Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
3-9. «Եվ նրանց շատ բաներ էր սովորեցնում առակներով՝ ասելով․ «Ահա սերմնացանը ելավ սերմանելու»»։ «Եվ երբ նա սերմանում էր, մի քանի սերմնահատիկ ընկան ճանապարհի եզերքին, և թռչունները եկան ու դրանք կերան»։ «Իսկ ուրիշները քարքարոտ տեղ ընկան, որտեղ շատ հող չկար, և իսկույն բուսնեցին, որովհետև հողը խորը չէր»։ «Բայց երբ արևը ծագեց, վառվեցին, և որովհետև արմատ չունեին, չորացան»։ «Ուրիշները փշերի մեջ ընկան, և փշերը բարձրացան ու դրանց խեղդեցին»։ «Իսկ ուրիշներն էլ բարեբեր հողի վրա ընկան ու պտուղ տվեցին. մեկը՝ հարյուրապատիկ, մյուսը՝ վաթսունապատիկ, և մյուսը՝ երեսնապատիկ»։ «Ով լսելու ականջ ունի, թող լսի»։
Երբ Նա նստեց այստեղ, սկսեց ուսուցանել նրանց առակներով: «Եվ նրանց շատ բաներ էր սովորեցնում առակներով» (3-րդ համար): Հիսուս այդպես չվարվեց լեռան վրա. այնտեղ Նա Իր խոսքը չէր կառուցում այդքան շատ առակներով: Եվ սա այն պատճառով, որ այնտեղ միայն պարզ և անտեղյակ ժողովուրդ էր, իսկ այստեղ ներկա էին և՛ օրենսգետներ, և՛ փարիսեցիներ: Բայց նկատի առ, թե Հիսուս ինչպես է նախ խոսում առակով, և ինչպիսի հերթականությամբ է դրանք ներկայացնում Մատթեոսը: Այսպիսով, Հիսուս ի՞նչ առակ է պատմում սկզբում: Ա՛յն, որը պետք է առաջինն ասվեր, և որն առավելաբար կարող էր գրավել լսողի ուշադրությունը: Նպատակ ունենալով խոսել ծածկաբար՝ Քրիստոս նախ գրավում է լսողների միտքն առակի միջոցով: Այդ պատճառով էլ ավետարանիչ մյուսն ասում է, որ Քրիստոս նրանց նախատեց ա՛յն բանի համար, որ չեն հասկանում Իրեն. «Այս առակը չե՞ք հասկանում, ապա ինչպե՞ս պիտի հասկանաք բոլոր առակները» (Մարկ. 4։13): Սակայն Հիսուս ոչ միայն այդ պատճառով էր առակներով խոսում, այլև Իր խոսքն ավելի արտահայտիչ դարձնելու նպատակով, որպեսզի այն ավելի խորը դրոշմի ունկնդիրների հիշողության մեջ, և խնդրո առարկա նյութն առավել պարզորոշ ներկայացնի: Այդպես են վարվում նաև մարգարեները:
Այսպիսով, ի՞նչ է իրենից ներկայացնում այդ առակը: Ահա սերմնացանը ելավ սերմանելու: Որտեղի՞ց ելավ Նա, Ով ամենուրեք է և լցնում է ամեն ինչ։ Կամ ինչպե՞ս ելավ: Ոչ թե «ֆիզիկապես» մոտեցավ մեզ, այլ տրամադրվածությամբ և մեր մասին հոգատարությամբ, երբ մարմին առավ: Քանի որ մեղքերը փակում էին մեր մուտքը դեպի Նա և թույլ չէին տալիս բարձրանալ, ուստի Քրիստոս Ինքն է գալիս մեզ մոտ: Եվ ինչի՞ համար է գալիս: Արդյո՞ք որպեսզի կործանի այդ փշերով լի հողը։ Արդյո՞ք որպեսզի պատժի հողագործներին։ Ո՛չ։ Նա գալիս է, որպեսզի խնամքով մշակի այդ հողը և այնտեղ սերմանի բարեպաշտության խոսքը։ Այստեղ «սերմ» ասելով Քրիստոս նկատի ունի Իր ուսմունքը, «արտ»-ի ներքո՝ մարդկային հոգիները, իսկ սերմանողն էլ Ինքն իսկ է։
Իսկ ի՞նչ պտուղ է տալիս այդ սերմը։ Դրա մեկ երրորդ մասը կորչում է, և միայն մեկ մասն է մնում։ «Եվ երբ նա սերմանում էր, մի քանի սերմնահատիկ ընկան ճանապարհի եզերքին, և թռչունները եկան ու դրանք կերան» (4-րդ համար)։ Քրիստոսը չասաց, թե Ինքը սերմանեց, այլ՝ «սերմն ընկավ»։
«Իսկ ուրիշները քարքարոտ տեղ ընկան, որտեղ շատ հող չկար, և իսկույն բուսնեցին, որովհետև հողը խորը չէր։ Բայց երբ արևը ծագեց, վառվեցին, և որովհետև արմատ չունեին, չորացան։ Ուրիշները փշերի մեջ ընկան, և փշերը բարձրացան ու դրանց խեղդեցին։ Իսկ ուրիշներն էլ բարեբեր հողի վրա ընկան ու պտուղ տվեցին. մեկը՝ հարյուրապատիկ, մյուսը՝ վաթսունապատիկ, և մյուսը՝ երեսնապատիկ։ Ով լսելու ականջ ունի, թող լսի» (5-9-րդ համարներ)։
Միայն չորրորդ մասն անվնաս մնաց, սակայն նույնիսկ այն միատեսակ պտուղ չտվեց, այլ այստեղ ևս մեծ տարբերություն կա։ Այս խոսքերից երևում է, որ Քրիստոս Իր ուսմունքն առաջարկում էր բոլորին՝ առանց խտրականության։ Ինչպես սերմանողը տարբերություն չի դնում իր առջև ընկած արտի այս կամ այն հատվածի միջև, այլ պարզապես և առանց որևէ խտրականության ցանում է սերմերը, այնպես էլ Նա (Հիսուս) տարբերություն չի դնում ո՛չ հարուստի և ո՛չ աղքատի, ո՛չ իմաստունի ու ո՛չ անգետի, ո՛չ անփույթի և ո՛չ հոգատարի, ո՛չ քաջի ու ո՛չ վախկոտի միջև, այլ բոլորին քարոզում է՝ կատարելով Իր առաքելությունը, թեև Նա նախապես իսկ գիտեր, թե որն ինչ պտուղներ էր տալու, և դրա համար էլ կանխավ կարողացավ ասել. «Էլ ի՞նչ պիտի անէի իմ այգու համար, որ չարեցի» (Ես. 5:4)։
Մարգարեները ժողովրդի մասին խոսում են որպես խաղողի այգու մասին. «Իմ սիրեցեալի համար պիտի երգեմ նրա սիրելի այգու երգը» և «Դու Եգիպտոսից Իսրայել-որթատունկը հանեցիր» (Ես. 5:1, Սաղմ. 79:9)։ Իսկ Քրիստոս ժողովրդի մասին խոսում է սերմնահատիկի օրինակով։ Այդպիսով Փրկիչն ի՞նչ է մատնացույց անում։ Ա՛յն, որ այժմ ժողովուրդն իսկույն և հեշտությամբ հնազանդվելու է և անմիջապես պտուղ է տալու։
Երբ լսում ես՝ «սերմնացանը ելավ սերմանելու», ապա դա մի՛ համարիր նույն բառերի անտեղի կրկնություն։ Սերմնացանը հաճախ ելնում է նաև ուրիշ գործերի համար, օրինակ՝ հողը վարելու, կամ անպետք խոտը ոչնչացնելու, կամ փշերը պոկելու, կամ նման այլ բան անելու համար, բայց Քրիստոս, ահավասիկ, ելավ հենց սերմանելո՛ւ համար։
Ուրեմն, ասա՛ ինձ, ինչո՞ւ սերմը մեծ մասամբ կորստյան մատնվեց։ Այդ տեղի ունեցավ ո՛չ թե սերմանողի մեղքով, այլ սերմն ընդունող հողի, այսինքն՝ անփույթ հոգո՛ւ պատճառով։ Բայց ինչո՞ւ Հիսուս չի ասում, թե մի սերմն ընդունեցին անփույթները և կորցրին այն, մյուսը՝ հարուստները և խեղդեցին այն, իսկ մյուսը՝ թույլերը և անտեսեցին այն։ Քրիստոս չի ուզում ուժգին հանդիմանել նրանց, որպեսզի նրանք հուսահատության մեջ չընկնեն, այլ թողնում է, որ հանդիմանությունը կատարվի լսողների սեփական խղճի կողմից։
