Սրբ. Եփրեմ Ասորի
1-5. Օձը երկրի վրայ Աստծու ստեղծած բոլոր գազաններից աւելի խորամանկ էր: Օձն ասաց կնոջը. «Ինչո՞ւ Աստուած ասաց, թէ դրախտում գտնուող բոլոր ծառերի պտուղներից չէք կարող ուտել»: Կինն ասաց օձին. «Դրախտի ծառերի պտուղներից կարող ենք ուտել: Սակայն դրախտի մէջտեղի ծառի պտղի համար Աստուած ասաց. «Դրանից չուտէք եւ չմօտենաք, որպէսզի չմեռնէք»»: Օձն ասաց կնոջը. «Չէք մահանայ, որովհետեւ Աստուած գիտէր, որ այն օրը, երբ դրանից ուտէք, կը բացուեն ձեր աչքերը, եւ դուք կը լինէք աստուածների նման՝ կ՚իմանաք բարին ու չարը»:
Եվ օձն ասում է կնոջը. «Ինչո՞ւ Աստված ասաց, թե դրախտում գտնվող բոլոր ծառերի պտուղներից չեք կարող ուտել», որովհետև տեսավ, թե նրանք չէին մոտենում այն ծառին, որից Աստված պատվիրեց չուտել: Իսկ թե քանի՞ ծառից էր պատվիրել չուտել և թե ո՞ր ծառերից իրավունք ունեին օգտվել, բանսարկուն տեղյակ չէր և այդ պատճառով էլ հարցրեց Եվային: Իսկ նա միամտաբար պատասխանեց, թե միայն մեկ ծառ կա, որից չպետք է ուտենք, որպեսզի չմեռնենք: Իսկ օձը, որպես մի հոգաբարձու և դաստիարակ, ասում է, թե Աստված իր բարերարությամբ հրամայեց դրախտի բոլոր ծառերից ուտել, սակայն իր նախանձի պատճառով արգելեց ձեզ այն մեկից ուտել, որպեսզի նրա նման չլինեք:
Ա. Լոպուխին
Օձը երկրի վրա Աստծու ստեղծած դաշտային բոլոր գազաններից ավելի խորամանկ էր։ Եվ օձն ասաց կնոջը. «Իրոք Աստված ասաց, թե դրախտում գտնվող բոլոր ծառերի պտուղներից չեք կարող ուտել»։ (Սինոդական թարգ․)[1]
Օձը... Այս օձի բնույթը շատ առեղծվածային է. իր որոշ հատկանիշներով, օրինակ՝ իր իսկ անվանումը, կենդանական տեսակին պատկանելը, իրեն բնորոշ խորամանկությունը (Մտթ. 10։16) և իր ստացած պատժով՝ գետնի վրա սողալը (Ծննդ. 3։14). նա, անկասկած, Աստվածաշնչում ներկայացվում է իբրև սովորական, բնական օձ: Սակայն, մի շարք ուրիշ հատկանիշներով՝ խոսելու ունակությունը, պատվիրանի գոյության իրազեկությունը, արտասովոր խորամանկությունն ու նենգությունը, նաև սովորական օձի համար իր գոյության արտառոց երկարակեցության հաստատումը , մեզ հուշում են մի ինչ-որ բարձր, գիտակից, մտածող էակի մասին: Հետևաբար, այս օձին ճիշտ ընկալելու համար անհրաժեշտ է միավորել վերոնշյալ բոլոր առանձնահատկությունները, ինչպես Հովհան Ոսկեբերանն է անում,ասելով «Սուրբ Գրքին հետևելով՝ պետք է մտածել այսպես. բառերը պատկանում էին սատանային, որը, նախանձից դրդված, շահագրգռված էր խաբելուն (Իմաստ. 2։24), իսկ այդ կենդանուն (այսինքն՝ սովորական օձին) օգտագործեց որպես գործիք»: Գայթակղող սատանայի ներկայությունն օձի մեջ հաստատվում է նաև Սուրբ Գրքի ուրիշ շատ տեղերում, որտեղ սատանան անվանվում է ի սկզբանե մարդասպան (Հովհ. 8։44), երկրի վրա չարի առաջացման առաջին մեղավորը (Ա Հովհ. 3։8, Իմաստ. 2։24), նույնիսկ առաջին օձը (Հայտ. 12։9–10):
Եվ օձն ասաց կնոջը... Նենգավոր օձը դիմում է կնոջն իբրև դյուրաբեկ անոթի (Ա Տիմ. 2։14, Ա Պետ. 3։7), ճիշտ հաշվարկելով, թե հեշտ կլինի վերջինիս միջոցով հասնել նպատակին, ընդ որում, կինը, հավանաբար, անձամբ Աստծուց չէր լսել պատվիրանը, այլ ստացել էր ամուսնուց: Հետևաբար, դրա մասին ոչ այնքան հաստատուն գիտեր:
...Բոլոր ծառերի պտուղներից չեք կարող ուտել... Փորձիչը դիդմամբ է չափազանցնում պատվիրանի դժվարությունը, որպեսզի դրանով իսկ շեղի կնոջ ուշադրությունը և ներշնչի նրա մեջ անվստահություն, ինչպես պատվիրանի, այնպես էլ նրա Հիմնադրի նկատմամբ (իմա՝ Աստծո):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Օձը երկրի վրայ Աստծու ստեղծած բոլոր գազաններից աւելի խորամանկ 2էր: Օձն ասաց կնոջը. «Ինչո՞ւ Աստուած ասաց, թէ դրախտում գտնուող բոլոր ծառերի պտուղներից չէք կարող ուտել»:
(Արարատ թարգ․) Եվ օձն ավելի խորամանկ էր, քան դաշտի բոլոր գազանները, որ Տեր Աստված ստեղծել էր: Եվ օձն ասաց կնոջը. «Աստված իրո՞ք ասաց, թե պարտեզի ոչ մի ծառից չուտեք»:
(Գրաբար) Եւ օ՛ձն էր իմաստնագոյն քան զամենայն գազանս որ ի վերայ երկրի զոր արա՛ր Տէր Աստուած։ Եւ ասէ օձն ցկինն. Զի՞ է զի ասաց Աստուած թէ յամենայն ծառոց որ իցեն ի ներքս ի դրախտի այդր՝ մի՛ ուտիցէք։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: