Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 17:14

Հովհաննես Ծործորեցի

Երբ ժողովրդի մէջ եկան, մի մարդ մօտեցաւ, ծնկի եկաւ եւ ասաց. «Տէ՛ր, ողորմի՛ր իմ որդուն, որովհետեւ լուսնոտութիւնից է տառապում եւ չարաչար տանջւում է. շատ անգամ կրակի մէջ է ընկնում եւ երբեմն՝ ջրի մէջ:

 

   Երբ եկան ժողովրդի մոտ, մի մարդ մոտեցավ, ծնրադրեց և ասաց. «Տե՛ր, ողոր մի՛ր իմ որդուն:

   Թեպետ լեռան վրա աշակերտները Տիրոջ փառքը տեսան, սակայն չարչարանքների մասին լսելով՝ վշտացան, ուստի [Տերը շարունակում է] հրաշքներ գործել, որպեսզի մխիթարվեն՝ հասկանալով, որ [Տերը] մեռնելու է ոչ թե հարկադրաբար, այլ կամովին: Նա միշտ այսպես է վարվում. չարչարանքի կամ բարձր բաների մասին խոսելուց հետո հրաշքներ է գործում, ինչպես և ասում է [ավետարանիչը]. «Երբ եկան ժողովրդի մոտ, մոտեցավ մի մարդ...»: Թվում է՝ այս մարդն անհավատության ախտով շատ էր վարակված, ինչը երևում է Մարկոսի [Ավետարանում գրառված նրա] խոսքերից. «Եթե կարող ես, օգնի՛ր մեզ, Տե՛ր» (Մարկ. 9:2), և՝ «Օգնի՛ր իմ անհավատությանը» (Մարկ. 9:23): Բայց որդու հանդեպ գութից մղված՝ խնդրողի կերպարանք առավ. ոչ միայն խոսքով խնդրեց վշտակցություն, այլև երկրպագությամբ աղաչեց՝ ճշմարտապես ասելով. «Ողորմիր իմ որդո՛ւն». նախ՝ որովհետև ցավերից նա էր տանջվում, և երկրորդ՝ [հայրը] բժշկի հանդեպ հիվանդի սերն ու հավատը ավելի լավ էր համարում, քան իրենը:

   Որովհետև լուսնոտում ու սաստիկ տանջվում է, հաճախ ընկնում է կրակի մեջ, երբեմն էլ՝ ջրի:

   Տե՛ս այստեղ դևի չարությունն ու Արարչի խնամալից տեսչությունը. դևինը՝ որ այս չարիքը հնարելով՝ ոչ միայն [դրանով բռնված] մարդուն էր տանջում, այլև տեսնողներին հիվանդացնում, որովհետև լուսնի ծննդյան կամ պակասելու ժամանակ [հիվանդին] լլկում, կրակի ու ջրի մեջ էր գցում՝ [տեսնողներին] ստիպելով հայհոյել Աստծո արարածներին, որպեսզի պատճառը համարեին լուսինը, կրակն ու ջուրը և այսպես հայհոյելով՝ հոգով հիվանդանային, կամ էլ որպեսզի [հիվանդին] կրակի ու ջրի մեջ գցելով՝ մարմնով խեղդեր: Իսկ Աստծո տեսչությունը [տես] նրանում, որ եթե Աստծո խնամքով մարդը չպահվեր, [դևն] այդ ժամանակ նրան սպանելուց չէր քաշվի, քանի որ միշտ կրակի ու ջրի մեջ էր գցում, բայց Աստված թույլ չէր տալիս նրան վնասել: Սակայն եթե մեկը հարցնի. «Եթե լուսնի պատճառով չէր [տառապում], ինչո՞ւ «լուսնոտ» կոչվեց, կամ ավետարանիչն ինչո՞ւ [այդ բառը] գրեց», թող իմանա, որ սխալ չկա այստեղ, որովհետև դրանք դիվահարի հոր խոսքերն են, և ավետարանիչն էլ այդ անունը շատերի սովորության համաձայն գրեց: Որովհետև, ինչպես ասացինք, լուսնի նորանալու կամ հնանալու հետ էր [դևը մարդուն] շարժում, որը բնավ չի կարելի կարծել, թե լուսնից էր, բայց մարդիկ այդպես սովորած լինելով էին [«լուսնոտ»] կոչում: «Լուսնոտում ու սաստիկ տանջվում է»,- ասում է [հայրը], որովհետև [դևը] մեծ լլկանքով ու ճնշումով չարչարում էր [նրա որդու] մարմինը և ապա խելագարեցնելով ապուշացնում, ինչի հետևանքով [դիվահարն] իրեն կրակի ու ջրի մեջ էր գցում՝ երբեմն տանը, երբեմն՝ դրսում:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

14-17․ Երբ ժողովրդի մէջ եկան, մի մարդ մօտեցաւ, ծնկի եկաւ եւ ասաց. «Տէ՛ր, ողորմի՛ր իմ որդուն, որովհետեւ լուսնոտութիւնից է տառապում եւ չարաչար տանջւում է. շատ անգամ կրակի մէջ է ընկնում եւ երբեմն՝ ջրի մէջ: Նրան քո աշակերտների մօտ տարայ, եւ չկարողացան բժշկել»: Յիսուս պատասխան տուեց ու ասաց. «Ո՛վ անհաւատ եւ մոլորուած սերունդ, մինչեւ ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ, մինչեւ ե՞րբ ձեզ պիտի հանդուրժեմ. նրան ինձ մօ՛տ բեր» Եւ Յիսուս նրան սաստեց, դեւը նրանից դուրս եկաւ, եւ մանուկը հէնց այդ րոպէից բժշկուեց:
   
   Հիսուս և առաքյալները վար են իջնում Թաբոր լեռրից դեպի այնտեղ, ուր թողել էին մյուս իննը առաքյալներին: Այն լեռան ստորոտում եղող մի գյուղ էր, որի անունը նշված չէ: Որքան մոտենում են, այնքան ավելի հստակ են տեսնում գյուղերից [եկած] բազմությանը, հետզհետե նշմարում են, որ առաքյալները ամբոխի մեջ են, այնտեղ են նաև դպիրները և ծանր վեճ են մղում, կարևոր գործի կամ խոսքի են բռնվել միմյանց հետ: Հազիվ Հիսուսին տեսած՝ ամենքն այդ կողմ են շրջվում, դիմավորելու համար առաջանում, զարմանում, քանի որ Հիսուսի այդ պահի վերադարձին չէին սպասում: Բայց գոհ են մնում, որովհետև առաքյալները պիտի ազատվեին մի կնճռոտ խնդրից, իսկ ժողովուրդը պիտի հասներ իր ցանկությանը: Միայն դպիրները պիտի գոհ չմնային, որովհետև Հիսուսից իրենց նպաստավոր որևէ բան չէին ակնկալում:
    Դիմավորելուց և ողջյուններից հետո, Հիսուս, որ հեռվից նկատել էր տաք-տաք վիճաբանությունը, քաղցր տոնով հարցնում է առաքյալներին. «Ինչո՞ւ էիք վեճի բռնվել դպիրների հետ»: Առաքյալները չեն համարձակվում պատմել եղելությունը, որովհետև իրենց համար պատվաբեր չէր: Երբ նրանք լռում են, ժողովրդի միջից մեկը, բազմությունը ճեղքելով, առաջ է անցնում և համարձակորեն առաջարկում թույլ տալ իրեն՝ բացատրել եղելությունը: Հիսուս հավանություն է տալիս, և մարդը խոսում է «Մի զավակ ունեմ, դեռևս փոքրիկ մի պատանյակ. ինչպես եղավ, չգիտեմ, չար դևը մտավ նրա մեջ, կապեց լեզուն, համրացրեց, վրան մոլեգնության նմանվող ինչ-որ բան իջավ, որ ժամանակ առ ժամանակ բռնում և տանջում է կատարյալ լուսնոտի նման: Երբեմն ինքն իրեն կրակն է նետում, երբեմն՝ ջուրը. այս ու այն կողմ է վազում, զարկվում, բղավում, գետնին ընկնում, թավալվում, ատամները կրճտում, բերանից փրփուր է վազում, և դևը տղայիս բաց չի թողնում, մինչև նրան գրեթե շնչասպառ չանի: Լսեցի, որ եկել ես այս կողմերը, բերեցի քեզ մոտ, որ բժշկես. դու չկայիր, լսել էի որ քո աշակերտները ևս շրջած տեղերում դիվահարներ են բժշկել, նրանց աղաչեցի, բայց հաջողության չհասան: Եթե կարող ես, աղաչում եմ քեզ, խղճա ինձ ու բժշկիր միամոր զավակիս»:
   Հիսուս, մարդու վերջին երկմիտ խոսքերի վրա զայրացած, սաստելով ասաց. «Այսքան բան տեսնելուց և լսելուց հետո էլ, միշտ հավատքով պակաս և մտքով ծուռ ժողովուրդ եք մնացել. չգիտեմ, թե մինչև ե՞րբ պիտի ձեզ հետ լինեմ և գործեմ ձեր մեջ, որ հավատքի գաք. իմացե՛ք, որ այլևս ձեզ լսելու շատ ժամանակ չունեմ: Այդ հիվանդ տղան ո՞ւր է, առաջ բե՛ր». Հայրն շտապում է զավակին առաջ բերել: Հիսուսին ներկայացնելու ժամանակ էլ հենց բռնում է դիվահարությունը: Տղան սկսում է ողջ մարմնով ցնցվել, թավալվել գետնին: Հիսուս հանդարտորեն հարցնում է հորը. «Որքա՞ն ժամանակ է, որ տղայիդ հետ այս ամենը կատարվում է»: Հայրն անհամբերությամբ պատասխանում է. «Փոքր տարիքից ի վեր այսպես մոլեգնում է. կրակի ու ջրի մեջ էլ է նետվում. եթե կարող ես որևէ բան անել, խղճա՜ ինձ, օգնի՛ր մեզ, բժշկի՛ր որդուս»: Հիսուս, տեսնելով, որ հայրը միշտ կասկածով և թերհավատորեն է խոսում, նախ կամենում է բժշկել հոր միտքը: «Միշտ - ասում է - «եթէ կարող ես»-ն ես կրկնում. չգիտե՞ս, որ բժշկություն ընդունելու համար առաջին պայմանը կատարյալ հավատքն է, որովհետև հավատացողի համար անկարելի բան չկա»: Խեղճ հայրը, որ տղայի վիճակից շփոթված, և առաքյալների անհաջող բժշկությունից տարակուսած, կորցրել էր վստահությունը, հանկարծ սթափվում է, հիշում, որ Հիսուս միշտ հավատքի պայմանով է բժշկություններ կատարել, ծնկի է իջնում և զղջացող շեշտով բացականչում. «Այո՛, թերհավատ գտնվեցի, աղաչում եմ, իմ հանցանքի համար տղաս թող չտուժի, ների՛ր անհավատությունս»:
    Այդ կատարյալ զղջման ու կատարյալ հավատքի արտահայտության առջև Հիսուս այլևս չուշացրեց բժշկությունը: Նաև չորս կողմից հետաքրքրասեր ժողովրդի խառնվելը տեսնելով՝ բերանացի սաստեց դևին, որպեսզի դուրս գա տղայից։ Դևը մեկ անգամ էլ վերջին ճիգ է թափում տղայի վրա: Կարծես թե հեռանալու մտադրություն չուներ: Ահռելի ձայն է հանում, տղային գետնին նետում ու լլկում, այս ու այն կողմ զարկում, հոգնեցնում, ուժասպառ անում և գրեթե անզգա գետնին փռած թողնում: Շատերը կարծում են, թե տղան մեռավ: Վերջապես դևը հեռանում է: Հիսուս մոտենում է, բռնում տղայի ձեռքից, կանգնեցնում, բոլորովին կայտառ ու ժիր, հանդարտ ու բժշկված, ողջ ու առողջ հորը հանձնում: Ներկա ժողովուրդը, մանավանդ դպիրները, որ իննը առաքյալների ձախողվելուց հետո կարծում էին, թե Հիսուս ևս այս տեսակի դևին չպիտի կարողանա ազդել, իսկ իրենք Հիսուսի նկատմամբ հաղթանակ կտանեն, զարմանում են, ամանչում: Շատերը զարմանքով, իսկ դպիրները ամոթով ցրվում են:
    Մատթեոսի Ավետարանում այդ դիվահար պատանյակի համար «Լուսնոտի եւ չարաչար հիւանդանայ» ասվելը, Մարկոսի մանրամասն նկարագրի լուսնոտության հետ ունեցած նմանությունը, չպետք է ենթադրել տա, թե դիվահարություն ասվածը պարզ լուսնոտություն էր: Ավետրանները բացահայտ կերպով հաստատում են այդ ամենի դիվահարության արդյունք լինելը: Մյուս կողմից արդեն ասել ենք, թե դևը, մարդու վրա ճնշում գործադրելով, խափանում է նրա զգայարանների կանոնավոր գործունեությունը և ինչպես կուրություն և համրություն, նույնպես և լուսնոտություն կարող է պատճառել: Այս պատանու պարագային իրականացվել էին ոչ միայն լուսնոտությունը, այլև համրությունն ու խլությունը: