Ա. Լոպուխին
1-46. «Այն խոսքը, որը Տերը խոսեց Բաբելոնի և քաղդեացիների երկրի մասին` Երեմիա մարգարեի միջոցով»:[1] «Հայտարարե՛ք և հռչակե՛ք ժողովուրդների մեջ, և դրո՛շ բարձրացրեք, հռչակե՛ք, մի՛ թաքցրեք, ասացե՛ք. Բաբելոնը գրավվեց, Բելն ամոթահար եղավ, Մարովդաքը խորտակվեց, նրա արձաններն ամոթահար եղան, նրա կուռքերը փշրվեցին»։ «Որովհետև հյուսիսից նրա դեմ է դուրս եկել մի ժողովուրդ, որը նրա երկիրն ամայություն պիտի դարձնի, և ոչ ոք` մարդուց մինչև անասուն, չի բնակվի այնտեղ, բոլորը պիտի շարժվեն ու հեռանան»։ «Այդ օրերին և այդ ժամանակ, - ասում է Տերը, - պիտի գան Իսրայելի որդիները՝ իրենք և Հուդայի որդիները միասին, պիտի քայլեն ու արտասվեն և պիտի որոնեն իրենց Տեր Աստծուն»։ «Պիտի հարցնեն Սիոն տանող ճանապարհի մասին և, դեմքերը դեպի այնտեղ դարձնելով, պիտի ասեն. «Եկե՛ք և միացե´ք Տիրոջը հավիտենական ուխտով, որը չի մոռացվի»։ «Իմ ժողովուրդը նման էր կորած ոչխարների. նրա հովիվները մոլորեցրել են նրանց իրենց ճանապարհից, քշել են նրանց դեպի լեռները. նրանք թափառում էին լեռից բլուր, մոռացան իրենց փարախը»։ «Բոլորը, ովքեր գտան նրանց, խժռեցին նրանց, և նրանց կեղեքիչներն ասացին. «Մենք հանցավոր չենք, որովհետև նրանք են մեղք գործել Տիրոջ դեմ՝ արդարության բնակարանի դեմ, և Տիրոջ՝ իրենց հայրերի հույսի դեմ»։ «Փախե՛ք Բաբելոնից և հեռացե՛ք քաղդեացիների երկրից, ու եղե´ք նոխազների պես՝ ոչխարների հոտի առջևում»։ «Որովհետև, ահա, Ես հյուսիսային երկրից պիտի բարձրացնեմ և Բաբելոնի դեմ պիտի բերեմ մեծամեծ ժողովուրդների բազմությունը, և շարվելու են նրա դեմ, ու նա գրավվելու է. նրանց նետերը, հմուտ մարտիկի նետերի պես, դատարկաձեռն չեն վերադառնում»։ ««Եվ Քաղդեան նրանց ավարը պիտի լինի. և նրան ավերողները պիտի կշտանան», - ասում է Տերը»։ «Որովհետև դուք ուրախացաք, դուք ցնծացիք, Իմ ժառանգությունը կողոպտողնե´ր. ոստոստեցիք ուրախությունից, ինչպես երինջը` խոտերի վրա, և խրխնջացիք, ինչպես պատերազմական երիվարներ»։ «Ձեր մայրը մեծ ամոթի մեջ պիտի լինի, պիտի կարմրի ձեզ ծնողը. ահա այդ ժողովուրդների ապագան` անապատ, անջրդի երկիր և տափաստան»։ «Տիրոջ բարկության պատճառով այն անմարդաբնակ պիտի դառնա, և այն բոլորովին ամայի պիտի դառնա. Բաբելոնի մոտով ամեն անցնող պիտի զարմանա և պիտի սուլի` նայելով նրա բոլոր վերքերին»։ «Մարտական դիրքով շարվե՛ք Բաբելոնի շուրջբոլորը, բոլոր աղեղ լարողներ, նետե՛ր արձակեք նրա վրա, նետեր մի՛ խնայեք, որովհետև նա մեղանչել է Տիրոջ դեմ»։ «Նրա դեմ աղաղակե՛ք ամեն կողմից. նա անձնատուր եղավ. նրա ամրությունները վայր ընկան, նրա պարիսպները քանդվեցին, որովհետև սա Տիրոջ հատուցումն է. վրեժխնդի´ր եղեք նրանից. ինչպես նա է արել, այդպես էլ դո´ւք վարվեք նրա հետ»։ «Բաբելոնից կոտորեք և´ սերմանողին, և´ հնձի ժամանակ մանգաղ բռնողին. կոտորող սրի վախից յուրաքանչյուրը թող վերադառնա իր ժողովրդի մոտ, և ամեն ոք թող փախչի իր երկիրը»։ Իսրայելը ցիրուցան եղած մի հոտ է. առյուծներն են քշել նրան. նախ նրան լափեց Ասորեստանի թագավորը, իսկ այս վերջում` Նաբուգոդոնոսորը, Բաբելոնի թագավորը, նաև նրա ոսկորները փշրեց»։ «Ուստի այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ահա, Ես պիտի այցելեմ Բաբելոնի թագավորին և նրա երկրին, ինչպես այցելել եմ Ասորեստանի թագավորին»»։ «Եվ Իսրայելին պիտի վերադարձնեմ իր արոտավայրը, և նա պիտի արածի Կարմեղոսում և Բասանում, ու նրա հոգին պիտի կշտանա Եփրեմի լեռան վրա և Գաղաադում»։ «Այդ օրերին և այդ ժամանակ, - ասում է Տերը, - պիտի փնտրվի Իսրայելի անօրենությունը, բայց այն չի լինելու, և Հուդայի մեղքերը, բայց դրանք չեն գտնվելու. որովհետև պիտի ներեմ նրանց, ում ողջ կթողնեմ»։ «Ելի՛ր նրա դեմ, աղաղակող երկրի դեմ, և պատժի՛ր նրա բնակիչներին. ավերի՛ր և բնաջնջի՛ր այն ամենը, ինչ նրանցն է, - ասում է Տերը, - և արա՛ այն ամենը, ինչ որ Ես հրամայել եմ քեզ»։ «Պատերազմի ձայն կա երկրում և մեծ ավերածություն»։ «Ինչպե՜ս կոտրվեց ու փշրվեց ամբողջ երկրի մուրճը: Ինչպե՜ս Բաբելոնը սարսափ դարձավ ժողովուրդների մեջ»։ «Ես որոգայթ լարեցի քեզ համար, և դու բռնվեցիր, Բաբելո´ն` առանց կանխատեսելու դա. դու գտնվեցիր և բռնվեցիր, որովհետև ըմբոստացար Տիրոջ դեմ»։ «Տերը բացեց Իր զինարանը և այնտեղից վերցրեց Իր բարկության զենքերը, որովհետև Զորությունների Տեր Աստված անելիք ունի քաղդեացիների երկրում»։ «Նրա վրա եկե՛ք բոլոր ծայրերից, բացե՛ք նրա շտեմարանները, տրորե´ք նրան դեզերի պես, իսպառ բնաջնջե՛ք նրան, որպեսզի նրանից ոչինչ չմնա»։ «Ոչնչացրե՛ք նրա բոլոր արջառներին, թող տարվեն մորթվելու. վա՜յ նրանց, որովհետև եկել է նրանց օրը՝ նրանց այցելելու ժամանակը»։ «Լսվում է փախչողների ու Բաբելոնի երկրից փրկվողների ձայնը, որպեսզի Սիոնում հռչակեն մեր Տեր Աստծո վրեժխնդրությունը, վրեժխնդրությունը Նրա տաճարի համար»։ «Բաբելոնի դեմ աղեղնավորնե՛ր կանչեք. բոլոր աղեղ լարողնե՛ր, բանա՛կ դրեք նրա շուրջբոլորը, որպեսզի ոչ ոք չազատվի այնտեղից. հատուցե´ք նրան իր արարքների համեմատ. ինչպես որ նա է արել, այդպես էլ դո´ւք վարվեք նրա հետ, որովհետև նա ըմբոստացավ Տիրոջ՝ Իսրայելի Սրբի դեմ»։ ««Ուստի նրա երիտասարդները պիտի ընկնեն նրա փողոցներում, և նրա բոլոր պատերազմիկները պիտի ոչնչանան այն օրը, - ասում է Տերը»։ «Ահա, Ես քո դեմ եմ, ամբարտավա´ն, - ասում է Զորությունների Տեր Աստված. - որովհետև եկել է քո օրը, քեզ այցելելու ժամանակը»։ «Եվ ամբարտավանը պիտի սայթաքի ու պիտի վայր ընկնի, և ոչ ոք չպիտի կանգնեցնի նրան. և կրակ պիտի վառեմ նրա քաղաքների մեջ, ու այն պիտի լափի նրա ամբողջ շրջակայքը»։ «Այսպես է ասում Զորությունների Տերը. «Իսրայելի որդիները ճնշված են, ինչպես և` Հուդայի որդիները, ու բոլոր նրանք, ովքեր գերեվարեցին նրանց, ամուր բռնել են նրանց և չեն ուզում արձակել նրանց»»։ «Նրանց Քավիչը զորավոր է, «Զորությունների Տեր» է Նրա անունը. Նա պիտի պաշտպանի նրանց դատը, որպեսզի հանգստացնի երկիրը և դող գցի Բաբելոնի բնակիչների մեջ»։ «Սո՜ւր քաղդեացիների վրա, - ասում է Տերը, - և Բաբելոնի բնակիչների վրա, ու նրա իշխանավորների և նրա իմաստունների վրա»։ «Սո՜ւր գուշակների վրա, և նրանք կհիմարանան. սո՜ւր նրանց պատերազմիկների վրա, և նրանք կզարհուրեն»։ «Սո՜ւր նրա ձիերի և նրա կառքերի վրա ու նրա մեջ եղող բոլոր բազմազգ ժողովուրդների վրա, և նրանք կդառնան կանանց նման. սո՜ւր