Զաքարիայի մարգարեության մեկնություն 8։1

Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի (†444)

1-2. Եվ լսելի եղավ Զորությունների Տիրոջ խոսքը. «Այսպես է ասում Զորությունների Տերը. «Ես մեծ նախանձախնդրությամբ լցվեցի Երուսաղեմի և Սիոնի նկատմամբ, և մեծ բարկությամբ նախանձախնդիր եղա նրա համար»:
   

   Բավականաչափ հանդիմանելով նախնիների անհնազանդությունն ու անզսպվածությունը և դրա հետևանքով նրանց հետ պատահած փորձանքները, ինչպես նաև պարզաբանելով, թե ինչն էր նրանց հասած տառապանքների պատճառը, մարգարեն իր խոսքն ուղղում է դեպի աստվածային ողորմության շնորհիվ պարգևվող բարիքները և, վերջապես, խոստանում է նրանց բարեկեցության ժամանակներ ու ցանկալի բարիքների առատ վայելք։ Եվ դա ա՛յն բանի շնորհիվ, որ այդ մարդիկ, որոնք արդեն իսկ արդարացի պատժի են ենթարկվել իրենց ամբարիշտ գործերի համար և, թշնամիների ձեռքով պատժի արժանանալով ու ստրկության լուծը կրելով, ասես մաքրվել են նախկինում գործած հանցանքների անմաքրությունից։ Նա ասես աղաղակում է բաբելոնացիների դաժանության դեմ, որոնք, հատելով հանդգնության բոլոր սահմանները, նրանց հանդեպ գործեցին այն, ինչ չէր ցանկանում Ինքը՝ բարկացած Աստված, քանի որ Տերը հստակ ասել էր. «Քանզի թեև ես մի փոքր բարկացա, նրանք, սակայն, հարձակվեցին մեծ չարիքով»։ Ուստի «նախանձախնդրությամբ լցվեցի Երուսաղեմի նկատմամբ», այսինքն՝ Ես նախանձախնդրություն ցույց տվեցի նրա հանդեպ, «և մեծ բարկությամբ նախանձախնդիր եղա նրա համար»՝ ասես այսպես ասելով. «Բաբելոնացիներն իրենց հերթին կենթարկվեն ավելի ծանր փորձանքների, քան նրանք պատճառեցին ուրիշներին, և այդպիսի դաժան կործանիչների դեմ Ես կուղարկեմ Իմ բարկությունը»։

   Դա իրագործեց Քրիստոս. քանզի տրտմելով մեզ՝ խղճալիորեն կործանվածներիս համար, և ասես նախանձախնդրություն ցուցաբերելով Եկեղեցու հանդեպ, Նա դևերի բազմությունից և նրանց անմիտ առաջնորդից խլեց մեր հանդեպ ունեցած տիրապետությունն ու Իրեն երկրպագողների ժողովին (Եկեղեցուն) ազատեց սատանայի դաժանությունից։
   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

1-2. «Եվ եղավ Զորությունների Տիրոջ խոսքը». [1] «Այսպես է ասում Զորությունների Տերը. «Ես մեծ նախանձախնդրություն ունեցա Սիոնի հանդեպ և մեծ ցասմամբ նախանձախնդիր եղա նրա համար»»: (Սինոդական թարգ․)
   
   Ուսումնասիրվող հատվածում բովանդակվող մարգարեությունը սկսվում է այն նույն բառերով, որոնք հանդիպում են ութը գիշերային տեսիլքների մասին մարգարեության հենց սկզբում (Զաք. 1:14, 15): Տերը խոսում է Սիոնի, այսինքն` Իր ժողովրդի հանդեպ ունեցած սիրո մասին։ Նախանձախնդրության ներքո, իհարկե, նկատի է առնվում սիրո (նկատմամբ եղած) փութաջանությունը, իսկ բարկության մասին խոսքերը վերաբերում են հեթանոսներին, որոնք ընտրյալ ժողովրդին բազում ցավեր են պատճառել:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Ամենակալ Տէրը խօսքն ուղղեց ինձ եւ ասաց.
(Արարատ թարգ․) Եվ Զորքերի Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղեւ բան Տեառն ամենակալի առ իս, եւ ասէ. Այսպէս