Զաքարիայի մարգարեության մեկնություն 14։6

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

6-7․ «Եվ այն օրը լույս չի լինելու. լուսատուները պիտի հեռանան»։ [6] «Այդ օրը կլինի միակը, որ հայտնի է միայն Տիրոջը. այն ո՛չ ցերեկ պիտի լինի, ո՛չ գիշեր, և երեկոյան լույս կհայտնվի»։ (Սինոդական թարգ․)
   
    Այդ ժամանակ տեղի կունենա նաև համաշխարհային կյանքի կարգի փոփոխություն. կվերանա ցերեկվա ու գիշերվա տարբերությունը, լուսատուները կդադարեն լույս տալ, կամ էլ կխախտվի ցերեկվա ու գիշերվա միջև բնականոն հերթափոխը. ցերեկը լույս չի լինի, սակայն այն կհայտնվի երեկոյան ժամին (Keil. Op. cit. S. 651): Մարտին «jom 'eshadh» (բառացի՝ «միակ օր») արտահայտությունը մեկնաբանում է այնպիսի օրվա իմաստով, որը չի փոխվում գիշերվա, այնպես որ նաև երեկոյան ժամին լույս պիտի լինի (Marti. Op. cit. S. 452): 6−րդ համարի վերջին հատվածը թարգմանիչների ու մեկնիչների կողմից միանգամայն տարբեր կերպ է ընկալվում: Եբրայերեն բնագրից կատարված ռուսերեն Սինոդական թարգմանությունն ու Վիեննական կանոնը 6−րդ համարի վերջին երկու բառերը տարբեր կերպ են ընթերցում և դրանց տարբեր ծագում վերագրում։ Այդ բառերից առաջինը ռուսերեն թարգմանվում է. «լուսատուները պիտի հեռանան» ((«jadar»−ը նշանակում է թանկագին, հրաշալի. այս բառի իգական սեռի հոգնակի ձևն է «jedaroth», ըստ Ռուժեմոնի` «երկնքի գոհարներ՝ լուսատուներ» (տե՛ս վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 244): «Dapha» բառի կրավորական ձևը նշանակում է «փոքրանալ», «նեղանալ», «կրճատվել». (տե՛ս Keil. Op. cit. S. 650, 651, Reinke. S. 294–297, Gesenius. Wörterbuch), իսկ երկրորդը թարգմանվում է՝ «կլինի ցուրտ և օդի խտացում» («jegaroth» արտահայտությունն ընթերցվում է որպես «vegaroth» կամ «vegaruth»` «և ցուրտը»: Kethibh jegippa'on − Oere: (ve) gippa'on՝ («և սառույց, սառնամանիք»): Յոթանասնիցն ընթերցում է «ψύχη» (այս բառի եզակի ձևն է «ψῦχος» − «ցուրտ»), «και παγος» («սառույց». դասական հունարենում «πάγος» բառն այս իմաստով գործածվում է նաև հոգնակի թվով), սլավոնական թարգմանությունն ունի` «ձմեռ ու սառնամանիք»: Եկեղեցու հայրերը 6−րդ համարի վերջին հատվածն ընթերցում են Յոթանասնիցի տեքստի համաձայն, սակայն 6−7−րդ համարները տարբեր կերպ են մեկնաբանում: Երանելի Թեոդորիտոս Կյուրացին այդ բառերը հասկանում է որպես Փրկչի խաչելության իրադարձությունների վերաբերյալ մարգարեություն (վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 123): Երանելի Հերոնիմոսը «ցուրտն ու սառնամանիքը» մեկնաբանում է և՛ բառացի իմաստով՝ դրանք կապելով այն ժամանակների հետ, երբ «լույսն ու խավարը, ցերեկն ու գիշերն այլևս հաջորդաբար չեն փոխարինելու միմյանց», և՛ փոխաբերական իմաստով՝ որպես Քրիստոսի երկրորդ գալուստից առաջ բոցավառ հավատքի կորստյան և սիրո սառչելու նշան (վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 173): Ըստ սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացու` մարգարեն «ձմեռ և սառնամանիք բառերով խոսում է այն գիշերվա մասին… երբ Նա (Քրիստոս Դատավորը), երկնքից գալով, որպես Արարիչ՝ ամեն ինչ պիտի վերափոխի և դեպի բարին դարձնի, և այդ ժամանակ այլևս ո՛չ գիշեր կլինի, ո՛չ ցերեկվա լույս» (վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 210):

    Սուրբ Եփրեմ Ասորին այս հատվածը մեկնաբանում է հետևյալ կերպ. «Այս ամենը նկարագրում է հրեաների անկայուն ու փոփոխական վիճակը Մակաբայեցիների ժամանակաշրջանում, ինչի մասին հիշատակել ենք ավելի վաղ: Սակայն ուշադիր և խորաթափանց ուսումնասիրողը կտեսնի, որ այս մարգարեությունը հստակորեն և ամբողջությամբ վերաբերում է Տիրոջ չարչարանքների օրվան…» (վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 262):

--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Այն օրը լոյս չի լինելու, այլ լինելու է ցուրտ ու պարզ օր:
(Արարատ թարգ․) Եվ այդ օրը լույս չի լինի, ո՛չ ցուրտ և ո՛չ սառնամանիք։
(Գրաբար) եղիցի յաւուր յայնմիկ՝ ոչ եղիցի լոյս. եւ ցուրտ եւ պարզ՝