Սրբ. Եփրեմ Ասորի
Գետ էր բխում Եդեմից, որպէսզի ոռոգէր դրախտը, եւ այնտեղից բաժանւում էր չորս ճիւղերի:
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 2:7
Ա. Լոպուխին
10-12․ Գետ էր բխում Եդեմից, որպեսզի ոռոգեր դրախտը, և այնտեղից բաժանվում էր չորս ճյուղերի: [10] Մեկի անունը Փիսոն էր: Նա է, որ հոսելով շրջանցում է ամբողջ Եվիլատ երկիրը, այնտեղ, ուր ոսկի կա: Այդ երկրի ոսկին ազնիվ է: Այնտեղ կա նաև սուտակ և դահանակ ակնաքարը: (Սինոդական թարգ․)
Աստվածաշնչյան դրախտի մասին պատմության ընդհանուր և բավականին խորհրդավոր բնույթը՝ մասնավորապես այնտեղ գոյություն ունեցող ինչ-որ խորհրդավոր ծառերը և հատկապես ճանաչողության ծառերը, ինչպես հին հերետիկոսների, այնպես էլ նոր ռացիոնալիստների համար առիթ են ծառայել դրախտի մասին բոլոր աստվածաշնչյան պատմությունները համատարած այլաբանություն համարել: Ասես կանխատեսելով փաստերի նման կեղծ ու տարաբնույթ մեկնությունների հնարավորությունը՝ Ծննդոցի հեղինակը միտումնավոր մատնանշում է դրախտի ճշգրիտ և բավականին մանրակրկիտ տեղանքագիրը /տոպոգրաֆիան/, դրանով իսկ հավաստիացնելով երկրի վրա նրա երբեմնի գոյության իրողությունը (նրա լիովին իրական լինելու փաստը):
Գետ էր բխում Եդեմից ... և այնտեղից բաժանվում էր չորս ճյուղերի... Ահա դրախտի առաջին կարևոր աշխարհագրական հատկանիշը: Եբրայական բնօրինակում այդ գետի անունը նշված չէ, քանի որ «նագար» բառը նշանակում է ընդհանրապես մեծ գետ, ջրամբար, որի պատճառով երբեմն նույնիսկ գործածվում է օվկիանոս իմաստով (Հոբ. 22։16, Սաղմ. 23։2, 45։5 և այլն): Եվ քանի որ Մովսեսի դարաշրջանի հրեաներին առավել հայտնի էր իրենց ամենամոտ Եփրատ գետը, ապա, զարմանալի չէ, որ նրանք այն առավելապես կոչում էին «նագար» անունով՝ բոլոր նրա մեջ թափվող և նրանից դուրս եկող վտակներով և ճյուղավորումներով (Ծննդ. 15։18, 31։21, Ել. 23։31, Ես. 7։20, Եզրաս. 2:18, Միք. 7։12 և ուր.): Այդ գետը, սկզբնավորվելով Եդեմի երկրում (այսինքն՝ Միջագետքի հյուսիսում կամ Հայաստանի լեռների հարավային լանջերում), անցնում էր ամբողջ դրախտով և արդեն նրանից դուրս գալիս ճյուղավորվում էր չորս գլխավոր բազուկների:
Փիսոնը այդ բազուկներից առաջինի անունն էր: Հնագույն աշխարհագրության մեջ չի պահպանվել այդ գետի անունը, ինչպես նաև չի նշվել հետագայում, բայց մեր ժամանակների գիտնականները, ըստ երևույթին, գտել են նրա որոշ հետքեր. մենք նկատի ունենք հայտնաբերված ասորական սեպագիր գրության մեջ «փիսանու» բառը, որ նշանակում է «հուն», «մահիճ», «ջրանցք» (Դելիչ և պրոֆեսոր Յակիմով): Եվ քանի որ այդ բառր համահունչ է հին ասորական աստվածաշնչյան «Փիսոն» անվանը, որը բառացի թարգմանությամբ նշանակում է «ջրառատ», ապա նույն գիտնականներն էլ կառուցում են սրամիտ ենթադրություն, թե դրախտային առաջին գետը հասկացվում է ոչ այլ ինչ քան հին Միջագետքի ամենամեծ և ջրառատ ջրանցքներից մեկը, որը հեռացնում է ջրերը Եփրատից ուղիղ դեպի ծով, և որը հին հույն հեղինակների մոտ ավելի հայտնի է Պալլոկոպաս անունով: Այդ հանգամանքով պետք չէ շփոթվել, ըստ որի դրախտի աստվածաշնչյան նկարագրության մեջ ներմուծված է ջրանցքը, այսինքն՝ մարդու ստեղծած արհեստական կառույցը, քանի որ Մովսեսը, դատելով խոսքի ամբողջ ենթատեքստից, նկարագրում էր ոչ թե նախնադարյան, այլ իրեն ժամանակակից նախկին դրախտի տեղանքագիրը: Առավել ևս Պալլոկոպաս ջրանցքը, մի հեղինակավոր աշխարհագրագետի (Ռիտտեր) եզրակացության համաձայն, իրականում անցկացվել է նախկինում գոյություն ունեցող, բայց չորացած գետի հունով: Առավելապես որոշելու համար Փիսոն գետի դիրքը, Մովսեսը նշում է, որ այն հոսելով շրջանցում է ողջ Եվիլատ երկիրը, որը հայտնի է իր ազնիվ ոսկով, անուշահոտ խեժով (բյուրեղացած, անուշահոտ խեժ, մարգարիտ, Թվեր. 11։7) և թանկարժեք քարերով: Աստվածաշունչը ճանաչում է այդ անունով երկու երկիր. մեկը քամի որդիների երկիրը (այսինքն՝ քամի սերունդներով բնակեցված)՝ Եգիպտոսի հյուսիս արևելյան անկյունում (Ծննդ. 10։7), մյուսը՝ Սեմի որդիների երկիրը, որը գտնվում է Միջագետքից հյուսիս-արևմուտք. այլ կերպ կոչվում է Հեկտանի երկիր (Ծննդ. 10։29, 25։18, Ա Թագ. 15։7): Ելնելով ենթատեքստից, պետք է ընդունենք, որ այստեղ խոսքը հատկապես այս վերջինի՝ սեմական Եվիլատի մասին է, մանավանդ որ դա համապատասխանում է նաև նորագույն գիտական հետազոտությունների տվյալներին, որոնք սեպագիր տեքստերում բացահայտել են աստվածաշնչյան անվանը համահունչ՝ «ավազի երկիր» Արդ-էլ-Հավիլոտ կամ Հալաթ տեղանունը և որն ընկած է Պարսից ծոցի հարևանությամբ:
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Գետ էր բխում Եդեմից, որպէսզի ոռոգէր դրախտը, եւ այնտեղից բաժանւում էր չորս ճիւղերի:
(Արարատ թարգ․) Եվ մի գետ էր դուրս գալիս Եդեմից՝ պարտեզը ջրելու համար, որ հետո բաժանվում էր, ու սկիզբ էին առնում չորս գետեր:
(Գրաբար) Եւ գե՛տ ելանէր յԵդեմայ ոռոգանել զդրախտն. և անտի բաժանի ի չո՛րս առաջս:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: