Երեմիայի մարգարեության մեկնություն 48։32

Սուրբ Եփրեմ Ասորի

Պիտի հառաչեմ Յազերի լացով, պիտի լաց լինենք քեզ համար, ո՛վ դու Սաբեմի այգի: Քո ճիւղերը տարածուեցին դէպի ծով, հասան մինչեւ Յազեր, քո մրգերին եւ քո այգեքաղին սպառնաց մահը:
     
     Քեզ համար ավելի շատ կլացի, քան լացել է Հազեր քաղաքի ավերման համար:
     Սա նույն խաղողի այգու պատկերով պատկերել է նաև Եսային (տե՛ս. 16:9): Երկու մարգարեներն էլ սգում են Սևամ քաղաքի անկումը և ցույց են տալիս, որ այս քաղաքը արժանի է սգի, քանի որ ինչպես նախկինում առատ էր ամեն ինչով, այնպես էլ հիմա կործանվելու է, և նրա բնակիչները խոր վշտերի են ենթարկվելու: «Քո ճյուղերը տարածվեցին դեպի ծովը»,– ասում է Երեմիան: Այսինքն՝ Սևամի բնակիչները առևտուր էին անում  և դրա համար էին նավարկում ծովով, կամ գյուղատնտեսությամբ զբաղվելով՝ իրենց դաշտերն ու խաղողի այգիները տարածեցին միչև Հազեր քաղաքի սահմանները: Այդպիսին էր Սևամ քաղաքը իր առատության ժամանակ, սակայն հիմա բնակիչների պակասի պատճառով այն դատարկ է և շրջապատված է անապատով:
     

  Ա. Լոպուխին

«Պիտի լամ քեզ վրա Սեբամայի որթատունկ, լաց կլինենք Հազերի վրա. քո շառավիղները երկարեցին մինչև ծովը, հասան մինչև Հազեր լիճը։ Կործանողը հարձակվեց քո ամառային պտուղների և քո հասած խաղողի վրա»։ (Սինոդական թարգմ.) [32]
     
     «Հազերի լացով», այսինքն՝ Հազեր (քաղաքի ավերման համար) եղած լացի չափ լացով։
     «Հազերի լիճը», եբրայերենից ավելի ճիշտ կլինի թարգմանել «Հազերի ծովը»: Միգուցե այստեղ Երեմիան նկատի ունի մեծ լճակները՝ Սևամ և Հազեր, որոնք առաջացրել է Հորդանան թափվող Հազեր գետը (այժմ կոչվում է Սիր), որի հետքերը դեռ կան:
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն  գլուխ 48։1

---------------------------------------------

[32](Էջմիածին թարգմ.) Պիտի հառաչեմ Յազերի լացով, պիտի լաց լինենք քեզ համար, ո՛վ դու Սաբեմի այգի: Քո ճիւղերը տարածուեցին դէպի ծով, հասան մինչեւ Յազեր, քո մրգերին եւ քո այգեքաղին սպառնաց մահը:
(Արարատ թարգմ.) Ո՛վ Սեբամայի որթատունկ, քեզ վրա Հազերի վրա արած լացիցս ավելի պիտի լամ. քո շառավիղները երկարեցին մինչև ծովը, մինչև Հազեր ծովն են հասել։ Քո ամառային պտղի և քո այգեկութի վրա կործանողն ընկավ։
(Գրաբար) եւ մրմնջեսցէ իբրեւ զլալիւնն յԱզերայ։ լացցուք զքեզ այգիդ Սաբեմայ. բարունակք քո ձգեցան ընդ ծով. քաղաքք յԱզերայ հասին ի վերայ մրգոց քոց, եւ ի վերայ կթոց քոց եհաս սատակումն։