Երեմիայի մարգարեության մեկնություն 42:7

Ա. Լոպուխին

7-22. «Տասը օր անց Տիրոջ խոսքը հասավ Երեմիային»։ [7] «Նա իր մոտ կանչեց Հոհանանին՝ Կարեի որդուն, և նրա հետ եղող բոլոր զորապետներին ու ամբողջ ժողովրդին՝ փոքրից մինչև մեծը»: «Եվ ասաց նրանց. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը, Որի մոտ դուք ուղարկեցիք ինձ, որպեսզի Նրա առաջ մատուցեմ ձեր աղաչանքը»»: «Եթե մնաք այս երկրում, ապա Ես պիտի կառուցեմ ձեզ և չպիտի քանդեմ, պիտի տնկեմ ձեզ և արմատախիլ չպիտի անեմ, որովհետև Ես ցավում եմ այն չարիքի համար, որ արեցի ձեզ»։ «Մի՛ վախեցեք Բաբելոնի թագավորից, որից դուք վախենում եք. մի՛ վախեցեք նրանից, - ասում է Տերը, - որովհետև Ես ձեզ հետ եմ, որպեսզի փրկեմ ձեզ և ազատեմ ձեզ նրա ձեռքից»։ «Եվ ձեզ գթություն պիտի ցույց տամ, և նա պիտի գթա ձեզ ու ձեզ պիտի վերադարձնի ձեր երկիրը»։ «Իսկ եթե ասեք. «Մենք չենք ուզում ապրել այս երկրում», և չհնազանդվեք ձեր Տեր Աստծո ձայնին՝ ասելով»»: «Ո՛չ, մենք պետք է գնանք Եգիպտոսի երկիրը, որտեղ պատերազմ չենք տեսնի և փողի ձայնը չենք լսի ու չենք քաղցի և այնտեղ կբնակվենք»: «Ուրեմն հիմա լսե´ք Տիրոջ խոսքը, դո՛ւք` Հուդայի մնացորդ. այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Եթե դուք ձեր դեմքերը վճռականորեն ուղղեք Եգիպտոս գնալու համար, և գնաք այնտեղ բնակվելու»»: «Այդ ժամանակ այն սուրը, որից դուք վախենում եք, պիտի հասնի ձեզ այնտեղ՝ Եգիպտոսի երկրում, և այն սովը, որից դուք զարհուրում եք, միշտ պիտի հետևի ձեզ այնտեղ՝ Եգիպտոսում, և այնտեղ պիտի մեռնեք»։ «Եվ բոլոր նրանք, ովքեր իրենց դեմքն ուղղել են Եգիպտոս գնալու և այնտեղ բնակվելու համար, պիտի մեռնեն սրով, սովով և ժանտախտով, ու նրանցից ոչ մեկը չպիտի մնա և չպիտի ազատվի այն չարիքի պատճառով, որը Ես պիտի բերեմ նրանց վրա»։ «Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ինչպես որ Իմ բարկությունն ու Իմ զայրույթը թափվեցին Երուսաղեմի բնակիչների վրա, նույնպես և Իմ զայրույթը պիտի թափվի ձեզ վրա, երբ որ դուք գնաք Եգիպտոս, և դուք անեծք ու սարսափ, արհամարհանք և նախատինք պիտի լինեք և այլևս չպիտի տեսնեք այս վայրը»։ «Ձեզ, Հուդայի´ մնացորդ, Տերն ասում է. «Մի՛ գնացեք Եգիպտոս». հաստատ իմացա՛ծ եղեք, որ ես այժմ նախազգուշացրի ձեզ»: «Որովհետև դուք մեղանչեցիք ինքներդ ձեր դեմ. դուք ինձ ուղարկեցիք մեր Տեր Աստծո մոտ՝ ասելով. «Մեզ համար աղո՛թք արա մեր Տեր Աստծուն, և այն ամենը, ինչը որ ասի մեր Տեր Աստվածը, հայտնի´ր մեզ, և մենք կանենք»»։ «Ես այժմ հայտնեցի ձեզ. բայց դուք չլսեցիք մեր Տեր Աստծո ձայնը և այն ամենը, ինչի համար Նա ինձ ուղարկել է ձեզ մոտ»։ «Ուստի իմացե´ք, որ դուք պիտի մեռնեք սրով, սովով և ժանտախտով այն վայրում, ուր որ ուզում եք գնալ, որպեսզի բնակվեք այնտեղ»։ (Սինոդականթարգմ.)
     
     Տասը օր անց Երեմիան իր ազգակիցներին հայտնում է Աստծուց ստացած հայտնությունը. հրեաները չպետք է գնան Եգիպտոս: Նրանք պետք է խաղաղ ու հանգիստ ապրեն Պաղեստինում: Քաղդեացիները նրանց չեն դիպչի: Եթե, այնուամենայնիվ, հրեաները հեռանան, ապա Եգիպտոսում նրանք կմեռնեն սրից, սովից և խոցերից:

-----------------------------

[7](Էջմիածին թարգմ.) Երբ անցել էր տասը օր, Աստուած խօսեց Երեմիայի հետ,
(Արարատ թարգմ.) Եվ տասը օրից հետո Տիրոջ խոսքը հասավ Երեմիային։
(Գրաբար) Եւ եղեւ յետ աւուրց տասանց, եղեւ բան Տեառն առ Երեմիա։