Սրբ. Եփրեմ Ասորի
Տէրն ասաց. «Մի՞թէ ես իմ ծառայ Աբրահամից գաղտնի պիտի պահեմ այն, ինչ անելու եմ:
Եւ այդ հրեշտակների մոտ Աստված ասաց. «Մի՞թե ես իմ ծառա Աբրահամից գաղտնի պիտի պահեմ այն, ինչ անելու եմ», քանի որ երեք վկաներով օրհնելու է նրան և բազմացնելու, քանզի նա ընդունեց նրանց և նրանցով կործանեց Սոդոմը, քանզի նա [Սոդոմը] իր մեջ չընդունեց նրանց: Աբրահամին երևալուց հետո Աստված երևաց նաև Ղովտին և խոսեց նրա հետ: Եւ քանի որ հրեշտակները մեկը մյուսից պատվական ու փառավոր էին, տեսավ փառքի մեծությունը, որ նրանցից մեկը առավել էր մյուսից նաև տեսքով և նրա առաջ լուռ կանգնել էին, որովհետև նրանից փոքր էին: Եւ Աբրահամը քանի դեռ նրանց ընդառաջ չէր գնացել, երեքին էլ տեր անվանեց, ինչպես որ Ղովտի մասին է գրված, թե. «Տեսավ երկու այրերի, որոնք օտարների նման էին»: Ճաշից հետո Աբրահամը նոր իմացավ, թե նրանք հրեշտակներ են: Գրված է, թե այնուհետև նրանք ելան ու գնացին: Եւ նրանց ճշմարտությունը Գեդեոնը տեսավ՝ [նրանց կոչելով] հրեշտակ և տեր, ինչպես նաև Մովսեսը: Ագարն էլ բացատրաբար ասաց, թե հրեշտակին տեսնելուց հետո ինձ հայտնապես Աստծո տեսիլքը երևաց, քանզի ինչպես որ ասում է. «Իմ անունն իրենց վրա է», այսինքն՝ իմ կնիքի նշանը նրանց վրա է: Ինչպես որ նա իր նշանը տվեց Մովսեսին, քանզի երբ նա իջավ [լեռից Աստծո] փառքը նրա երեսի վրա էր, այդպես էլ փառավոր տեսք ուներ հրեշտակը, որից էլ երևում էր նրա մեծության փառքը, ինչպես որ մարգարեացան յոթանասունը, երբ հոգին երևում էր, թե հանգել էր բոլորի վրա:
Ինչպես որ տասներկուսը բանալիներ ունեին, բայց Շմավոնին [Պետրոսին] էին տրվել, քանի որ նա էր գլխավորը, նրա քարոզության վրա, ասաց, կկառուցի իր եկեղեցին: Նմանօրինակ վարվում են նաև թագավորի զորքերը պատերազմի ժամանակ, և իրենց զորագլխի անունով էլ կոչվում է զորքը: Ասում է. «Շարուհեի որդի Հովաբը կոտորեց նրանց» (Բ Թագ. 20։15): Մեծությունը, որ բնակվում է բարձունքներում, օտարների կերպարանք առավ, որպեսզի մտնեն իբրև հացի կարոտ որպես սոված օտարներ, և որդի շնորհեն: Եւ երբ հյուրերի որովայնը լցվեց՝ հյուրասերների ամլությունը պարգևներով լիալրվեց: Նրանց ընդառաջ գնաց, որպեսզի տա նրանց, ովքեր իրենց պարգևներն աղքատության քողով ծածկեցին, որպեսզի ցույց տան փութաջան հոժարակամությունը նրանց, ովքեր կատարում են այն: 19.2 «Եկեք, - ասում է, - ձեր ծառայի տուն», այնուհետև ասաց նրա մասին. «Մի՞թե ես իմ ծառա Աբրահամից գաղտնի պիտի պահեմ այն, ինչ անելու եմ»: Այս բանն անմիջապես կատարվեց այնտեղ, քանի որ նա չխորշեց լինել օտարների բարեկամ, Աստված էլ խոնարհվեց նրան որպես իր բարեկամի, հայտնելով նրան իր խորհուրդները:
Ա. Լոպուխին
17-19. Տերն ասաց. «Մի՞թե ես իմ ծառա Աբրահամից գաղտնի պիտի պահեմ այն, ինչ անելու եմ: [17] Աբրահամը, հաստատապես, մեծ և բազմանդամ ազգի նախահայր է լինելու, և նրա միջոցով պիտի օրհնվեն երկրի բոլոր ազգերը. որովհետև ես գիտեի, որ նա իր որդիներին ու իր հետնորդներին կպատվիրի, որ նրանք Տիրոջ ճանապարհով ընթանան՝ պահպանելով արդարութիյունն ու իրավունքը: Տեր Աստված կկատարի այն ամենը, ինչ խոստացել է Աբրահամին»: (Սինոդական թարգ․)
Այս խոսքերը ամբարիշտ քաղաքների կործանման մասին մարգարեության ներածություն են կազմում։ Նրանում Տերը կրկնում և պարզաբանում է իր նախորդ խոստումներն Աբրահամին և նրա սերնդին (11։3, 13։16, 15։5, 17։5-6), ընդ որում ցույց է տալիս հրեա ժողովրդի ընրության նպատակը, պայմաններն ու միջոցներն այդ նպատաին հասնելու համար, և հետևաար, բոլոր խոստումները ստանալու համար, եթե վերջինս հավատարիմ կմնա Տիրոջը և կքայլի Նրա ճանապարհներով։ Իրենց դրական պահվածքի արդյունքը կլինի՝ Տիրոջը մոտ լինելը և բոլոր խոստումներին հասնելը, իսկ Իսրայելի բացասաական պահվածքը կբերի այն տխուր ճակատագրին, որին արժանացան ամբարիշտ Սոդոմ և Գոմոր քաղաքները։
«Մի՞թե ես Իմ ծառա Աբրահամից գաղտնի պիտի պահեմ այն, ինչ անելու եմ»... Այս խոսքերը ներկայացնում են տվյալ մտքի մարդակերտ /անտրոպոմորֆ/ արտահայտումը։ Այստեղ ցույց է տրվում արդարի մտերմությունը Աստծու հետ, որը նրան ընկերոջ կարգավիճակում է ներկայացնում, որից չկան գաղնիքներ։ «Իմ ծառայից» արտահայտությունը բացակայում է եբրայական բնագրում՝ այն ներմուծված է Յոթանասնից թարգմանության մեջ։ Սակայն Փիլոնը և Հակոբոս առաքյալը(2։23) որոշակի շտկում են կատարում․ փոխարեն «Իմ ծառային», ունեն «Իմ ընկերոջը», որը ավելի շատ է համապատասխանում այն հարաբերությունների էությանը, որոնք եղել են Աստծու և նահապետների միջև (Բ Մնաց. 20։7, Ես. 41։8, Հակ. 2։23, ևն)։
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Տէրն ասաց. «Մի՞թէ ես իմ ծառայ Աբրահամից գաղտնի պիտի պահեմ այն, ինչ անելու եմ:
(Արարատ թարգ․) Եվ Տերն ասաց. «Մի՞թե Ես Աբրահամից թաքցնելու եմ այն, ինչ անելու եմ:
(Գրաբար) Եւ ասէ Տէր. Միթէ թաքո՞ւստ ինչ իցէ յԱբրաամէ ծառայէ իմմէ զոր ինչ գործելոց եմ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: