ՄԻ ՈՒՐԻՇ ԹԻԹԵՌՆԻԿ

Երկու ամիս անց, հոկտեմբերի վերջերին, Պոլիսն արդեն բավականին մոտեցել էր: Պարտիզակը կանաչներ հագած նահանգ էր: Աշունը դեռ շատ քիչ էր ազդել շրջապատի վրա: Վաթսուն հազար հայ էր ապրում տարածաշրջանում:      Կոլոտն այստեղ հանդիպեց ամենից ավելի հավատացյալ հայերին: Մինչև հիմա սրանց նման եկեղեցուն ու եկեղեցականին կապված շատ քիչ վայրերից էր անցել: Մեկ շաբաթ մնաց այստեղ և վաղ այգաբացին փախչելով փրկվեց նրանցից, քանի որ այլ կերպ ազատվել այս բարեպաշտ մարդկանց` իրենց մոտ ավելի երկար մնալու պնդումներից,  հնարավոր չէր: Անշուշտ այստեղ կատարեց մեծագույն հանգանակությունը: Վանքի պարտքերի կեսը գրեթե արդեն հավաքել էր և մաս–մաս ուղարկել Տարոնի կողմերը գնացող վստահելի և երևելի անձնավորությունների կամ վաճառականների միջոցով, որոնց տեղի եպիսկոպոսի ներկայությամբ գրավոր երաշխիքի փոխարեն հանձնում էր փողը, որպեսզի նրանք հասցնեին Սուրբ Կարապետ:

Կոլոտի ճարտասանությունը հեշտացնում էր դրամահավաքը: Բայց միշտ մի բան անհանգստացնում էր նրան, երբ ամեն անգամ նվիրատվության կոչով դիմում էր ժողովրդին: Որոշ տեղերում նրա առջև հավաքված ժողովուրդն այնքան աղքատ էր երևում, որ հավաքածն ուզում էր բաժանել նրանց: Իր սկզբունքի համաձայն Կոլոտը երբեք քարոզը չէր վերածում նվիրատվության կոչի և քարոզի գաղափարն էլ չէր օգտագործում հանգանակությո նը բարձրացնելու նպատակով և ոչ էլ Աստծո խոսքով ջանում էր ժողովրդի սիրտը օժանդակության պատրաստել: Պատշաճ վերաբերմունքը թողնում էր հավատացյալներին: Այս էր պատճառը, որ երբեմն մոռանում էր օգնության կոչով դիմել ունկնդիրներին:

Նա իր առաքելությունը կատարել էր ավելի քան: Հանգանակության համար ևս երկու պատվիրակություն էր ուղարկված. մեկը դեպի Պարսկաստան, իսկ մյուսը` Կովկաս: Եթե սրանք էլ պարտքերի մյուս կեսը փակող հանգանակությունը ապահոված լինեին, վանքն այլևս ազատված կլիներ պարտքերից, և ուրիշ խնդիր չէր մնա: Հիմա ձյունից առաջ կարող էր վերադառնալ Տարոն և վերսկսել դաստիարակչական աշխատանքը, որին անհամբեր էր ու կարոտած: Սակայն  իր երազանքների քաղա քին այսքան մոտենալով` չէր ուզում առանց տեսնելու վերադառնալ: Նաև հնարավոր էր, որ մյուս խմբերը ձախողած լինեին, և այդ ժամանակ իր առաքելությունը կմնար անկատար: Բացի այդ, միաբանությունը նրան Կոստանդնուպոլիս էր ուղարկել մասնավոր հանգանակության համար: Իհարկե, վանքի գանձանակը քիչ ավելի շատ դրամ մտնելը բալասանի նման էր լինելու, որը  նա շատ լավ էր հասկանում: Ներքին մի կռիվ սկսվեց Կոլոտի մեջ` առաջ գնալու և վերադառնալու համար: Բայց արդեն իսկ դեպի Պոլիս էր գնում և ահա հասել էր Արմաշ` մայրաքաղաքից չորս–հինգ օրվա հեռավորությամբ ու դեռ անորոշ և վարանոտ հոգեվիճակի մեջ էր: Արմաշը հայկական մի գյուղ էր իր գողտրիկ եկեղեցիով: Համայնքի հավատքով տպավորված` Կոլոտը ազդեցիկ քարոզ տվեց եկեղեցու մեջ: Ավետարանի օրվա ընթերցվածը «Այրի կնոջ լուման» էր, որն այնքան ազդեցիկ հնչեց, որ մարդիկ իրենց քսակները գրեթե  դատարկել էին եկեղեցու գանձանակի մեջ: Եկեղեցու քահանան շատ գոհ էր արդյունքից, որից լավ բաժին հասավ նաև Սուրբ Կարապետ վանքին: Պատարագի ընթացքում Կոլոտը մի վերջին անգամ սակարկում էր Աստծո հետ` առա՞ջ, թե՞  հետ գնալու համար, որովհետև Արմաշը վերադառնալու համար վերջին կայանն էր: Սակայն դժվար էր Աստծո ձայնը լսել իր սրտի աղմուկի մեջ: Ի վերջո որոշեց վերադառնալ Տարոն  և հանգստացավ իր այս որոշմամբ` չարաճճի մի ժպիտ ուղարկելով դեպի երկինք և դիմելով Աստծուն. «Եթե այսօր թևիս վրա մի թիթեռնիկ ուղարկես, միայն այդ դեպքում Պոլիս կգնամ»:

