Հովնանի մարգարեության մեկնություն 1:7

Ա․ Լոպուխին

Եվ յուրաքանչյուրն ասաց իր ընկերոջը. «Եկեʹք վիճակ գցենք ու իմանանք, թե ում պատճառով են այս չարիքները պատահում մեզ հետ»: Վիճակ գցեցին ու վիճակն ընկավ Հովնանին: (Սինոդական թարգ․)[7]
   
   Հին ժամանակներում այն տեսակետն էր տարածված, որ չափազանց մեծ աղետները մարդկանց պատահում են նրանց կատարած ինչ−որ մեծ հանցանքների պատճառով (Հոբ 4:8−11, 18:5−21): Այս տեսակետը կիսելով է, որ նավաստիները վճռում են, թե այդ ահռելի փոթորիկը իրենց վրա է հասել նավի վրա գտնվողներից մեկի մեծ մեղքի պատճառով: Աղետի համար մեղավորին նրանք փորձում են ճանաչել վիճակահանությամբ: Այս ավանդույթը գոյություն ուներ հին ազգերից շատերի մոտ` ինչպես հեթանոսների, այնպես էլ հրեաների, և երկուսն էլ միևնույն ժամանակ այն համոզումն ունեին, որ հարցը որոշում էր ոչ թե կույր պատահականությունը, այլ Աստված (կամ էլ հեթանոս աստվածները) է իշխում նետված վիճակի վրա (Նավ. 7:1, Ա Թագ. 14:42, Գործք. 1:26, Cicero. De natura deorum. III, 36): «Վիճակ գցեցին ու վիճակն ընկավ Հովնանին»: Այսպիսով՝ Հովնան մարգարեի գիրքը հասկացնում է, որ ոչ միայն նետողներն էին հավատում, որ Աստված է իշխում նետված վիճակի վրա, Աստված է իրադրության տերը, այլ դա իրականում այդպես է:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Եւ իւրաքանչիւրն ասաց իր ընկերոջը. «Եկէ՛ք վիճակ գցենք եւ իմանանք, թէ ում պատճառով են այս չարիքները պատահում մեզ»: Վիճակ գցեցին, եւ վիճակն ընկաւ Յովնանին:
(Արարատ թարգ․) Եվ միմյանց ասում էին. «Եկե՛ք վիճակ գցենք և իմանանք, թե ո՛ւմ պատճառով է մեզ այս չարիքը եկել»։ Վիճակ գցեցին, և վիճակն ընկավ Հովնանին։
(Գրաբար) Եւ ասեն իւրաքանչիւր ցընկեր իւր. Եկայք արկցուք վիճակս՝ եւ գիտասցուք, վասն ո՞յր են չարիքս այս ի վերայ մեր։ Արկին վիճակս, եւ ել վիճակն Յովնանու։