Միքիայի մարգարեության մեկնություն 3։12

Ա․ Լոպուխին

Դրա համար Սիոնը ձեր պատճառով կհերկվի ինչպես արտը, և Երուսաղեմը կվերածվի ավերակների կույտի, և այս տան լեռը անտառապատ բլուր կլինի։ (Սինոդական թարգ․)[12]
   

   Իշխանների մեղքերի պատճառով մարգարեն Երուսաղեմի ամբողջական ավերման մասին է հայտարարում։ «Սիոն»–ը սկզբնապես եղել է Երուսաղեմի արևելյան բլրի հարավային կողմում գտնվող հեբուսացիների ամրոցի, իսկ հետագայում նաև ամբողջ արևելյան բլրի և անգամ ամբողջ Երուսաղեմի անվանումը։ «Այս տան լեռը»՝ տաճարի լեռը, այսինքն` նույն Սիոնը կամ էլ Սիոնի այն հատվածը, որտեղ տաճարն էր։ Յոթանասնիցը 12−րդ համարը մասորեթական տեքստի համաձայն է թարգմանել. միայն թե «իյին» (ավերակների կույտ) արտահայտությունը, ինչպես Միք․ 1։6 համարում, «ὀπωροφυλάκιο» (սլավոներեն` «բանջարեղենի պահեստ») բառով է փոխանցել, իսկ «բամոտ» («բլուր») արտահայտությունը` «ἄλσος–մարգագետին»–ով (սլավոներեն` «և տաճարի լեռը մայրիների մարգագետնի պես կլինի»)։

Երուսաղեմի կործանման մասին Միքիայի մարգարեությունը բերվում է նաև Երեմիայի գրքում (Եր․ 26։18)։ Երեմիայի գրքից մենք տեղեկանում ենք, որ դիտարկվող մարգարեությունն ասվել է Եզեկիայի օրոք, թագավորի և ժողովրդի վրա ազդեցություն է թողել և դեպի Տիրոջը դառնալ է ստիպել։ Այս դարձի արդյունքում Տերը «չեղարկել է աղետը»։ Այսպիսով՝ մարգարեի սպառնալիքները թեկուզև դրական ձևով էին արտահայտվել, սակայն պայմանական բնույթ ունեին։ Բացի ասվածից՝ Երեմիայի գրքում հաղորդվում է, որ Երուսաղեմի կործանման մասին Միքիայի մարգարեանալու փաստը ծառայել է Երեմիա մարգարեին մահից փրկելուն. Երեմիային այն բանի համար էին ցանկանում դատապարտել, քանի որ նա քաղաքի դեմ էր մարգարեացել (Եր․ 26։11−19)։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Դրա համար Սիոնը ձեր պատճառով պիտի հերկուի արօրով, Երուսաղէմը պիտի դառնայ ինչպէս մրգապահների տաղաւար, եւ Տիրոջ տաճարի լեռը՝ մայրիների անտառ:
(Արարատ թարգ․) Ուստի Սիոնը ձեր պատճառով իբրև արտ պիտի հերկվի, Երուսաղեմը ավերակների կույտի պիտի վերածվի, իսկ տաճարի լեռը՝ անտառախիտ բարձունքի։
(Գրաբար) Վասն այդորիկ ի ձե՛ր սակս, Սիոն արօրադի՛ր լիցի, և Երուսաղէմ իμրև զտաղաւար մրգապահաց, և լեառն տաճարին յանտա՛ռ մայրւոյ։