Ա. Պ. Լոպուխին. «Բացատրական աստվածաշունչ»
«Ահա լեռների վրա են ավետաբերի ոտքերը, որ խաղաղություն է ավետում. տոնի՛ր, Հուդա՛, քո տոները, կատարի՛ր քո ուխտերը, որովհետև անօրենն այլևս չի անցնի քո միջով. նա ամբողջովին ոչնչացված է»։ (Սինոդական թարգ․)[15]
Եբրայերեն տեքստում 15−րդ համարը, որպես ներածություն, առնչվում է 2−րդ գլխին։ Այս տարբերակն է նաև ասորական Պեշիթթո թարգմանության մեջ։ Յոթանասնիցում, Վուլգաթայում և քաղդեական Թարգումում հակառակ պատկերն է․ 1−ին գլուխն ավարտվում է այս համարով։ Երկու բաժանումների օգտին էլ կարող են հիմնավորումներ բերվել, սակայն երկու բաժանումների պարագայում էլ պահպանվում է այս հատվածի խորհուրդը՝ որպես անցում Ասորեստանի կործանման մասին ընդհանուր հայտարարությունից դեպի դրա մանրամասն և կոնկրետ ծանուցումը և Աստծու դատավճռի իրականացման մասին խոսքը: Ասորեստանի և Նինվեի դատապարտման առաջին հետևանքը լինելու է Հուդայի քաղաքական և կրոնական ազատությունը, որին էլ այժմ դիմում է մարգարեն։ Նա հոգով տեսնում է Հուդայի լեռների վրա խաղաղության ուրախալի լուրով ավետաբերի հայտնվելը (եբր.՝ «մեբասեր», Յոթանասնից՝ «ευαγγελιζομενου», Վուլգաթա՝ «evangelizantis»)։ [Այս լուրով] Հուդայի համար բացահայտվելու է Ասորեստանին սպասվող նվաստացումը և դրան հաջորդող կործանումը։ Այժմ Հուդան կարող է և պետք է ամբողջովին նվիրվի իր կրոնական պարտականությունների կատարմանը, որին նախկինում խոչընդոտում էր ասորեստանյան տիրապետության լուծը։ Նա Տեր Աստծուն նվիրված տոների ժամանակ (ինչպիսիք էին հին եբրայական «եկեղեցական» կյանքի բոլոր կարևորագույն տոները) պետք է վկայի իր ուրախության և Նրա հանդեպ ունեցած երախտագիտության մասին, ինչպես նաև ճշտությամբ կատարի ասորեստանյան աղետների ժամանակ Նրան տրված խոստումները։ «Անօրենը» (եբր.՝ «բելիյաալ», Վուլգաթա՝ «Belial»)՝ Բելիալի օգնականը (11-րդ համար)՝ Ասորեստանի թագավորն իր զորքերով, այլևս Հուդայում չի իրականացնի իր ավերիչ արշավանքները. նրանց կործանումը որոշված է և իրագործվում է։ «Իսկ դուք,− ասում է մարգարեն,− թշնամիների տապալման մասին լսելով, տոնե՛ք Աստծու կողմից սահմանված տոնակատարությունները և սովորական զոհեր մատուցե՛ք, քանզի վերջնականապես կործանվեց ձեր դեմ զենք վերցնողը, և այլևս ձեզ ոչնչացնելու ու կործանելու դիտավորություն չի դրսևորի» (երանելի Թեոդորիտոս «Տասներկու մարգարեների մեկնությունը», Մ․, 1857, գիրք 3, էջ 11)։
15−րդ համարի առաջին հատվածի (եբր.՝ 2։1) խոսքերը բառացիորեն համապատասխանում են Եսայի մարգարեի խոսքերին (Ես․ 52։7)։ Ավելի մոտ պատմական իմաստ ունենալով՝ այն իր մեջ բովանդակում է և՛ խաղաղության օրհնությունների կանխագուշակումը, և՛ նորկտակարանյան ժամանակների փրկությունը։ Հենց այս իմաստով է սուրբ Պողոս առաքյալը կիրառում երկու մարգարեների խոսքերը (Հռոմ. 10:15)՝ ավետարանական ուսմունքի աշխարհում քարոզչության առնչությամբ:
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․)
Ահա արագընթաց են աւետաբերի ոտքերը լեռների վրայ, որ խաղաղութիւն է աւետում: Տօնի՛ր քո տօնը, Յուդայի՛ երկիր, կատարի՛ր քո ուխտը, քանի որ այլեւս քո միջով չի անցնելու անօրէնը քեզ հիւծելու համար: Նա վախճանուեց, մաշուեց ու վերացաւ։
(Արարատ թարգ․) Ահա սարերի վրա՝ ավետիս բերողի և խաղաղություն քարոզողի ոտքերը. տոնի՛ր քո տոները, ո՛վ Հուդա, կատարի՛ր քո ուխտերը, որովհետև քո միջով այլևս անօրեն չպիտի անցնի. բոլորը բնաջնջվեցին։
(Գրաբար) Զի ահա երագ են ի վերայ լերանց ոտք աւետարանչին, եւ որ պատմէ զխաղաղութիւն։ Տաւնեա զտաւնս քո Յուդա, հատո զուխտս քո, զի ոչ եւս յաւելցին անցանել ի հնանալ. վախճանեցաւ՝ մաշեցաւ եւ բարձաւ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: