Աբդիուի մարգարեության մեկնություն 1:11

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

Այն օրը, երբ դու կանգնած էիր դիմացը, այն օրը, երբ օտարները նրա զորքը գերության էին տանում, և այլազգիները ներս էին մտնում նրա դարպասներով ու վիճակ գցում Երուսաղեմի վրա, դու էլ կարծես թե նրանցից մեկն էիր:  : (Սինոդական թարգ․) [11]
   
   11−14−րդ համարներում մարգարեն մանրամասն մատնանշում է Իսրայելի դեմ Եդոմի գործած հանցանքները՝ միաժամանակ ընդգծելով Իսրայելի և Եդոմի ազգակցական կապը, ինչն ավելի է ծանրացնում Եդոմի մեղքը:

   «Օտարները նրա զորքը (chelo) գերության էին տանում (schevoth)». «chel» բառը Աբդիուի մարգարեության 13−րդ համարում կիրառված է «հարստություն, ունեցվածք» իմաստով։ Այն վերոհիշյալ իմաստով է ընկալվել նաև ռուս թարգմանիչների կողմից (Ես. 8:4, 10:8): Բազմաթիվ մեկնիչների կողմից «chel» արտահայտությունն այս իմաստով է ընկալվում նաև 11−րդ համարում: Թեև «schabah» բայը (ռուսերեն տեքստում` «գերության էին տանում») սովորաբար վերաբերում է մարդկանց գերեվարմանը, սակայն Բ Մնաց. 21:17-ում այն նաև «ունեցվածքը բռնազավթելու» իմաստով է կիրառվում: Այնուամենայնիվ, Յոթանասնիցը և Վուլգաթան այս արտահայտությունը 11-րդ համարում վերաբերում են հրեական զորքի գերեվարմանը։

   «Վիճակ էին գցում Երուսաղեմի վրա», այսինքն՝ Երուսաղեմի գերիների և նրանց ունեցվածքի բաժանման համար (հմմտ. Հովել 3:3, Բ Մնաց. 21:17)։ Սլավոներեն տեքստի 11-րդ համարը հունարենի բառացի փոխանցումն է. «Այն օրվանից, երբ դու հակառակվեցիր այն օրը, երբ օտարները նրա զորքը գերության էին տանում, և այլազգիները ներս էին մտնում նրա դարպասներով ու վիճակ գցում Երուսաղեմի վրա, դու էլ կարծես թե նրանցից մեկն էիր»:

--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) այն օրուանից, որ հակառակուեցիր, երբ օտարազգիները սպառեցին նրա ուժը, օտարներ մտան նրա դռներից, վիճակ էին գցում Երուսաղէմի համար, եւ դուք նրանցից մէկն էիք:
(Արարատ թարգ․) Այն օրը, երբ նրա դեմ կանգնած էիր ձեռնածալ, այն օրը, երբ օտարները նրա հարստությունը հափշտակեցին, և օտարազգիները մտան նրա դարպասներով և Երուսաղեմի վրա վիճակ գցեցին, դու էլ կարծես նրանցից մեկի պես էիր։
(Գրաբար) յօրէ յորմէ կացեր հակառակ, յաւուրն գերելոյ այլազգեաց զզօրութիւն նորա. և օտարք մտին ընդ դրունս նորա. և ի վերայ Երուսաղեմի վիճակս արկանէին. և դուք էիք իբրև զմի ի նոցանէն։