Միքիայի մարգարեության մեկնություն 7։14

Ա․ Լոպուխին

Քո ժողովրդին հովվիր Քո գավազանով, Քո ժառանգության ոչխարներին, որոնք առանձնացած բնակվում են Կարմելոսի անտառում, թող նրանք արածեն Բասանում և Գաղաադում, ինչպես հին օրերում։ (Սինոդական թարգ․)[14]
   
   14−րդ համարում ժողովրդի համար մարգարեի արած աղոթքն է։ Տեր Աստված համեմատվում է հովվի հետ, իսկ ժողովուրդը՝ ոչխարների։ «Կարմելոս»−ը Ասերի, Զաբուղոնի և Իսաքարի ցեղերին պատկանող տարածքների սահմանին գտնվող լեռնաշղթա է (տե՛ս Հս. 19։11, 26), որը հարուստ է բուսականությամբ և արոտավայրերով (Ես. 35։2, Եր. 50։19, Ամ. 1։2)։ Որպես հասարակ անուն հանդես գալու դեպքում «Կարմելոս» անվանումը «այգի, պարտեզ» իմաստն է ունենում։ «Բասան»−ը Հորդանանից դեպի արևելք ընկած տարածք է, որը հայտնի է իր կաղնիներով (Ես. 2։12, Եզ. 27։6) և անասունների համար հիանալի արոտավայրերով (Ամ. 4։1, Եզ. 39։18)։ «Գաղաադ»−ը Առնոնի հովտից մինչև Հերմոն լեռն ընկած (Բ Օր. 35։1, Հս. 13։15, 22։9), բուսականությամբ ու արոտավայրերով հարուստ (Թվ. 32։1, Ա Մնաց. 5։9) անդրհորդանանյան տարածք է։ Մարգարեի աղոթքի իմաստը, տեքստի ոչ լիարժեք հստակության հետևանքով, մեկնաբանների կողմից տարբեր կերպ է փոխանցվում։ «Առանձնացած բնակվում են Կարմելոսի անտառում» բառերն առնչվում են ժողովրդի և՛ ապագա (Կեյլ, Կնաբենբաուեր, Յունգերով), և՛ ներկա (նովակ, Գոոնակեր) վիճակին։ Ըստ առաջին ըմբռնման՝ մարգարեն այն մասին է աղոթում, որպեսզի ապագայում ժողովուրդն առանձնացվի, բաժանվի մյուսներից, և որպեսզի ապահովվի լավագույն արոտներով, այսինքն՝ բարիքների առատությամբ։ Ըստ երկրորդ ըմբռնման՝ այստեղ մյուսներից ժողովրդի ապագա մեկուսացման մասին [խոսք] չկա, այլ մարգարեն խոսում է ժողովրդի ներկա վիճակի մասին, որը կտրված է բերրի վայրերից, և, կարծես թե անապատում է ապրում։ Մասնավորապես խոսում է տասնատոհմյան թագավորության մնացորդի մասին (Գոոնակեր)։ «Ինչպես հին օրերում», այսինքն՝ կամ Դավթի և Սողոմոնի, կամ էլ, ըստ 15−րդ համարի, Մովսեսի և Հեսու Նավեի օրոք Քանանական երկրի նվաճման օրերին։ «Թող նրանք արածեն» բառերի փոխարեն սլավոներենում «կարածեն», սակայն հունարենում՝ «νεμήσονται» (պիտի արածեն), տարբերակն է։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Արածացրո՛ւ քո ժողովրդին քո ցեղերի գաւազանով, նաեւ քո ժառանգութեան ոչխարի հօտերը, որոնք առանձին բնակւում են Կարմէլի անտառում, թող նրանք արածեն Բասանում եւ Գաղաադում մշտապէս:
(Արարատ թարգ․) Քո գավազանով հովվի՛ր ժողովրդին՝ քո ժառանգության հոտը, անտառում՝ բերրի այգիներում, առանձին նստողներին. թող հին օրերի պես արածեն Բասանում և Գաղաադում։
(Գրաբար) Արածեա՛ զժողովուրդ քո գաւազանաւ ցեղի՛ցդ քոց, և զխաշինս ժառանգութեան քոյ որ բնակեալ են առանձինն յանտառի՝ ի մէջ Կարմելայ. արածեսցին ի Բասան, և ի Գաղաադ ըստ աւո՛ւրցն յաւիտենից։