նրա գանձերի վրա, և դրանք կհափշտակվեն»։ «Երա՜շտ նրա ջրերին, և դրանք կչորանան. որովհետև այն կուռքերի երկիր է, և նրանք կխենթանան իրենց հրեշակերպ կուռքերի պատճառով»։ «Եվ այնտեղ պիտի ապրեն տափաստանային կենդանիներ` բորենիների հետ, և ջայլամներ պիտի բնակվեն այնտեղ, և հավիտյան չի բնակեցվելու ու այնտեղ ապրող չի լինելու սերնդից սերունդ»։ «Ինչպես որ Աստծո կողմից կործանվեցին Սոդոմն ու Գոմորը և նրանց հարևան քաղաքները, - ասում է Տերը, - այդպես էլ այնտե´ղ ոչ մի մարդ չպիտի ապրի, և մարդու որդին նրա մեջ կանգ չի առնելու»։ «Ահա, մի ժողովուրդ է գալիս հյուսիսից, և մի մեծ ժողովուրդ, ու շատ թագավորներ են ելնում երկրի ծայրերից»։ «Իրենց ձեռքերում աղեղ և տեգ են բռնում. նրանք անգութ են և անողորմ. նրանց ձայնն աղմկոտ է, ինչպես ծովը. ձիերի վրա են հեծած, մեկ մարդու պես շարված են, որպեսզի կռվեն քո դեմ, Բաբելոնի´ դուստր»։ «Բաբելոնի թագավորը լսեց նրանց մասին լուրը, և նրա ձեռքերը թուլացան. վիշտը պատեց նրան, տանջանքները՝ ծննդկան կնոջ պես»։ «Ահա, նա առյուծի պես բարձրանում է Հորդանանի բարձունքներից բարձրանում է դեպի ամրացված բնակավայրերը. բայց Ես պիտի ստիպեմ նրանց ակնթարթորեն փախչել այնտեղից, և, ով որ ընտրված է, նրա´ն կկարգեմ նրանց վրա: Որովհետև ո՞վ է Ինձ նման. և ո՞վ պիտի պատասխան պահանջի Ինձնից: Եվ ո՞ր հովիվը պիտի ընդդիմանա Ինձ»։ «Ուրեմն լսե՛ք Տիրոջ որոշումը, որը Նա սահմանել է Բաբելոնի վերաբերյալ, և նրա մտադրությունները, որոնք նա ունի է քաղդեացիների երկրի առնչությամբ. իսկապես, հոտերից ամենափոքրերը պիտի քշեն նրանց. իսկապես, նա պիտի ամայացնի նրանց բնակավայրերը»։ «Բաբելոնի գրավվելու ձայնից երկիրը պիտի դողա, և նրա աղաղակը պիտի լսվի ժողովուրդների մեջ»։ (Սինոդակամ թարգմ.)
Բաբելոնը և նրա աստվածները կընկնեն (1–8), իսկ Իսրայելն ու Հուդան այդ ժամանակ ազատություն կստանան (4–5):
Սրանք L և LI գլուխների մարգարեությունների երկու հիմնական մտքերն են: Զարգացնելով դրանք՝ մարգարեն ասում է, որ նախկինում ընտրյալ ժողովուրդը շատ է տառապել թշնամիներից՝ Աստծոց իր հեռացման համար, բայց հիմա նրանք կհեռանան Բաբելոնից, որն էլ իր հերթին ամբողջական ավերման կենթարկվի իր այն ուրախության համար, որը ցույց տվեց Հրեական պետությունը ոչնչացնելով: Իսրայելը կրկին հաստատվելու է իր երկրում, ապրելու է մեղքերից մաքուր և հաղորդակցվելու է Աստծո հետ, մինչդեռ Բաբելոնին սպառնում է թշնամական հորդաների սարսափելի արշավանքը: Թուրը կործանելու է բոլոր քաղդեացիներին:
«Երեմիա մարգարեի միջոցով»: Այս մակագրությունը բացատրվում է նրանով, որ այս մարգարեությունը Երեմիան անձամբ չի արտասանել, այլ Սարեայի միջոցով ուղարկել է Բաբելոն:
-----------------------------------------
[1](Էջմիածին թարգմ.) Ահա այն խօսքը, որ Տէրը Երեմիա մարգարէի միջոցով ասաց Բաբելոնի՝ քաղդէացիների երկրի մասին:
(Արարատ թարգմ.) Խոսքը, որ Տերը խոսեց Երեմիա մարգարեի միջոցով քաղդեացիների երկրի՝ Բաբելոնի մասին.
(Գրաբար) Ի վերայ բաբելացւոց։ Բանն զոր խաւսեցաւ Տէր ի վերայ Բաբելոնի, առ երկիրն Քաղդեացւոց ի ձեռն Երեմիայ մարգարէի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: