որ Տերը հռչակել է այս ժողովրդի դեմ»։ «Բարուքը՝ Ներիայի որդին, արեց այն ամենը, ինչ նրան հրամայել էր Երեմիա մարգարեն, որպեսզի Տիրոջ խոսքերը, որոնք գրված են մագաղաթում, կարդա Տիրոջ տանը»։ (Սինոդական թարգմ.)
Երեմիայի մարգարեության 36:1–8–րդ համարներում խոսվում է Հովակիմի թագավորության 4–րդ տարում Երեմիայի մարգարեությունների գրքի գրվելու մասին:
9–26–րդ համարներում՝ գրի առնվելու հաջորդ տարում, թագավորի կողմից դրա ոչնչացման մասին:
Իսկ 27–32–րդ համարներում՝ Գրքի երկրորդ անգամ գրվելու և Հովակիմի ու նրա ժողովրդի վերաբերյալ մարգարեության մասին:
Հովակիմի թագավորության 4–րդ տարում Երեմիայի մարգարեությունների գրքի գրվելը
Հովակիմի թագավորության 4–րդ տարում մարգարեն Աստծուց մինչ այժմ իր արտասանած բոլոր մարգարեական ճառերը գրի առնելու հրաման է ստանում։ Այսպես է արվում, որպեսզի դրանք ընթերցվեն ժողովրդի համար: Երեմիան իր ճառերը թելադրում է իր աշակերտ Բարուքին։ Այնուհետև նրան պատվիրում է տաճարում կարդալ մատյանում գրի առնվածները, քանի որ այնտեղ պահք պահելու կապակցությամբ բազմաթիվ մարդիկ էին հավաքվել։ Բարուքը կատարում է Երեմիայի հրամանը:
-----------------
[1](Էջմիածին թարգմ.) Յուդայի երկրի արքայ Յոսիայի որդի Յովակիմի չորրորդ տարում Տէրը խօսեց ինձ հետ՝ ասելով.
(Արարատ թարգմ.) Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի չորրորդ տարում Տիրոջից այս խոսքը հասավ Երեմիային՝ ասելով.
(Գրաբար) Եւ յամին չորրորդի Յովակիմայ որդւոյ Յովսիայ արքայի Յուդայ, եղեւ բան Տեառն առ իս՝ եւ ասէ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: