Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)
Ամոսը ծնեց Յոսիային. Յոսիան ծնեց Յեքոնիային եւ նրա եղբայրներին՝ Բաբելոնում գերութեան ժամանակ:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 1:9
Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Հովսիան ծնեց Հովակիմին. Հովակիմը ծնեց Հեքոնիային ու նրա եղբայրներին՝ նախքան վերաբնակեցումը Բաբելոնում»։ (Սինոդական թարգ․)[11]
Հովսիան գահ բարձրացավ 8 տարեկանում և թագավորեց 31 տարի (641-610 թթ.): Հովսիայից հետո ընդամենը երեք ամիս թագավորեց նրա որդի Հովաքազը՝ այն ամբարիշտ թագավորը, որին իշխում էին «երկրի մարդիկ»։ Ուստի Եգիպտոսի թագավորը նրան գահընկեց արեց։ Եվ քանի որ Հովաքազը Փրկչի նախահայրերի թվին չէր պատկանում, ուստի ավետարանիչը չի հիշատակում նրա մասին։ Հովաքազի փոխարեն 25 տարեկանում գահ բարձրացավ նրա եղբայր Եղիակիմը, որը 11 տարի (610-599 թթ.) թագավորեց Երուսաղեմում։ Բաբելոնի թագավորը` Նաբուգոդոնոսորը, իրեն հպատակեցրեց Եղիակիմին և նրա անունը փոխեց «Հովակիմ»։ Այս Հովակիմից հետո 18 տարեկանում գահ բարձրացավ նրա որդին՝ Հեքոնիան (կամ Հովաքինը), որը թագավորեց ընդամենը երեք ամիս (599 թ.)։ Նրա թագավորության օրոք Նաբուգոդոնոսորը` Բաբելոնի թագավորը, արշավեց Երուսաղեմի դեմ և պաշարեց քաղաքը, ու Հեքոնիան իր մոր, ծառաների և իշխանների հետ դուրս եկավ Բաբելոնի թագավորի առջև։ Բաբելոնի թագավորը Հեքոնիային տարավ ու վերաբնակեցրեց Բաբելոնում, իսկ նրա փոխարեն գահ բարձրացրեց Մաթանիային` Հեքոնիայի հորեղբորը, և նրա «Մաթանիա» անունը փոխեց` կոչելով «Սեդեկիա»։
Քանի որ ավետարանիչը ժառանգական հաջորդականությունը շարունակում է Հեքոնիայի գծով` արդեն իսկ Բաբելոնում վերաբնակեցվելուց հետո, ուստի այլևս անհրաժեշտություն չկար հիշատակելու Սեդեկիայի մասին։ Բաբելոնում վերաբնակեցվելուց հետո Հեքոնիան բանտարկվեց և բանտում մնաց 37 տարի։ Դրանից հետո Էվիլմերոդախը` Բաբելոնի նոր թագավորը, իր գահակալության տարում Հեքոնիային դուրս բերեց բանտախցից, բարեկամաբար խոսեց նրա հետ և նրա գահն առավել բարձր դրեց, քան այն թագավորների գահերն էին, որոնք կային Բաբելոնում։ Հեքոնիայով ավարտվեց Հուդայի թագավորների ժամանակաշրջանը, որը տևեց ավելի քան 450 տարի։
11-րդ համարն ինչքան էլ որ պարզ թվա, սակայն, այնուամենայնիվ, այս համարի մեկնությունը ի հայտ է բերում անհաղթահարելի և գրեթե անլուծելի դժվարություններ: Ավելի ուշ հայտնաբերված հունարեն մի բնագրում (ի դեպ, Ավետարանի Սինայական տարբերակը նույնը չէ, ինչ ռուսերենը) ասվում է` «Հովսիան ծնեց Հեքոնիային» (այլ ոչ թե` Հովակիմին) Բաբելոնյան (այսինքն` դեպի Բաբելոն) վերաբնակեցման (գերության) ժամանակ»։ Հետագայում` արդեն 12-րդ համարում, ամեն բան դարձյալ նույնն է, ինչ ռուսերենում։ Կարելի է ենթադրել, որ «Հովսիան ծնեց Հովակիմին» (ըստ ռուսերեն թարգմանության) կամ «Հովսիան ծնեց Հեքոնիային (ըստ Ավետարանի Սինայական տարբերակի) խոսքերը հավելադրվել է Մատթեոսի սկզբնական խոսքերի մեջ: Ճիշտ է, այդ հավելադրումը կատարվել է շատ հնագույն ժամանակներում, այնպես որ այն արդեն իսկ Ք.հ. երկրորդ դարում հայտնի էր Իրենեոսին, սակայն, այնուամենայնիվ, այն չի դադարում մի հավելադրում լինելուց, որը սկզբնապես արվել էր լուսանցքներում՝ Մատթեոսի շարադրած ծագումնաբանությունը (ազգաբանությունը) հինկտակարանյան սրբազան գրությունների հետ համաձայնեցնելու համար: Հետագայում արդեն այն նաև ծառայում էր որպես պատասխան` ուղղված այն հեթանոսներին, որոնք նախատում էին քրիստոնյաներին Ավետարանում Հովակիմի անվան բացակայության պատճառով: Եթե Հովակիմի անվան հիշատակությունը բնօրինակային իրողություն է, ապա դյուրին է նկատել (ռուսերեն թարգմանությունից ելնելով), որ Սողոմոնից մինչև Հեքոնիա եղել է ոչ թե 14 զարմ կամ սերունդ, այլ 15, ինչն էլ հակասում է 17-րդ համարում նույն ավետարանչի թողած վկայությանը։
