Նավումի մարգարեության մեկնություն 3:1

Ա. Պ. Լոպուխին. «Բացատրական աստվածաշունչ»

«Վա՜յ արյան քաղաքին․այն ամբողջությամբ լի է խաբեությամբ և սպանությամբ, նրա մեջ չի դադարում կողոպուտը»: (Սինոդական թարգ․)[3]
   
    Մարգարեի՝ Աստծուց լուսավորված հայացքի առջև հառնում է Նինվեի հեղած արյան մի ամբողջ ծով, ինչի պատճառով քաղաքը ստացել է «արյան (հմմտ. Եզեկ․ 22։2−4), ինչպես նաև խաբեության, բռնության և կողոպուտի քաղաք» անվանումը։ Որպես ապաշխարության քարոզիչ՝ մարգարեն կցանկանար Նինվեին դնել բարոյական ինքնասրբագրման ճանապարհին, բայց, միևնույն ժամանակ, որպես ապագայի աստվածալույս տեսանող, նա տեսնում է արդեն անկման վերջին աստիճանին հասած Նինվեի վերափոխման անհնարինությունը: Մարգարեն քաղաքի հանդեպ այս երկակի զգացողությունը արտահայտում է մարգարեների մոտ հաճախակի հանդիպող «վա՜յ, ավա՜ղ» (եբր.՝ «հոյ») ցավ արտահայտող բացականչություններով (Ես․ 10։1, 18։1, Երեմ․ 48։1, Ամոս. 6։1), ինչպես ավելի ուշ այդպիսի «վա՜յ» բացականչությամբ Նինվեի մասին խոսում է արդեն Սոփոնիա մարգարեն (Սոփ․ 3։1), որը Ասորեստանի մայրաքաղաքի վերաբերյալ Նավումի ահեղ մարգարեության իրականացման գրեթե ժամանակակիցն է։

--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Ո՛վ արեան քաղաք, բոլորովին սուտ, անիրաւութեամբ լի, ուր որսը պէտք է փնտռուի:
(Արարատ թարգ․) Վա՜յ արյունալի քաղաքին՝ ամբողջությամբ լի ստով, հափշտակությամբ. որսը չի պակասում։
(Գրաբար) Ո քաղաք արեանց, ամենեւին սուտ՝ լի անիրաւութեամբ, որոյ զննեսցի որսդ։