Եվ դա այսպես եղավ ոչ միայն սերմի, այլև ցանցի պարագայում։ Այն էլ շատ անպետք բան ուներ իր մեջ։ Քրիստոս այս առակը պատմում է Իր աշակերտներին ամրացնելու և խրատելու համար, որպեսզի նրանք չհուսահատվեն, թեկուզև նրանց խոսքն ընդունողների մեծամասնությունը կորստյան էլ մատնվի։ Չէ՞ որ նույնը եղավ նաև հենց Իր՝ Տիրոջ հետ։ Սակայն թեև Նա նախապես գիտեր, որ հենց այդպես է լինելու, բայց չդադարեց սերմանելուց։
Բայց, - կհարցնես, - արդյոք խելամի՞տ է սերմանել փշերի մեջ, քարքարոտ տեղում, ճանապարհի եզրին։ Իհարկե, սերմերի և հողի վերաբերությամբ սա խելամիտ չէր լինի, բայց հոգիների և ուսուցման առումով այս օրինակը շատ գովելի է։ Եթե գյուղացին դա աներ, նա արդարացիորեն կարժանանար պարսավանքի, քանի որ քարը չէր կարող հող դառնալ, ոչ էլ ճանապարհը՝ դադարել ճանապարհ լինելուց, ոչ էլ փշերը՝ փշեր լինելուց։ Բայց իրավիճակը լիովին փոխվում է, երբ խոսքը վերաբերում է բանակա՛ն էակներին։ Նույնիսկ «քարը» կարող է փոխվել և դառնալ բերրի հող, և «ճանապարհը» կարող է բաց չլինել յուրաքանչյուր անցորդի համար և ոտնակոխ չլինել, այլ կարող է դառնալ բերրի դաշտ, և փշերն էլ կարող են արմատախիլ արվել, ու սերմերը կարող են անարգել աճել։ Եթե դա անհնար լիներ, ապա Քրիստոս չէր սերմանի։ Եթե ամենքը նմանօրինակ փոփոխության չեն ենթարկվում, ապա պատճառը սերմնացանը չէ, այլ նրանք, ովքեր չեն ուզում փոխվել։ Քրիստոս կատարել է Իր գործը. եթե, սակայն, մարդիկ անտեսել են Նրա ուսմունքը, ապա մեղավորը Հիսուս չէ, քանի որ Նա այդքան մեծ սեր է ցուցաբերել մարդկության նկատմամբ։ Նկատի ունեցեք նաև, որ կործանման ճանապարհը մեկը չէ, այլ կորստյան տարբեր ուղիներ կան, որոնցից յուրաքանչյուրը հեռու է մյուսից։ «Ճանապարհ»-ի նման մարդիկ անփույթ են, անհոգ և ծույլ, մինչդեռ «քար»-ը ներկայացնում է միայն ամենաթույլերին։ Քրիստոս ասում է. «Քարի վրա ցանված սերմը նման է մեկին, ով լսում է խոսքը և անմիջապես ընդունում այն ուրախությամբ, սակայն քանի որ այն ինքն իր մեջ արմատ չունի, այլ ժամանակավոր է, ուստի երբ տրտմության մեջ է կամ հալածվում է այդ խոսքի պատճառով, անմիջապես կորսվում է։ Չարը գալիս է և խլում է յուրաքանչյուր մեկի սրտում ցանվածը, եթե այդ մեկը լսում է ճշմարտության խոսքը, բայց չի հասկանում այն. սա ա՛յն մասին է, թե ինչ էր ցանվել ճանապարհին» (տե՛ս Մատթ. 13։20, 21, 19): Մեկ այլ պարագա է, որ ուսմունքը կորցնում է իր զորությունը առանց որևէ հալածանքի կամ ճնշման ենթարկվելու, կամ էլ այն, որ անարդյունավետ է դառնում գայթակղության պատճառով։ Նրանք, ովքեր նմանեցվում են փշերի, ավելի մեղավոր են, քան մյուս բոլորը։
Այսպիսով, որպեսզի մեզ հետ նման բան չպատահի, եկե՛ք ջանասիրաբար մեր ուշադրությունը սևեռենք այս ուսմունքին և անդադար պահենք այն մեր հիշողության մեջ։ Այսպիսով, որպեսզի նման բան մեզ հետ չպատահի, եկեք ուշադիր լսենք ուսմունքը և այն անընդհատ մեր մտքում պահենք։ Թող որ սատանան որսա մեզ, բայց մենք պետք է թույլ չտանք, որ նա թալանի մեզ։ Եթե սերմերը չորանան, ապա դա շոգի պատճառով չէ. չէ՞ որ չի ասվում, որ դրանք չորացել են շոգից, այլ՝ «որովհետև արմատ չունեին»։ Եթե խոսքը ճնշվում է, դա ոչ թե փշերի պատճառով է, այլ նրա՛նց պատճառով, ովքեր թույլ են տվել, որ այն աճի։ Եթե ուզում ես, կարող ես կանխել այս անօգուտ բույսի աճը և օգտագործել քո հարստությունն այնպես, ինչպես պետք է։ Ահա թե ինչու Քրիստոս չասաց «աշխարհը», այլ՝ «աշխարհի հոգսերը», Նա չասաց «հարստություն», այլ՝ «հարստության պատրանքները» (տե՛ս 22-րդ համար)։ Այսպիսով, եկե՛ք մեղավոր կարծենք ոչ թե իրողությունները (հանգամանքները էական չեն), այլ ապականված կամքը։ Հնարավոր է ունենալ հարստություն և չտարվել դրանով, ապրել այս աշխարհում և չծանրաբեռնվել հոգսերով։ Հարստությունը համատեղում է երկու իրար հակադիր չարիքներ. մեկը՝ անհանգստությունը, ջախջախում և մթագնում է, իսկ մյուսը՝ շքեղությունը, թուլացնում։ Եվ Փրկիչը լավ ասաց հարստության պատրանքների մասին, քանի որ հարստության մեջ ամեն ինչ պատրանք է՝ միայն անուններ, ոչ թե իրականություն: Իսկապես, հաճույքը, փառքը, շքեղությունը և նմանատիպ ամեն բան միայն պատրանք են, ոչ թե իրական ճշմարտություն: Այսպիսով, խոսելով տարբեր տեսակի կործանումների մասին, Հիսուս վերջապես նշում է նաև բարեբեր հողի մասին՝ ոչ թե հուսահատություն առաջացնելու, այլ ապաշխարության հույս տալու համար, և ցույց է տալիս, որ հնարավոր է ժայռից ու փշերից վերածվել լավ հողի: Բայց եթե հողը լավն է, և սերմնացանը նույնն է, և սերմերը նույնն են, ինչո՞ւ մեկ սերմը հարյուրապատիկ պտուղ տվեց, մյուսը՝ վաթսունապատիկ, իսկ մյուսը՝ երեսունապատիկ: Այստեղ կրկին տարբերությունը կախված է հողի բնույթից, քանի որ նույնիսկ լավ հողում կարող են լինել բազմաթիվ տարբերություններ: Հիմա դուք տեսնում եք, որ մեղքը ոչ թե ֆերմերի, ոչ էլ սերմերի, այլ ընդունող հողի մեջ է: Այս տարբերությունը կախված չէ մարդկանց բնույթից, այլ նրանց կամքից: Եվ այստեղ Աստծո մեծ սերը մարդկության նկատմամբ բացահայտվում է նրանով, որ Տերը չի պահանջում առաքինության նույն աստիճանը, այլ ընդունում է առաջինը, չի մերժում երկրորդը և տեղ է տալիս երրորդին: Նա սա ասում է, որպեսզի Իր հետևորդները չմտածեն, որ միայն լսելը բավարար է փրկության համար։ Ինչո՞ւ, - կարող ես հարցնել, - Նա չհիշատակեց այլ արատներ, ինչպիսիք են մարմնական