Այս բացթողումը բացատրելու և 11-րդ համարի ճշգրիտ տարընթերցումը վերականգնելու համար հարկ է ուշադրություն դարձնել հետևյալ հանգամանքի վրա. Ա Մնաց 3:15-17-րդ համարներում Հովսիա թագավորի որդիները թվարկվում են են հետևյալ կերպ. «Առաջնեկը Հովաքազն է, երկրորդը՝ Հովակիմը, երրորդը՝ Սեդեկիան, չորրորդը՝ Սելլումը»։ Այստեղից պարզ է դառնում, որ Հովակիմն ուներ երեք եղբայրներ։ Հաջորդիվ կարդում ենք. «Հովակիմի որդիները. Հեքոնիան` նրա որդին, Սեդեկիան` նրա որդին»։ Այստեղից էլ երևում է, որ Հեքոնիան միայն մեկ եղբայր ուներ։ Ու վերջապես. «Հեքոնիայի որդիները՝ Ասիր, Սաղտիել», և այլն։ Այստեղ ավետարանական ծագումնաբանությունը գրեթե համընկնում է Ա Մնաց. 3։17-րդ համարի ծագումնաբանության հետ։ Դ Թագ. 24:17-րդ համարում Մաթանիան կամ Սեդեկիան (խոսքը միևնույն մարդու մասին է) համարվում է Հեքոնիայի հորեղբայրը: Մանրակրկտորեն ուսումնասիրելով այս վկայությունները՝ մենք տեսնում ենք, որ Հովսիան ուներ «Հովակիմ» անունով մի որդի (երկրորդ որդին). նա ուներ մի քանի եղբայրներ, որոնց մասին ավետարանիչը չի խոսում, սակայն խոսում է Հեքոնիայի եղբայրների մասին, մինչդեռ ըստ Ա Մնաց. 3:16-րդ համարի` Հեքոնիան ուներ միայն մեկ եղբայր՝ Սեդեկիան, մի հանգամանք, որն անհամաձայնություն է ստեղծում Մատթեոս Ավետարանիչի վկայության հետ համեմատությամբ։ Այս իսկ պատճառով էլ ենթադրվում է, որ եղել են երկու Հեքոնիաներ. «Հեքոնիա առաջինը», որը կոչվում էր նաև «Հովակիմ», և «Հեքոնիա երկրորդը»։
Այս «Հեքոնիա առաջինը» սկզբնապես կոչվում էր «Եղիակիմ», բայց ավելի ուշ Բաբելոնի թագավորը նրա անունը փոխեց` դարձնելով «Հովակիմ»։ Իսկ ո´րն էր պատճառը, որ այս Եղիակիմ-Հովակիմը կոչվում է նաև «Հեքոնիա». դեռևս հին ժամանակներում (Հերոնիմոս) դա բացատրվում էր նրանով, որ գրչագիրը հեշտությամբ կարող էր շփոթել «Հովաքին» բառը «Հովակիմ» բառի հետ՝ χ-ը փոխելով «k»-ի, իսկ «n» տառն էլ շփոթելով «m»-ի հետ… Այս խրթնաբանությունը, ըստ երևույթին, իր լուծումը չի գտնում նաև այն ենթադրության օգնությամբ, համաձայն որի` «հոր և որդու անուններն այնքան նման են, որ այդ անունները պատահաբար նույնացվել կամ շփոթության են մատնվել հունարեն շարադրվելու ժամանակ»։ Նկատի առնելով սույն եզրակացությունը՝ մեկնաբանների մի ուրիշ խումբ էլ այս խրթնաբանությունը հանգուցալուծելու համար ենթադրում է, որ 11-րդ համարի սկզբնական տարընթերցումն այսպիսին է եղել. «Հովսիան ծնեց Հովակիմին և նրա եղբայրներին. Հովակիմը ծնեց Հեքոնիային Բաբելոնում վերաբնակեցման (Բաբելոնյան գերության) ժամանակ»։ Այս վերջին մեկնությունն ավելի նախընտրելի է…
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Ամոսը ծնեց Յոսիային. Յոսիան ծնեց Յեքոնիային եւ նրա եղբայրներին՝ Բաբելոնում գերութեան ժամանակ։
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 1:1
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Ամոսը ծնեց Յոսիային. Յոսիան ծնեց Յեքոնիային եւ նրա եղբայրներին՝ Բաբելոնում գերութեան ժամանակ
(Արարատ թարգ․) Հովսիան ծնեց Հեքոնիային ու նրա եղբայրներին՝ Բաբելոնի գերության ժամանակ։
(Գրաբար) Յովսիա ծնաւ զՅեքոնիա եւ զեղբարս նորա առ գերութեամբն բաբելա՛ցւոց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: