Ա․ Լոպուխին
1-3․ Տիրոջ խոսքը, որ եղավ Եզեկիայի որդի, Ամարիայի որդի, Գողգողիայի որդի, Քուսիի որդի Սոփոնիային՝ Հուդայի թագավոր Ամոնի որդի Հովսիայի օրոք: [1] Ամեն ինչ բնաջնջելու եմ երկրի երեսից,− ասում է Տերը: Կբնաջնջեմ մարդկանց ու անասուններին, կբնաջնջեմ երկնքի թռչուններին և ծովի ձկներին, և գայթակղությունները չարագործների հետ. Կբնաջնջեմ մարդկանց երկրի երեսից,− ասում է Տերը: (Սինոդական թարգ․)
Աստվածային ամբողջ ոգեշնչմամբ լցված և կարծես ստացված հայտնության չափազանց կարևորության մտքով կլանված մարգարեն խոսքի հենց ամենասկզբում, առանց որևէ նախաբանի, ուղղակիորեն ներկայացնում է իր մարգարեության էությունը, որը կազմված է Աստծո՝ ամեն ինչ ոչնչացնող, բարկության և դատաստանի մոտենալու [մասին] հռչակումից: Աստծո դատաստանը անփոփոխ և համապարփակ է․ այն ընդգրկում է ամբողջ երկիրը: Տեր Աստված երկրի երեսից կբնաջնջի «ամեն ինչ» (տե՛ս համար 2), ավելի հստակ՝ մարդկանց և անասուններին, թռչուններին և ձկներին (տե՛ս համար 3 ա): Բայց այս բարկության պատճառով լինելիք համընդհանուր բնաջնջումը, որը Աստծո դատաստանի համաձայն է, այստեղ սահմանափակվում է այն բանի մասին նշումով, որ իրենց գայթակղությունների հետ միասին կբնաջնջվեն միայն մեղավորները («համմախշելօտետ էտ հարէշաիմ − хаммахшелотэт эт харэшаим», տե՛ս համար 3բ): Երանելի Հերոնիմոսը 2−3 համարների Աստծո խոսքերը հետևյալ կերպ է բացատրում․ «Տերը մարգարեի միջոցով ասում է. «Այլևս ապաշխարելու ժամանակ չեմ տա, բայց երկրի երեսից կբնաջնջեմ ամեն ինչ: Չի մնա ո՛չ մարդ, ո՛չ անասուն, ո՛չ թռչուն և ո՛չ էլ ծովային ձուկ: Այսպիսով՝ նույնիսկ անբան կենդանիները կզգան Տիրոջ բարկությունը: Քանի որ քաղաքների ավերմամբ և բնակչության ոչնչացմամբ կա՛մ ամբողջական ոչնչացում կլինի, կա՛մ էլ ցամաքային կենդանիների, ձկների և թռչունների զգալի նվազում: Որպես այս բանի վկաներ՝ ծառայում են Իլիրիան, Թրակիան և իմ ծննդավայրը (այսինքն` Դաղմատիան, որտեղ Ստրիդոն քաղաքն է, որում ծնվել է երանելի Հերոնիմոսը), որտեղ ամեն ինչ բնաջնջվեց՝ բացառությամբ երկնքի և անընդհատ փշեր ու անանցանելի անտառներ աճեցնող երկրի: Եվ դա կլինի, ինչպես ասում է մարգարեն, քանի որ մեղավորները չափազանց շատ են: Այսպիսով՝ մեղավորները կընկնեն, մարդիկ կմահանան, իսկ երկրի երեսին անապատ կլինի» (Ստեղծագործություն, Սոփոնիայի մարգարեության մեկնության մեկ գիրք, Մաս 14, Կիև, 1898 թ., էջ 240, 241): Սակայն, այստեղ բառացի ճշգրտությամբ կանխատեսված երկրի՝ Հրեաստանի ամայացումը, առնվազն, եթե մնանք մարգարեության պատմական շրջանակի մեջ, հազիվ թե իրականություն դառնար: «Այստեղ,− ինչպես ասում է Կյուրեղ Ալեքսանդրացին,− այլաբանական արտահայտությունների միջոցով այն մասին է մարգարեություն արվում, որ նրանց երկիրը կատարյալ անապատ կդառնա և այդ ժամանակ հազիվ թե իր բոլոր բնակիչների հետ չոչնչանա: Սակայն ինչպես իր վրա գտնվող նավաստիների հետ խորտակվող նավից ոչինչ չի մնում, այնպես էլ Հրեաստանի նվաճմամբ ոչինչ չի փրկվի՝ ո՛չ մարդ, ո՛չ կենդանի, ո՛չ թռչուն և ո՛չ էլ ձուկ: Բայց քանի որ, հնարավոր է, այնտեղ եղել են օրենքի համաձայն ապրողներ, բարեպաշտ ու զարմանքի արժանի վարք