կիրքը և փառասիրությունը։ Ասելով «այս աշխարհի հոգսերը և հարստության պատրանքները»՝ Հիսուս ամփոփեց ամեն ինչ, քանի որ փառասիրությունը և մյուս բոլոր արատները այս աշխարհին հատուկ դրսևորումներն են, ինչպես և հարստության պատրանքները, որպիսիք են հաճույքը, ագահությունը, նախանձը, ունայնամտությունը և նմանատիպ բոլոր բաները։ Ինչ վերաբերում է «ճանապարհ»-ին և «քար»-ին, ապա Փրկիչը դրանք հիշատակեց՝ ցույց տալու համար, որ բավարար չէ ազատվել հարստության հանդեպ սիրուց, այլ պետք է հոգ տանել նաև այլ առաքինությունների մասին։ Ի՞նչ օգուտ կարող ես ունենալ, եթե դու կապված չես հարստությանը, սակայն կանացի եք և փափկասուն։ Ի՞նչ օգուտ կարող ես ունենալ, եթե դու կանացի չես, սակայն անփույթ և ծույլ ես խոսքը լսելու հարցում։ Մեկ առաքինությունը բավարար չէ մեր փրկության համար, բայց նախևառաջ մենք պետք է ուշադիր լսենք խոսքը և միշտ հիշենք այն։ Ապա մեզ անհրաժեշտ է քաջություն, այնուհետև՝ արհամարհանք հարստության նկատմամբ, և վերջապես՝ անտարբերություն աշխարհային ամեն ինչի նկատմամբ։ Քրիստոս խոսքը լսելը դնում է առաջին տեղում, քանի որ այն մեզ համար ամենաանհրաժեշտն է։ Ինչպե՞ս կարող են հավատալ, եթե չեն լսում (հմմտ․ Հռոմ. 10։14): Այդպես նաև մենք․ եթե չլսենք խոսքը, չենք կարողանա իմանալ, թե ինչ պետք է անենք: Իսկ այնուհետև էլ Հիսուս խոսում է քաջության և երկրային բարիքների նկատմամբ արհամարհանքի մասին։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ նրանց հետ առակներով շատ բաներ էր խօսում եւ ասում.
Նրանց հետ խոսում էր բազմաթիվ առակներով և ասում էր:
Երբ լեռան վրա էր ուսուցանում, առակներով չէր [խոսում], որովհետև այնտեղ միայն տխմարներ ու ռամիկներ էին, իսկ այստեղ [ժողովրդի հետ] խառն եկել էին [նաև] օրենսգետներ ու փարիսեցիներ: [Առակներով էր խոսում] նաև, որպեսզի ցույց տար, որ իրականացել են մարգարեների գրածները, մանավանդ Դավթինը, ով ասում էր. «Առակով կբացեմ իմ բերանը» (Սաղմ. 77։2):
Իսկ այլաբանորեն՝ երբ երկնքում էր, հոգևոր բաների մասին հոգևորապես էր խոսում, իսկ երկիր իջնելուց և աշխարհի ծովի մեջ մտնելուց հետո մարմնատիպ խոսքի օրինակով էր մարմնավորներիս ուսուցանում:
Ստեփանոս Սյունեցի (†735)
Եւ նրանց հետ առակներով շատ բաներ էր խօսում եւ ասում.
Եվ նրանց հետ առակներով էր խոսում»:
Նրանց հետ, ովքեր կանգնած էին ծովեզերքին, առակներով էր խոսում, որովհետև դեռևս անկարող էին հայտնապես լսել Քրիստոսի խոսքը, իսկ աշակերտներին ասաց իբրև կարողների:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ նրանց հետ առակներով շատ բաներ էր խօսում եւ ասում.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:1
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: