Երկրաշարժից հետո ևս երեք տարի անցավ: Մեծագումար պարտքերը, ձնահյուսի նման կուտակված, անմիջական լուծման էին սպասում: Պարտատերերը, իրենց իրավունքը անմիջապես ստանալու համար, մեծապես անխնա ճնշում էին խեղճ վանականներին: Նրանք, երբ տեսան, որ զինված սպառնալիքների տակ իրենց կյանքն էր վտանգվում, խոհեմաբար ժամանակավորապես ցրվեցին ուրիշ վանքերի վրա, հատկապես վարդապետները` ներառյալ Կոլոտն ու Գրիգորը: Սակայն ազդեցիկ հայերի միջնորդությամբ Կոլոտին հաջողվեց ապահովություն հաստատել Բաղեշի կառավարչի կողմից ուղարկված մի զորախմբով: Երբ վանք վերադարձան, Ջեմալը նրանց այցելության եկավ` անկեղծորեն նրանցով մտահոգված: Արդեն քսանամյա երիտասարդը Մահմուդի փոխարեն դարձել էր տարածքի քրդերի ցեղապետն ու շեյխը: Նապաշտպան կանգնեց վանքին այնպես, ինչպես հայրը: Զինված սպառնալիքները վերացան: Այս առումով արդեն ապահով էին, բայց պարտքերը մնում էին` ավելի ու ավելի կուտակված: Լուծման մեկ ճանապարհ էր մնացել. նվիրատվություն հավաքել Տարոնի ու Բաղեշի սահմաններից այն կողմ` մեծագույն քաղաքների մեջ հավաքված աշխարհասփյուռ հայերից:
Միաբանական ընդհանուր ժողովը որոշեց կարող վարդապետների առաջնորդությամբ երեք պատվիրակություն ուղարկել դեպի Կովկաս, Պարսկաս տան և մայրաքաղաք Կոստանդնուպոլիս, ուր գնալու էր Կոլոտը:
Երկու հարազատների բաժանումն իրոք զգայացունց էր բառի բուն իմաստով: Մեկնելուց մի օր առաջ վանքից դուրս եկան` միասին ժամանակ անցկացնելու և աղոթելու: Քայլերը նրանց տարան դեպի այն առվակը, ուր վեց տարի առաջ կանգ էին առել, և ուր թիթեռնիկը թառել էր Կոլոտի թևին: Նորից մի գեղեցիկ օր էր ու դարձյալ խա ղաղ: Նստեցին ծառերի տակ և իրենց տոպրակներից հանեցին լավաշ հաց ու պանիր, կերան ախորժակով և զրուցեցին ամեն ինչի մասին: Երկուսն էլ խուսափում էին խոսել մեկնումի մասին, բայց անխուսափելի էր չանդրադառնալ դրան:
– Գիտե՞ս, Գրիգոր, հիմա ինչ կուզենայի:
– Ի՞նչ:
– Մի ուրիշ թիթեռնիկ թառեր թևիս վրա, նախկինի նման խոշոր, գեղեցիկ ու չքնաղ:
– Ինչու՞, մի ուրի՞շ հրաշք էլ ես ուզում:
– Այո՛, մի պահ պատկերացրու, որ վերադառնում ենք վանք, և մի մեծահարուստ աշխարհուրաց է եկել: Սուրբ Անտոն Անապատականի պես ամեն ինչ ծախել ու վանքում ապրել է ուզում, և մենք փրկվում ենք բոլոր պարտքերից: Եվ կամ վանքի մեջ շինարարությամբ զբաղվողները հեթանոսությունից մնացած գանձ են գտնում` ոսկի, արծաթ, ադամանդներ:
– Հա՛, հա՛, հա՛, ես կարծում էի այսպիսի երազները դու միայն քնած ժամանակ ես տեսնում:
– Ինչու՞ է աշխարհի վրա ամեն ինչ այսքան բարդ, դժվարին ու անհավասար, Գրիգո՛ր: Ինչու՞ կյանքը գոնե մեկ օր երազների չափ հեշտ ու երջանիկ չի անցնում: Ինչու՞ են լուծում ներն այսքան ու շանում, ինչու Աստծո մոգական ձեռքը հեշտությամբ ու ազդեցիկ կերպով չի վերացնում չարությունը:
– Այսինքն, մենք ավերենք, իսկ Աստված մեր ետևից անվերջ հրաշքներով շտկի ամեն ինչ: Նաև համամիտ չեմ քեզ հետ, որ կյանքը միշտ քո նկարագրածի չափ դժվար է ու տխուր: Դժվարությունների ժամանակ ընդհանրապես մարդիկ ուզում են, որ Աստված միջամտի մի հրաշքով և մոգական փայտիկի հպումով լուծի խնդիրը: Իսկ սովորական դեպքերում ոչ ոք չի դժգոհում կյանքից և ոչ էլ Աստծուց անընդմեջ հրաշք սպասում:
– Հետաքրքիր է, չէ՞: Ընդհանրապես այսպիսի հոգեվիճակում դու էիր լինում, և ես ջանում էի մխիթարել քեզ: Այսօր մեր դերերը փոխվեցին: Այսօր ես մխիթարանքի կարիք ունեմ: Հոգիս մեռնելու աստիճան տխուր է, պանդխտությունը ծանր եմ տանում:
– Միայն մի քանի ամիս. այս գործն իրականացնողը միայն դու ես, hակառակ դեպքում քեզ չէի ուղարկի: Վստահ եմ, որ դու մայրաքաղաքում ոչ միայն պարտքերը փակելու չափ հանգանակություն կհավաքես, այլև մյուս ծրագրերն իրականացնելու միջոցներ կհայթայթես: Գիտես, թե վանքի մեջ որքան անհրաժեշտություն կա արդիական մի տպարանի. չարժե՞ մի քանի ամսվա պանդխտությունդ:
– Մի քանի ամի՞ս: Իմ ներսի ձայնն այս անգամ խռովում է հոգիս: Հուշում է, որ սա իմ վերջին ճամփորդությունն է և այլևս երբեք չեմ կարողանալու վերադառնալ Սուրբ Կարապետ:
– Այդ դեպքում մի՛ գնա: Ուրիշներին կուղարկենք:
– Բայց գնալ էլ եմ ուզում:
– Չեմ հասկանում, հակասական բաներ ես ասում. ուզու՞մ ես գնալ, թե՞ ոչ:
– Ուզում եմ և թե չեմ ուզում միևնույն ժամանակ: Քեզ հետ երբևէ չի՞ պատահել: Անշուշտ, ուզում եմ գնալ մայրաքաղաք, տեսնել ու գրավել այն: Ճանաչել մարդկանց ու ճանաչվել նրանցից, դիրքի տիրանալ, իշխել փողին և ուղղություն տալ մեր եկեղեցուն և ազգի ճակատագրին: Այո՛, ուզում եմ մտնել պատմության մեջ, անհատ լինել եմ ուզում: Եվ այս բոլորի ճամփան անցնում է Նոր Հռոմով:
Գրիգորը զարմանքով նայեց իր վաղեմի բարեկամին: Նրանից երբեք այսպիսի խոսքեր չէր լսել: Իրենց վանական կյանքում այսպիսի զգացումները ամոթալի էին համարվում և, թերևս, միայն խոստովանանքի ժամանակ արտահայտվող կրքեր ու սրտի գաղտնի մեղքեր լինեին:
– Ի՞նչ է, շա՞տ զարմացար: Դու էլ երբեմն այսպիսի բաներ չե՞ս անցկացնում մտքիցդ: Ժամանակ առ ժամանակ այս կրակները չե՞ն վառվում սրտիդ մութ անկյուններում:
– Բայց դու այդպիսին չես, ես գիտեմ: Այսքան տարի իմ ճանաչած Կոլոտը այս չէ, իհարկե, – Գրիգորն իր գլուխը շարժեց թերահավատությամբ:
– Այո՛, միայն այն Կոլոտը չեմ, դրա համար էլ չեմ ուզում բաժանվել այս տեղերից: Չեմ ուզում խառնվել մեծ քաղաքների ժխորին: Ես վանքում մնալ եմ ուզում, խորանալ աստվածագիտության մեջ, հոգուս սովորեցնել երկնքի ճանապարհը: Վանքի մեջ մի քանի տարի ևս անցկացնելուց հետո ուզում եմ ճգնելու բարձրանալ մեր սեպաձև lեռների վրա, ուր Վարդանի նման փնտրել ու գտնել եմ ուզում իմ Անանուն Սրբին ու նրանից մկրտվել կրակով:
– Ահա, սա՛ է Կոլոտը:
– Չէ՛, չես հասկանում: Երկուսն էլ ես եմ: Ավելի ճիշտ երկուսն էլ լինել եմ ուզում և երկուսն էլ չեմ: Երկուսի մեջտեղում առկախյալ վիճակի մեջ եմ և ինձանից գոհ չեմ: Ո՛չ լեռ բարձրանալու քաջություն ունեմ, ո՛չ էլ քաղաք իջնելու: Այս ի՞նչ հանելուկ է, եղբայր, ո՞րն է այս լաբիրինթոսից դուրս գալու ելքը: Երկար ժամանակ աղոթում էի Աստծուն, որպեսզի դուրս հանի ինձ այս կաթվածահար երկմտությունից: Եվ ահա ուղարկում եք ինձ մայրաքաղաք: Փա՜ռք Աստծո, հրում եք ինձ: Հակառակ դեպքում ես անձամբ չէի կարող կատարել այդ քայլը:
– Դու արդեն լուծել ես խնդիրը, և ես հասկացա, որ շուտ կամ առհասարակ չես վերադառնալու: Եթե անգամ դու ուզենաս վերադառնալ, ներքին Կոլոտը մի այլ ճամփա կգտնի` երկարելու համար իր այս «զբոսանքը», – այս անգամ տխրեց Գրիգորը:
– Կարծում եմ մի քանի ամսից կվերադառնամ, երբ մեր պարտքերը վճարելու չափ հանգանակություն հավաքեմ, անմիջապե՛ս կվերադառնամ:
– Մի քանի ամսի՞ց: Առակը լավ է ասում. «Մարդը ծրագրում է, իսկ Աստված ծի ծա ղում»: Բայց ամեն ինչ լավ է լինելու, մեր ե րևա կա յա ծից ավելի լավ, շատ ավելի մեծ ու փայլուն կերպով: Հիմա հոգիս ցնծում է և ասում, որ դու փողի համար իր եղբայրների կողմից Եգիպտոս ծախված Հովսեփն ես: Քո պանդխտությունն էլ այդպես փառավոր է լինելու, նաև ազգօգուտ ու եկեղեցաշեն: Երկու եղբայր գրկախառնվեցին, նրանք լալիս էին:
Հաջորդ գլուխը՝
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: