Երեմիայի մարգարեության մեկնություն 43։1

Ա. Լոպուխին

1–7. «Երբ Երեմիան ամբողջ ժողովրդին փոխանցեց իրենց Տեր Աստծո բոլոր խոսքերը` այն բոլոր խոսքերը, որոնց համար Տերը՝ իրենց Աստվածն էր նրան ուղարկել նրանց մոտ»: [1] «Այդ ժամանակ Ազարիան` Ովսեիայի որդին, և Հոհանանը` Կարեի որդին, ու բոլոր ամբարտավան մարդիկ ասացին Երեմիային. «Դու սուտ ես խոսում, մեր Տեր Աստված չի ուղարկել քեզ՝ ասելու. «Մի՛ գնացեք Եգիպտոս՝ այնտեղ բնակվելու համար»: «Այլ Բարուքը` Ներիայի որդին է քեզ հրահրում մեր դեմ, որպեսզի մեզ մատնի քաղդեացիների ձեռքը, որպեսզի նրանք սպանեն մեզ կամ մեզ գերի տանեն Բաբելոն»։ «Եվ Հոհանանը` Կարեի որդին, և բոլոր զորապետներն ու ամբողջ ժողովուրդը չանսացին Տիրոջ ձայնին, որպեսզի մնային Հուդայի երկրում»։ «Եվ Հոհանանը` Կարեի որդին, ու բոլոր զորապետներն առան Հուդայի ամբողջ մնացորդին, որոնք վերադարձել էին այն բոլոր ժողովուրդներից, ուր նրանք աքսորվել էին, որպեսզի բնակվեն Հուդայի երկրում»: «Տղամարդկանց և կանանց ու երեխաներին և թագավորի աղջիկներին ու բոլոր նրանք, որոնց Նաբուզարադան թիկնապահապետը թողել էր Գոդողիայի` Սափանի որդի Աքիկամի որդու մոտ, նաև Երեմիա մարգարեին և Բարուքին` Ներիայի որդուն»։ «Եվ գնացին Եգիպտոսի երկիրը, որովհետև չանսացին Տիրոջ ձայնին, և հասան մինչև Տափնիս»։ (Սինոդական թարգմ.)
     
      Հիմնավորելով Աստծու կամքին իրենց ակնհայտ անհնազանդությունը՝ հրեաների առաջնորդները Երեմիային ասացին, որ նա սխալվել է, որ հրեաներին նրա ասածը ամենևին էլ Աստված չի հայտնել նրան: Հետևաբար, նրանք գնացին Եգիպտոս՝ իրենց հետ տանելով Երեմիային ու Բարուքին:
      «Բոլոր ամբարտավան մարդիկ»: Մարդիկ, ըստ ամենայնի, Երեմիայի կողքին էին, բայց լռում էին, և միայն «ամբարտավան մարդկանց» մի կույտ, չգիտես ինչու, հատուկ ազդեցություն ունենալով, չէր ցանկանում այս անգամ մարգարեին համարել որպես  աստվածային որոշումների ճշմարիտ ավետաբեր:

--------------------------

[1](Էջմիածին թարգմ.) Երբ Երեմիան վերջացրեց ամբողջ ժողովրդին յայտնել նրա Տէր Աստծու բոլոր խօսքերը, որոնք նրան էր յղել Տէր Աստուած,
(Արարատ թարգմ.) Երբ Երեմիան վերջացրեց ամբողջ ժողովրդին Տիրոջ՝ իրենց Աստծու բոլոր խոսքերն ասելը, որոնց համար Տերը՝ իրենց Աստվածն էր նրան ուղարկել նրանց մոտ, այսինքն՝ այս բոլոր խոսքերը,
(Գրաբար) Եւ եղեւ իբրեւ դադարեաց Երեմիա ի խաւսելոյ ընդ ամենայն ժողովրդեանն զամենայն բանս Տեառն Աստուծոյ նոցա, զորս առաքեաց Տէր Աստուած նոցա առ նոսա։