Պատարագից հետո ժողովուրդը կամաց–կամաց ցրվեց, և Կոլոտը եկեղեցուց դուրս եկավ Տեր Հոր ու սարկավագների ընկերակցությամբ: Հանկարծ մեկը ետևից քաշեց նրա վերարկուի փեշը: Շրջվեց, որ տեսնի քաշողին. յոթ–ութ տարեկան սիրունիկ մի աղջնակ էր ժպտերես կանգնած իր առջև:
- Ի՞նչ ես ուզում, հրեշտակս, աղո՞թք:
- Չէ՛, ես էլ եմ ուզում քեզ մի բան տալ: Կոլոտի ապշած հայացքի առաջ աղջիկը ձեռքը տարավ մազերին, հերակալը հանեց և երկարեց վարդապետին:
- Վերցրու սա, կնքամորս նվերն է, խեղճը մեռավ: Երբ աղոթում էի, Աստված ինձ ասաց, որ քեզ տամ: Դու էլ աղոթիր կնքամորս հոգու համար, շատ լավ կին էր:

Կոլոտը սառել, մնացել էր: Աչքերը անշարժ գամվել էին հերակալին: Այն փոքրիկ թիթեռնիկի էր նման:

– Դե՛ ա՛ռ, ինչու՞ չես վերցնում: Արծաթից է ու շատ թանկարժեք:

Կոլոտն իր ափը մեկնած բացեց ու ապա բարձրացրեց զգայազուրկ վիճակով: Երբ աղջիկը հերակալը դնում էր վարդապետի ափի մեջ, այնտեղ թացություն զգաց: Վարդապետը լալիս էր: Ծունկի իջած Կոլոտը, իր խոշոր ափերի մեջ ամուր սեղմելով մանկան ձեռքը, համբուրում էր այն ու թրջում առատահոս արցունքներով: Աղջիկը զարմացած էր ու, մյուս ձեռքով շոյելով վարդապետի գլուխը, ասաց.
-Լաց մի լինիր, եթե շատ փողի կարիք ունես, ես էլի ուրիշ բան ունեմ, սպասիր բերեմ:
Կոլոտն այս անգամ հեծկլտալով սկսեց ավելի ուժեղ լացել: Աղջիկը հետ քաշեց ձեռքն ու գնաց` իր փողերը բերելու: Կոլոտը, ճակատը գետնին հպած, հոնգուր–հոնգուր լալիս էր: Շուրջը եղողներն էլ այս տեսարանից զգացվեցին: Նրանց աչքերն էլ լցվեցին արտասուքով: Քահանան և սարկավագը, թևերը մտնելով, բարձրացրին այդ լացկան վարդապետին և հովվատուն տարան` երեսը լվալու: Ամբողջ օրը Կոլոտը իր ձեռքում պահեց հերակալը: Երեկոյան ժամերգությունից հետո եկեղեցում մենակ մնաց, ծնրադրեց դասի մեջ տղում` խորանի առջև, վերբարձրացրեց աջձեռքը, բացեց ափը` հերակալը բռնած, և արտասվախառն ուխտ արեց.
- Ո՛վ Տեր, եթե դավաճանեմ այս աղջկա հա ատին ու վստահությանը, թող աջ ձեռքս չորանա:
Կոլոտը ոտքի կանգնեց: Հերակալն ամրացրեց իր արծաթյա լանջախաչի վերևի ծայրին, ուր հազիվ որևէ մեկը կնկատեր, եթե մո տիկից նայեր:  Աստված իր թիթեռնիկն էր ուղարկել ու այս հրաշքով Կոլոտի ընթացքը Տարոնից դեպի Կոստանդնուպոլիս էր փոխել, որի տված թափով ու քաջալերանքով Կոլոտը երկու օրում հասավ Պոլիս:

 

Հաջորդ գլուխը՝

ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