Ա․ Լոպուխին
1-2․ «Ահա հասնում է Տիրոջ օրը, ու քեզանից գողացվածը բաժանելու են քո միջև»: [1] «Եվ ամբողջ ժողովրդին հավաքելու եմ Երուսաղեմի դեմ պատերազմի համար, ու քաղաքը գրավելու են, տները թալանվելու են, կանայք խայտառակ են արվելու, ու քաղաքի կեսը գերության է տարվելու, սակայն քաղաքի մնացյալ ժողովուրդը չի ոչնչանալու»: (Սինոդական թարգ․)
14−րդ գլխի առաջին համարներում մանրամասն սկսում են զարգանալ նախորդ գլխի՝ 7−9−րդ համարներում հնչած մտքերը: Տիրոջ հզորության ու արդարության դրսևորման և հրեաների մնացյալ երրորդ մասի վերջնական փորձության համար սահմանված օրը գալու է այն ժամանակ, երբ Երուսաղեմը դառնա թշնամիների զոհը, որոնք պարտվածների աչքի առաջ տնօրինելու են նրանց ունեցվածքը: Բոլոր ազգերը հավաքվելու են Երուսաղեմի դեմ պատերազմելու համար. գրավված քաղաքը թալանվելու է, կանայք անարգվելու են, և ողջ բնակչության կեսը գերության է տարվելու։ Սակայն այդ բնաջնջումը համընդհանուր և վերջնական չի լինելու. Երուսաղեմի բնակչության մի մասը փրկվելու է:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Ահա գալիս է Տիրոջ օրը, եւ քո աւարը պիտի բաժանուի քո մէջ:
(Արարատ թարգ․) Ահա մի օր է գալիս Տիրոջ համար, երբ քո ավարը պիտի բաժանվի քո մեջ։
(Գրաբար) Ահա աւուրք Տեառն եկեսցեն. եւ բաժանեսցի աւարն քո ի քեզ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: