Միքիայի մարգարեության մեկնություն 5։7

Ա․ Լոպուխին

Եւ Հակոբի մնացորդը բազմաթիվ ժողովուրդների մեջ կլինի ինչպես ցողը Տիրոջից, ինչպես շաղը խոտի վրա, և այն մարդուց կախված չի լինի, և հույս չի դնի Ադամի որդիների վրա։ (Սինոդական թարգ․)[7]
   

   Մարգարեն խոսում է «Հակոբի մնացորդի», այսինքն՝ նորոգված Իսրայելի մասին, և նրան ցողի կամ էլ անձրևի կաթիլների հետ է համեմատում։ Ո՞րն է մարգարեի համեմատության իմաստը։ Սովորաբար այդ համեմատությունը որպես հեթանոսական աշխարհի համար նոր Իսրայելի բարերար նշան լինելու մատնանշում է հասկացվում, որի համար Իսրայելն այն նույն նշանակությունն ունի, ինչ−որ ցողը և անձրևը Պաղեստինի համար (երանելի Թեոդորոս Կյուրոսացի, սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի, Սանկտիոս, Յունգերով և այլք)։ Սակայն համարի երկրորդ՝ «այն մարդուց կախված չի լինի» հատվածը նորագույն մեկնաբաններին (Նովակ, Մարտի, Գոոնակեր) հիմք է տալիս, որ նրանք մարգարեի համեմատությունը որպես այն բանի մատնանշում հասկանան, որ Իսրայելի մնացորդը կբազմապատկվի ցողի կամ անձրևի կաթիլների պես, և այդ աճը կախված կլինի ոչ թե մարդկանցից, այլ Աստծուց, ինչպես որ ցողն ու անձրևն է կախված Աստծուց, այլ ոչ թե մարդկանցից։ Հունարեն տեքստում Հակոբ անունից հետո ավելացված է «ἐν τοῖς ἔθνεσιν» (սլավոներեն՝ «հեթանոսներ») բառը, որը ստիպում է ենթադրել, որ եբրայերեն տեքստում կրճատվել է մի ժամանակ գոյություն ունեցած «bagoim» բառը։ «Ցող» բառին սլավոներեն տեքստում ավելացվել է «ընկնող» արտահայտությունը, որը համապատասխանում է հունարենի «πίπτουσα» բառին։ «Ինչպես շաղը («kirvivim») խոտի վրա» արտահայտության փոխարեն սլավոներենում «ինչպես գառները սիզախոտի վրա» տարբերակն է, որն էլ երանելի Թեոդորոսը հետևյալ կերպ է բացատրում. «Ինչպես սոված գառներն են ոչնչացնում խոտը, այդպես էլ նրանք խոտի նմանությամբ կվերացնեն անարդարությունը»։ Հունարեն տեքստի իմաստը ակնհայտորեն բնական չէ։ Ենթադրվում է, որ հունարեն «ἄρνες» (գառներ) արտահայտությունը առաջացել է սկզբնական «ρανιες» (կաթիլներ) բառից (Կոպելլ, Յակիմով)։ Ռուսերենի «մարդուց կախված չի լինի» (lo jekaweh leisch) արտահայտության փոխարեն սլավոներենում «որպեսզի ոչ մեկը չհավաքի» տարբերակն է: Յոթանասնիցը «հուսալ» նշանակող «jekaweh» (ծագում է «kavah−կապված լինել» բառից) բառի անորոշ ձևը ընդունել է որպես «kavveh»−ի որոշյալ և թարգմանել է որպես «συναχθῆ» (հավաքվել)։ «Հույս չի դնի» (jejachel) բառերի փոխարեն սլավոներենում «ներքևում կկանգնի» (μηδὲ ὑποσῆ) է, քանի որ Յոթանասնիցը «jejachal» արտահայտությունը ծագեցրել է «chail−ուժ» բառից (ուժ չի ունենա)։ Ադամ հատուկ անունը հունարենում և սլավոներենում որպես «մարդ» է փոխանցվել, այսինքն՝ որպես հասարակ գոյական (սլավոներեն՝ «մարդկանց որդիների մեջ»)։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Յակոբի սերնդի մնացորդացը հեթանոս բազում ազգերի մէջ կը լինի ինչպէս Տիրոջից եկած ցօղ եւ ինչպէս գառները խոտի վրայ, որպէսզի չհաւաքուի առանձին-առանձին եւ չմնայ մարդկանց որդիների մէջ:
(Արարատ թարգ․) Ապա Հակոբի մնացորդը շատ ժողովուրդների մեջ Տիրոջ կողմից եկած ցողի պես պիտի լինի, այն շաղի պես, որ գալիս է խոտի վրա, որը մարդու չի սպասում և հույսը մարդու որդիների վրա չի դնում։
(Գրաբար) Եւ եղիցի մնացորդքն Յակոբայ ի հեթանոսս ի մէջ ազգաց բազմաց՝ իբրև զցօղ անկեալ ի Տեառնէ, և իբրև զգառինս ի վերայ սիզոյ, որպէս զի ժողովեսցէ և մի՛ մի. և մի՛ մնասցէ ի մէջ որդւոց մարդկան։