ունեցողներ, ուստի, որպեսզի չթվա, որ Նա իր բարկությունը ուղղում է անընդհատ ու անխտիր բոլորի վրա և առանց հաշվի առնելու կործանում է արդարներին անարդարների, անօրեններին ու մեղավորներին՝ բարեպաշտների հետ, այդ նպատակով էլ ուղղակի մատնանշում է, թե Իր բարկության հետևանքները ում կվերաբերվեն: Քանի որ նա ասել է, որ կկանգնեցնի և կհեռացնի անօրեններին և մեղավորներին երկրի երեսից» (Սոփոնիայի մարգարեության մեկնություն // Աստվածաբանական բանբեր, 1895, հ. Բ, էջ 330, 331): Յոթանասնիցի ընդունված հունարեն տեքստը, ինչպես նաև նրա առավել հեղինակավոր Սինայական, Վատիկանյան, Ալեքսանդրյան ձեռագրերը, 2−րդ համարի թարգմանության ժամանակ բաց են թողնում «կոլ−коль» − «ամեն ինչ» բառը, որը բացակայում է նաև եբրայերեն Կեննիկոտի համար 245 ձեռագրում: «Հավանաբար,− նշում է Ի. Տուրնինը,− սկզբում «կոլ−коль» բառը տեքստում չի եղել։ Այն հետագայում պարզություն մտցնելու համար է տեղադրվել, հակառակ դեպքում՝ Յոթանասնիցում այս բառի բացակայությունը կլիներ անբացատրելի» (Սոփոնիա մարգարեի գիրքը, Ս. Պոսադ, 1897 թ., էջ 6): Սակայն եբրայերեն տեքստի, գրեթե առանց բացառության, բոլոր ցանկերում այս բառի առկայությունը ավելի քիչ թույլատրելի կամ համատեղելի է լինում սկզբնական տեքստում այս բառի բացակայության մասին ենթադրության հետ: Բացի այդ՝ այս բառը փոխանցվում է Քաղդեական, Սիրիական թարգմանություններում, Վուլգաթայում, սլավոնական թարգմանություններում, «penia» բառը առկա է նաև շատ հունարեն ձեռագրերում՝ Ալեքսանդրյան, ինչպես նաև համար 22, 36, 42, 51, 62, 86 (87 մարժ.), 97, 114, 147, 238, 240−ում: Իսկ 2-րդ, 3-րդ համարներում մարգարեի խոսքի այլ մարգարեների մոտ եղած նմանատիպ կանխագուշակումների հետ (օրինակ՝ Երեմ. 4։23−25, Ովս. 4:3 և այլն) ունեցած զուգահեռականությունը պահանջում է ճանաչել «ամեն ինչ» բառի բնագրային լինելը: Ընդհանրապես 2-րդ, 3-րդ համարների սարսափելի խոսքերը համաշխարհային կամ տիեզերական բնույթ ունեն և լավագույնս կարող են համեմատվել նախաջրհեղեղյան աշխարհի վերաբերյալ Աստծո սարսափելի վճռի հետ՝ «Երկրի երեսից կբնաջնջեմ այն մարդկանց, ում ստեղծել եմ՝ մարդուց մինչև անասուն, սողուններին և երկնքի թռչուններին...» (Ծննդ. 6:7): Մարգարեի կողմից երկրի վրա բոլոր տեսակի կյանքերի ոչնչացման մեթոդը չի նշվում, բայց դատելով Հուդային սպասող աղետների պատկերից (տե՛ս ստորև՝ 12−18 համարներում)՝ մարգարեն երկրին սպառնում է կործանարար պատերազմներով, որոնք իրապես Հնագույն Արևելքում պատերազմող երկրին լիակատար կործանում և մահ էին բերում (Դ Թագ. 3:19, 25 և այլն):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տիրոջ պատգամը, որ հասաւ Եզեկիայի որդի, Ամարիայի որդի, Գոդողիայի որդի, Քուսիի որդի Սոփոնիային՝ Յուդայի երկրի արքայի՝ Ամոնի որդի Յոսիայի ժամանակ:
(Արարատ թարգ․) Տիրոջ խոսքը, որ եղավ Եզեկիայի որդի Ամարիայի որդի Գոդողիայի որդի Քուսիի որդի Սոփոնիային՝ Հուդայի թագավորի՝ Ամոնի որդու՝ Հովսիայի օրերին։
(Գրաբար) Բանն որ եղեւ առ Սոփոնիա Քուսեայ, որդւոյ Գողգողիայ, Ամարեայ՝ Եզեկիայ, յաւուրս Յովսիայ, որդւոյ Ամովնայ արքայի Յուդայ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: