Ովսեեի մարգարեության մեկնություն 5:1

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Լսե՛ք այս, քահանանե՛ր, ուշադրությո՛ւն դարձրեք, Իսրայելի՛ տուն, և մոտեցրե՛ք ձեր ականջը, թագավորի՛ տուն. ձեզ համար դատաստան պիտի լինի, որովհետև դուք որոգայթ եք եղել Մասսեփայում, և ցանց՝ տարածված Թաբորի վրա։ (Սինոդական թարգ․) [1]
   

    Մարգարեն հանդիմանական խոսքով դիմում է ժողովրդի ներկայացուցիչներին, որոնք ժողովրդին մեղքի մեջ էին գցել և նրան մահվան էին տանում։ «Լսե՛ք այս», այսինքն՝ լսե՛ք այն հանդիմանություններն ու նախատինքները, որոնք ասվել են նախորդ գլխում։ Ժողովրդի ներկայացուցիչներից մարգարեն անվանապես նշում է հորթերին պաշտամունք մատուցող քահանաներին և թագավորի տունը, այսինքն՝ հենց թագավորին (հավանաբար Մենայիմին, համար 13) և նրան շրջապատող խորհրդականներին։

    Ժողովրդի ներկայացուցիչների մեղքն այն է, որ նրանք ժողովրդի համար որոգայթ էին դարձել Մասսեփայում և տարածված ցանց՝ Թաբորի վրա։ «Մասփա» տեղանվան ներքո, ինչպես կարելի է ենզրակացնել տվյալ տեղանքը Թաբոր լեռան հետ համեմատելուց, մարգարեն նկատի ունի գաղաադական Մասփան կամ Միցպան, որը գտնվում էր Հորդանանի արևելյան շրջանում՝ Գաղաադի դիտանոցի (այսինքն՝ լեռնաշղթայի) սահմաններում (Դատ․ 10։17, 11։11, 29) և անվանվում էր գաղաադական Ռամաթ (Հես․ 20։8, Դ Թագ․ 9։2, 4, 14), իսկ վերջինս էլ նույնացվում է Ջեբել−Օշայի մոտակայքում գտնվող Էս−Սալթի հետ։

    Թաբոր լեռը Հեզրայելի հովտում գտնվող հայտնի լեռն է (Հեսու․ 19:18. 19։22, Դատ․ 4։12, 4)։ Ակնհայտորեն մարգարեի կողմից հիշատակված վայրերը հնում հարուստ էին թռչուններով և թռչնորսների համար սիրելի որսատեղիներ էին։ Այստեղից է մարգարեն վերցրել է իր պատկերը։ Բացի այդ՝ երկրի համար կարևոր երկու կետերի մասին հիշատակումով՝ մեկը՝ արևելյան մասում, իսկ մյուսը՝ արևմտյան, մարգարեն ցանկանում էր մատնանշել ամբողջ երկիրը։ Մարգարեի միտքն այն է, որ ինչպես թռչնորսներն էին իրենց ցանցերը դնում Մասսեփայում և Թաբորում, այդպես էլ ժողովրդի ներկայացուցիչներն էին ամբողջ երկրով մեկ որսում ժողովրդին կռապաշտության և այլասերության մեջ։

    Սլավոնական տեքստի ընթերցումը՝ «яко пругло бысте стражбе», առաջացել է նրանից, որ Յոթանասնիցը եբրայերեն «lemizpah» (ռուս.՝ «Մասսիֆայում») բառը հասկացել են որպես ընդհանուր նշանակություն ունեցող՝ «դիտաշտարակ» (հուն.՝ «τή σκοπιά», սլավ.՝ «стражбе»), քանի որ տվյալ բառն այդ իմաստն էլ ունի։ Եբրայերեն «Թաբորի վրա» արտահայտությունը Յոթանասնիցում փոխանցված է π τ ταβύριον, սլավոնականում՝ «на Итавирии»»։

--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) 1. Լսեցէ՛ք սա, ո՛վ քահանաներ, մտի՛կ արէք, ո՛վ Իսրայէլի տուն, թագաւորի՛ տուն, ակա՛նջ դրէք, քանի որ ձերն է դատաստանը.
(Արարատ թարգ․) Լսե՛ք այս, ո՛վ քահանաներ, և ուշադի՛ր եղեք, ո՛վ Իսրայելի տուն, և ակա՛նջ դրեք, ո՛վ թագավորի տուն, որովհետև դատաստանը ձերն է, որովհետև դուք որոգայթ եղաք Մասփայում. տարածված ցանց՝ Թաբորի վրա
(Գրաբար) Լուարո՛ւք զայս քահանայք, և անսացէ՛ք տունդ Իսրայէլի. և տուն թագաւորիդ ունկնդի՛ր լերուք. քանզի ընդ ձե՛զ է դատաստան. զի որոգայթ եղերուք դիտանոցին, և իբրև զվա՛րմ ձգեալ ի գլո՛ւխ գահաւանդի՝