Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
19-22․ «Ցո՛ւյց տվեք Ինձ հարկի մետաղադրամը»։ Նրանք Հիսուսին մի դինար բերեցին»։ «Եվ նրանց ասաց. «Ո՞ւմն են այս պատկերը և գիրը»։ Նրան ասացին՝ կայսրինը»։ «Այդ ժամանակ ասաց. «Ուրեմն կայսրինը տվե՛ք կայսրին, իսկ Աստծունը՝ Աստծուն»»։ «Երբ նրանք լսեցին սա, զարմացան, թողեցին Նրան ու գնացին»։
Բայց Փրկիչը միայն հանդիմանությամբ չբավականացավ։ Թեև բավական էր հենց այն, որ, հանդիմանելով փարիսեցիների մտադրությունը և բացահայտելով նրանց նենգությունը, ամոթի մատներ նրանց, բայց Հիսուս այսքանով չի բավարարվում, այլ նաև մեկ ուրիշ ձևով է փակում նրանց բերանը։ «Ցո՛ւյց տվեք Ինձ, - ասում է Նա, - հարկի մետաղադրամը» (Մատթ. 22:19)։ Ապա, երբ նրանք դա ցույց տվեցին Իրեն, այդժամ Նա, ինչպես և շատ ուրիշ դեպքերում, հենց նրանց իսկ շուրթերով արտասանում է վճիռը և ստիպում է անձամբ խոստովանել, որ կայսրին պետք է հարկ վճարել․ սա իսկ էր Քրիստոսի գլխավոր և հանդիսավոր հաղթանակը նրանց հանդեպ։ Այսպիսով, Հիսուս նրանց այս հարցն է ուղղում ոչ թե այն պատճառով, որ չգիտի, թե ինչպիսի պատասխան պիտի տալ, այլ քանի որ ցանկանում է հենց փարիսեցիների սեփական խոսքերով հանդիմանել նրանց։ Երբ նրանք Իր՝ «ո՞ւմն է այս պատկերը» հարցին պատասխանեցին՝ «կայսրինը», այդժամ Հիսուս նրանց ասաց. «Կայսրինը տվե՛ք կայսրին» (Մատթ. 22:20)։ Հարկ վճարելը չի նշանակում տալ, այլ՝ վերադարձնել պարտականը, և սա հաստատելու համար է Քրիստոս մատնացույց անում պատկերն ու գիրը։ Իսկ որպեսզի նրանք չասեն. «Դու մեզ ենթարկեցնում ես մարդկա՞նց», ավելացնում է. «․․․իսկ «Աստծունը՝ Աստծուն»։ Եվ մարդկանց էլ պիտի վերադարձնել պարտականը, այդպես նաև՝ Աստծուն նույնպես հարկ է հատուցել այն, ինչով մենք պարտական ենք Նրա հանդեպ։ Դրա համար էլ Պողոսն ասում է. «Հատուցեցե՛ք յուրաքանչյուրին իրենց պարտքերը. որին հարկ՝ հարկը, որին մաքս՝ մաքսը, որին երկյուղ՝ երկյուղը, որին պատիվ՝ պատիվը» (Հռոմ. 13:7)։ Ի դեպ, երբ լսում ես «կայսրինը տվե՛ք կայսրին» խոսքերը, դրանցում նկատի ունեցիր միայն ա՛յն, ինչն ամենևին չի վնասում բարեպաշտությանը. այն ամենը, ինչը հակառակ է բարեպաշտությանը, արդեն իսկ կայսրի տուրքը չէ, այլ սատանային տրվող տուրք ու հարկ է։ Այսպիսի պատասխան լսելով՝ փարիսեցիները լռեցին և զարմացան Քրիստոսի իմաստության վրա։ Սրանից հետո նրանց հարկավոր էր հավատալ և ընդունել իրենց պարտությունը։ Իսկապես, Հիսուս փարիսեցիներին ներկայացրեց Իր Աստվածության ակնհայտ վկայությունը՝ բացահայտելով նրանց ծածուկ մտածումները, և հեզաբար ստիպեց նրանց լռել։ Եվ ի՞նչ։ Նրանք հավատացի՞ն։ Ո՛չ, այլ «թողեցին Նրան ու գնացին» (Մատթ. 22:22)։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
19-21. ինձ հարկի դահեկա՛ն ցոյց տուէք»: Եւ նրանք մի դահեկան բերեցին: Եւ նա ասաց նրանց. «Այս պատկերը կամ գիրը ո՞ւմն է»: Նրանք ասացին՝ կայսրինը: Այն ժամանակ նրանց ասաց. «Գնացէ՛ք, տուէ՛ք կայսրինը՝ կայսեր եւ Աստծունը՝ Աստծուն»:
