Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 21:42

Հովհաննես Ծործորեցի

Յիսուս նրանց ասաց. «Սուրբ Գրքերում երբեւիցէ չէ՞ք կարդացել՝ այն վէմը, որ կառուցողները անարգեցին, նա՛ է, որ եղաւ անկիւնաքար. Տիրոջից եղաւ այս, եւ մեր աչքին սքանչելի է:

 

    Հիսուսն ասաց նրանց. «Երբևէ չե՞ք կարդացել [Սուրբ] Գրքում. «Այն վեմը, որ շինողներն արհամարհեցին, նա՛ դարձավ անկյունագլուխ: Տիրոջից եղավ սա, և սքանչելի է մեր աչքերում»:

    [Տերն] այս խոսքում ի՞նչ նկատի ունի` ասելով, որ չգիտեն Դավթի մարգարեությունը 1181: Ինձ թվում է` [Մատթեոս] ավետարանիչն այստեղ համառոտ է խոսում, որովհետև Ղուկասն ասում է 1182, որ երբ [Տերը] չար մշակների վերաբերյալ վճիռ սահմանեց նրանց կորստյան մատնելու և այգին ուրիշներին տալու, ինչպես [հրեաներն] իրե՛նք իրավացի համարեցին` ըստ Մատթեոսի, ապա հասկանալով, որ դա իրենց մասին է` ասացին. «Քա՛վ լիցի, որ դա կատարվի»: Եվ Նա, նայելով նրանց, ասաց, այսինքն` ակնարկեց, թե դա կատարվելո՛ւ է, այլապես ինչպե՞ս կարդարանա գրվածը թե` «Այն վեմը, որ շինողներն անարգեցին, նա՛ եղավ անկյունագլուխ»: «Վեմ» է կոչում Իրեն` ըստ Եսայու. «Սիոնի հիմքում ընտիր վեմ եմ դնում» (Ես. 28։16), ադամանդյա անկյունագլուխ, ինչպես ասաց Ամովսը 1183: Նախ` անփշրելի և անխորտակելի լինելու պատճառով: Երկրորդ` կուսածնության պատճառով, ինչպես տեսավ Դանիելը` «առանց ձեռքի հատված վեմ» (Դան. 2։34): Երրորդ` անշարժության պատճառով: Չորրորդ` մշտնջենավորության պատճառով, որովհետև հավիտենական էություն ունի: Հինգերորդ` աստվածահրաշ ուսմունք բխեցնելու պատճառով` անապատում եղած վեմի նման 1184, ինչպես գրեց նաև Պողոսը. «Վեմն Ինքը Քրիստոսն էր» (Ա Կոր. 10։4), որ կանխավ խմեցնում էր ջուրը ժողովրդին` [գալիք իրողությունների] խորհուրդը ցույց տալով: Եվ վեցերորդ` Հին և Նոր Օրենքները միացնելու պատճառով, որոնց համար, օրենքի վեմի նման, եղավ անկյունագլուխ, ինչպես ասում է Ինքը Տերը, Ում անարգեցին, երբ պետք էր հավատալ. «Դա Աստծուց չէ,-[ասում էին],-այլ մոլորեցնում է ժողովրդին» (Հովհ. 7։12, 9։16): Կառուցողները հրեաների ուսուցիչներն ու քահանաներն էին` ըստ Եզեկիելի. «Պատ էին կառուցում և ծեփում էին առանց խճի» (հմմտ. Եզեկ. 13։10-11), որովհետև ովքեր կարգվեցին ժողովրդին դեպի Աստված տանելու, նրանք պատրաստվեցին [ժողովրդին] հեռացնել [Աստծուց]:

    «Նա՛ եղավ անկյունագլուխ»: Խորհրդանշաբար է խոսում. ինչպես վեմը, կառուցողների անհմտության պատճառով մի կողմ թողնվելով, հետո անկյունաքար է դառնում և երկու պատերը միացնում, այդպես էլ [Քրիստոսը] միացրեց երկու տեսակները` հրեաներին ու հեթանոսներին, մարդկանց ու հրեշտակներին, հոգին ու մարմինը, որոնք հավատով, գործերով ու ցանկությամբ շատ հեռու էին միմյանցից և հակառակ [միմյանց]:

    «Տիրոջից եղավ սա, և սքանչելի է մեր աչքերում». ցույց է տալիս, որ [հրեաները] թերահավատության պատճառով դուրս են գալու, և հեթանոսները հավատով մտնելու են, ինչպես [Տերը] հայտնեց քանանացի [կնոջ], էշի և հարյուրապետի միջոցով 1185: Եվ որ սա Աստծուց է` հրեաների ելքն ու հեթանոսների մուտքը, դրա վրա սքանչացավ Դավիթը, երբ տեսավ 1186, ո՛չ այգու տեղափոխության վրա, քանի որ ըստ [հրեաների] արժանիքի էր դա, այլ Աստծո կանխատեսության:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Յիսուս նրանց ասաց. «Սուրբ Գրքերում երբեւիցէ չէ՞ք կարդացել՝ այն վէմը, որ կառուցողները անարգեցին, նա՛ է, որ եղաւ անկիւնաքար. Տիրոջից եղաւ այս, եւ մեր աչքին սքանչելի է:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 21:33