Ցո՛ւյց տվեք Ինձ հարկի դահեկանը»: Եվ նրանք մի դահեկան մատուցեցին Նրան: Ասաց նրանց. «Ո՞ւմն է այս պատկերը կամ գրությունը»: Ասում են` կայսրինը:
Ո՛չ իբրև անտեղյակներից ուզեց դահեկանը կամ հարցրեց [նրանց], այլ կամենում է, որ հենց նրանց պատասխաններով բացահայտի նրանց [կեղծավորությունը], ինչպես միշտ էր վարվում, որպեսզի հաստատվեր [հետևյալ խոսքը]. «Ով իմաստուններին բռնում է նրանց խորամանկության մեջ» (հմմտ. Ա Կոր. 3։19, Հոբ 5։13): Ուստիև ասում «Բերե՛ք դահեկանը», և նրանք բերեցին: Ասաց նրանց.«Ո՞ւմն է այս պատկերը կամ գրությունը»: Այն ժամանակվա սովորությամբ` թագավորներն իրենց պատկերն էին դրոշմում և անունը գրում դահեկանների վրա, որովհետև Օգոստոսից սկսած` հարկ էին տալիս ըստ մարդագլխի, ինչպես որ գրանցվել էին աշխարհագրի ժամանակ: Դրանք տեսնելով էր, որ [Հիսուսը] հարցրեց. «Ո՞ւմն է այս պատկերը կամ գրությունը»:Նրանք պատասխանեցին` կայսրինը: Հետևաբար, եթե կայսրինն է, հեթանոսների ձեռքի տակ եք նվաճված` ճշմարտությունն արհամարհելու պատճառով:
Այդժամ ասաց նրանց. «Գնացեք տվեք կայսրինը` կայսրին, իսկ Աստծունը` Աստծուն»:
Ինչպես վկայեցիք, ասում է, որ արծաթը կայսրինն է, գնացեք հատուցե՛ք, որովհետև դա տալ չի նշանակում, այլ հատուցել, ինչը պարզ է հենց այդ պատկերից և շուրջը գրվածից: Ուրեմն կարելի է և մարդկանցը հատուցել` ըստ այսմ. «Հատուցե՛ք բոլորին. ում պարտք [է պետք], պարտքը, ում երկյուղ` երկյուղը» (հմմտ. Հռոմ. 13։7): Կայսրը, տիրելով ձեզ վրա, ձեզնից պահանջում է [ձեր] գանձերը և ոչ թե մտածումները կամ հավատը: Եվ որպեսզի չասեն թե` «Մեզ մատնեցիր օտար մարդկանց», ավելացնում է. «Աստծունը` Աստծուն», այսինքն` դուք Աստծո պատկերն եք, ինչպես որ արծաթադրամը` կայսրինը. ուրեմն, ասում է, արծաթադրամի նման, որը [հատվել է] կայսրի կողմից, Աստծո պատկերը, որ ձեր հավատն ու գործերն են` [ձեր] հոգու և մտքի ծնունդը, սկզբնատիպ Աստծո՛ւն ընծայեք: Նաև քանի որ կարծում էին, թե իրենց կպատասխանի ոչինչ չտալ կայսրին, մինչդեռ Փրկիչը ոչ միայն նրանց կարծիքին հակառակը սովորեցրեց` ցույց տալու համար, որ Իր ուսմունքը ճշմարիտ է և մարդկանց կյանքն է կամենում, այլև մի գեղեցիկ իմաստություն ավանդեց. այն, որ մարդը, լինելով երկու [մասից]` հոգուց ու մարմնից, երկու տերերի է ծառայում` Աստծուն ու թագավորների իշխանությանը, ովքեր [Աստծո թույլտվությամբ] են բռնանում` ըստ Պողոսի և Սողոմոնի (Հռոմ. 13։1-7, Առակ. 24։2): Հետևաբար, մարմնով ծառայեք թագավորներին, ովքեր Աստծուց կարգված են «վախ ներշնչելու ոչ թե բարի, այլ չար գործերի համար» (Հռոմ. 13։3), իսկ հոգով` աստվածպաշտությամբ, [ծառայեք] Աստծո՛ւն: Ուրեմն պարզ դարձավ, որ սատանան ոչինչ է, և չպետք է ծառայենք նրան:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
ինձ հարկի դահեկա՛ն ցոյց տուէք»: Եւ նրանք մի դահեկան բերեցին:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 22:15
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: